Նոր կորոնավիրուսային վարակի տարածումը աշխարհում ստիպել է փնտրել և ներդնել այլընտրանքային կառուցակարգեր` այնպես, որ հնարավոր լինի ապահովել մի կողմից՝ պետական մարմինների անխափան գործառնությունը, հանրային ծառայությունների մատուցումը, մյուս կողմից՝ կասեցնել հիվանդության տարածումը և ապահովել հանրային առողջությունն ու անվտանգությունը։ Հանրային ծառայությունների արդյունավետ մատուցումը չի կարող շրջանցել արդարադատության ոլորտը, քանի որ ժամանակակից իրավական պետությունների առանցքում մարդն է, նրա արժանապատվությունն ու իրավունքները։ Պետությունը պարտավոր է երաշխավորել մարդու հիմնական իրավունքների իրականացման պատշաճ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր։ Ուստի, հետազոտության մեջ ուսումնասիրվել են նոր կորոնավիրուսային վարակի հետևանքները կանխելու նպատակով արդարադատության ոլորտում տարբեր երկրներում ձեռնարկված միջոցառումները, այդ թվում՝ քրեական, քաղաքացիական իրավունքի և դատավարության, էլեկտրոնային արդարադատության ոլորտներում, ինչպես նաև քրեակատարողական իրավունքում: Համեմատականներ անցկացնելով Հայաստանում և այլ երկրներում իրականացվող՝ համավարակով պայմանավորված միջոցառումների միջև՝ ներկայացված են արդարադատության ոլորտում լրացուցիչ միջոցառումների առաջարկներ։