Հայաստանի անկախությունից ի վեր հայկական համայնքն ԱՄՆ-ում մեծ ջանքեր է գործադրել նորանկախ մայր հայրենիքին աջակցելու հարցում։ Հիմնականում ԱՄՆ հայ համայնքի ջանքերով է անկախության առաջին իսկ տարիներից ԱՄՆ կառավարության կողմից հսկայական օգնություն տրամադրվել Հայաստանին, ինչի արդյունքում Հայաստանը դարձել էր մեկ շնչին բաժին ընկնող օգնության ծավալով առաջատար երկիր նախկին ԽՍՀՄ երկրների շարքում։ Հայաստանին աջակցության տրամադրմանն ուղղված աշխատանքները ԱՄՆ-ում հայկական համայնքի կողմից շարունակվում են մինչև օրս։ Այդուհանդերձ, ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպությունների և հայկական համայնքի ծավալած գործունեությունն ու ուղղությունները միշտ չէ, որ ամբողջապես համընկնում են Հայաստանի իշխանությունների առաջնահերթությունների և շահերի հետ։ Որոշ դեպքերում էլ երկու կողմերի շահերն ու առաջնահերթությունները ուղղակի հակասության մեջ են լինում։ Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի կառավարության և ԱՄՆ հայկական կազմակերպությունների համընկնող և հակասող առաջնահերթությունները՝ վերհանելով հակասությունների պատճառները: