Հոդվածում քննարկվում են էթնոքաղաքական հակամարտությունների, սեցեսիաների համեմատական վերլուծության մեթոդները և այդ գործընթացների վերլուծության արդյունավետության ապահովման խնդիրները: Դիտարկվում են համեմատական վերլուծության նպատակով կիրառվող տարբեր սկզբունքներ և մոդելներ, էթնոքաղաքական հակամարտությունների կոնկրետ օրինակներ, որոնք առաջացել կամ վերսկսվել են կոմունիստական միությունների՝ Խորհրդային Միության և Հարավսլավիայի փլուզումից հետո։ Սեցեսիաների ինչպես որակական, այնպես էլ քանակական վերլուծության մոդելների կիրառման արդյունքների քննարկումը վկայում է, որ էթնոքաղաքական հակամարտությունների և դրանց կարգավորման գործընթացների բարդությունը, ինչպես նաև դրանց բազմագործոնությունը պահանջում է հետազոտման համալիր և միջգիտակարգային մոտեցման կիրառում: Ընդ որում, այդ մոդելներում հեղինակները խուսափում են խնդրի իրավական բաղադրիչը դիտարկելուց երկու պատճառով՝ առաջին՝ քաղաքագետները հաճախ դժվարություններ են ունենում այլ՝ իրավական գիտական հարթությունում խնդրի ոչ քաղաքական ասպեկտները դիտարկելիս, երկրորդ՝ քաղաքական նպատակահարմարության պատճառով հաճախ առասպելականացվում է խնդիրը՝ հայտարարվում է, որ միջազգային ընտրություն կա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի միջև։ Դա լրջորեն նվազեցնում է միջազգային հարաբերությունների ամենաբարդ խնդիրներից մեկին առնչվող հետազոտությունների արդյունքների արժանահավատությունը։ Էթնոքաղաքական հակամարտությունների կարգավորման գործընթացներն ավելի են բարդացել հետխորհրդային տարածքում վերջին 10-15 տարիների ընթացքում աշխարհաքաղաքական դիմակայության սրման պատճառով, քանի որ ազդեցիկ պետություններն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում դրանք՝ որպես շատ զգայուն երևույթներ, այս կամ այն տարածաշրջանային գործընթացի զարգացումները խթանելու կամ խոչընդոտելու համար: Համեմատական վերլուծության արդյունավետության մեծացման նպատակով պահանջվում է խնդրի լուծման հայեցակարգային ֆորմալացում։ Հոդվածում առաջարկվում է էթնոքաղաքական հակամարտությունների և սեցեսիաների հաջողվածության համեմատական վերլուծության հայեցակարգ՝ միջգիտակարգային մոտեցման հիման վրա համալիր վերլուծության միջոցով՝ հաշվի առնելով խնդրի բոլոր առանցքային բաղադրիչները՝ իրավական, (աշխարհա)քաղաքական, էթնոմշակութային։ Վերլուծությունը բաղկացած է երկու փուլից՝ համեմատելի հակամարտությունների կամ սեցեսիաների ընտրությունը և համեմատման փոփոխականների ընտրությունը։ Վերլուծության արդյունքների հավաստիությունն ապահովելու նպատակով առաջարկվում է օգտագործել ոչ թե կամայական, այլ խիստ հիմնավորված փոփոխականներ, որոնց կազմն անհրաժեշտ և բավարար է տվյալ նպատակադրմանը հասնելու համար։