Արցախում 2020թ. 44-օրյա ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի ընթացքում պատերազմական և մարդկության դեմ կատարված ծանր հանցագործություններ կատարած Ադրբեջանն ու իր հանցակից Թուրքիան, օգտվելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների անգործությունից, կազմակերպեցին և իրականացրին ևս մեկ լայնածավալ ռազմական ագրեսիա 2023թ. սեպտեմբերին, որն ունեցավ էթնիկ զտումների և ցեղասպանության ակնհայտ դրսևորումներ։ Դրա հետևանքով, ֆիզիկական ոչնչացումից խուսափելու նպատակով, Արցախի ողջ բնակչությունը հեռացավ հայրենի բնօրրանից։ Թեև քաղաքական շրջանակներում կան որոշ տրամադրություններ, որ Արցախի խնդիրն այլևս հեռանկար չունի, սակայն ակնհայտ է, որ աղետը կրկնվեց նաև այն պատճառով, որ մոտ 100 տարի առաջ տեղի ունեցած նման աղետից պատշաճ հետևություններ չարվեցին ու առկա խորքային խնդիրները չլուծվեցին։ Քանի որ Արցախի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող կտրուկ շրջադարձերը (1998թ. և 2018թ.) հետևանք են Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունների, հետևաբար անհրաժեշտ է պարզել, թե արդյոք կա՞ն նախադրյալներ կարգավորման գործընթացը բնականոն՝ ինքնորոշման հուն վերադարձնելու համար։ Այդ նպատակով հետազոտությունում իրականացվել է 8 գործոնների հիման վրա 2 ժամանակահատվածների՝ 90-ականների և 2018-2024թթ․, համեմատական վերլուծություն՝ նման շրջադարձի համար նախադրյալների ու հնարավորությունների առկայությունը պարզելու համար։ Բացահայտվել է, որ կան երկու հանգամանքներ, որոնք լրջորեն դժվարացնում են խնդրի լուծումը։ Առաջինը Արցախի բնակչության բացակայությունն է բնօրրանից, երկրորդը 2020թ. կապիտուլյացիան է՝ ի հակադրություն Արցախյան առաջին պատերազմում հաղթանակի։ Առաջին դժվարության հաղթահարման հիմք կարող է դառնալ այն հանգամանքը, որ միջազգային հանրության բոլոր կառույցները շարունակաբար կրկնում են էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկված Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի անվերապահ իրացման անհրաժեշտությունը։ Իհարկե, Արցախի ժողովրդին նոր աղետի չմղելու համար անհրաժեշտ է, որ ստեղծվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, մասնավորապես՝ ՄԱԿ խաղաղապահ ուժեր տեղակայվեն Արցախի սահմաններին։ Երկրորդ խնդրի լուծումը կարելի է ակնկալել այնպիսի քաղաքական ուժի ձևավորումից, որը կունենա հոգևոր-բարոյական արժեքային հիմք ու կդառնա ինստիտուցիոնալացված կառույց։ Սակայն Արցախ վերադարձի ու կարգավորման գործընթացի վերականգնման ամենակարևոր պայմանը Արցախի ղեկավարության դերակատարության արմատական վերանայումն է։ Արցախի ղեկավարությունը պետք է ստանձնի Արցախի ու արցախցիների ճակատագրի գլխավոր պատասխանատուի դերակատարությունը և այն չզիջի որևէ մեկին, այդ թվում և Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը։ Միջազգային իրավունքն ինքնորոշվող ժողովրդի քաղաքական կարգավիճակը որոշելու միակ իրավասուն է համարում ինքնորոշվող ժողովրդին։ Արցախի և Հայաստանի Հանրապետությունների աղետալի զարգացումները բեկելու և գործընթացները անշրջելի դարձնելու կարևոր պայման է նաև հայկական երկու պետություններում քաղաքական համակարգերի համակարգաստեղծ առաքելություն ունեցող կուսակցությունների ինստիտուցիոնալացումը։