ԱՄՆ նախագահ Ջ. Բայդենի ուղերձում «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում կարևոր շրջափուլ է, անկախ այն բանից, որ ոմանք դա համարում են պատժիչ քայլ տարբեր ոլորտներում առանց պաշտոնական Վաշինգտոնի համաձայնությունը ստանալու սեփական քաղաքականությունն առաջ մղող Թուրքիայի նկատմամբ։ Հայաստանի և հայության համար կա նաև խնդրի երրորդ կողմը, որն ունի ոչ պակաս կարևորություն, քան նշված երկուսը։ Բայդենն ուղերձում նշել է նման նոր աղետներ թույլ չտալու վճռականության մասին։ ԱՄն նախորդ նախագահը նման վճռականություն չդրսևորեց 2020 թվականին ադրբեջանաթուրքական լայնածավալ ագրեսիայի ընթացքում։ Հրադադարի հաստատումից 6 ամիս անց ցեղասպանության վտանգները արցախահայության նկատմամբ չեն վերացել, ինչի մասին վկայում են Թուրքիայի և Ադրբեջանի հռետորաբանությունն ու գործողությունները։ Արևելյան Թիմորի, Հարավային Սուդանի և Կոսովոյի դեպքերը վկայում են, որ նման վտանգը էապես նվազում է միայն հակամարտության տարածքի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա հիման վրա ձևավորված պետության միջազգային ճանաչումով։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ առկա են միանգամայն իրական նախադրյալներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման համար և անհրաժեշտ է միայն միջազգային հանրության վճռականությունն ու հավատարմությունը հանրահայտ սկզբունքներին ու արժեքներին։ Այդ խնդրի նկատմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի վերաբերմունքը ցույց կտա, թե 21-րդ դարում առավել ազդեցիկ պետությունների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքի հայտարարությունները՝ այլևս երբեք ցեղասպանություններ և մարդկության նկատմամբ կատարված այլ հանցագործություններ թույլ չտալու վերաբերյալ, իրական հիմք ունեն, թե դրանք պարզապես պահին պատշաճող ձևակերպումներ են, որոնք հերթական անգամ կզոհաբերվեն խելակորույս աշխարհաքաղաքական մրցակցության ժամանակ դրսևորվող անբարո էգոիստական շահերին։