Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Փոքր պատմություն, մեծ արժեքներ: Հյուրընկալությունն ու կրթությունը` որպես լավատեսական կյանքի առաջին քայլ


05-11-2012

Վերջին մի քանի ամսվա ընթացքում Հայաստանը հյուրընկալում է Սիրիահայերի ընտանիքների, ովքեր հաստատվում են իրենց հայրենիքում: Այս պատմությունը վերաբերում է վերջերս Հայաստան տեղափոխված մի ընտանիքի:

Նոր միջավայրին հարմարվելուց օրեր անց երեխաների կրթությունը կարևորող ծնողներն զավակներին տարան կենտրոնի դպրոցներից մեկը` գրանցելու: Տնօրենը, իմանալով, որ երեխաները Սիրիայից են, առանց ավելորդ թղթաբանության կարգադրեց գործը և երեխաներին ուղեկցեց դասասենյակ:

Նորեկները համադասարանցիներին հիացրին հայերենի իրենց իմացությամբ: Շուտով նրանք արդեն բազմաթիվ ընկերներ ունեին, հասցրել էին միանալ նաև Հայաստանի ազգային սկաուտական շարժմանը և լիովին ինտեգրվել են նոր իրականությանը:

Պետությունը սիրիական ծրագրով դպրոց է բացել` հնարավորություն տալով սիրիահայերին ընտրելու կրթական հաստատությունը: Ընտանիքի մայրը, այնուամենայնիվ, հակված է հայկական դպրոցին. "Երեխաներս Հայաստանում են մեծանում ու պիտի սովորեն բոլորի նման": Սիրիա վերադառնալու մասին այլևս չեն էլ ուզում մտածել: Հայաստանում լավ է, ապահով ու հարազատ:

Պատահաբար ականջիս հասած այս պատմությունը կարևոր բան հուշեց. հայաստանցիների մեծամասնությունը բաց է, հյուրընկալ և հանդուրժող, պատրաստ ընդունելու իր հայրենակիցներին, պետությունն էլ հնարավոր ամեն ինչ անում է` նրանց կեցությունը դյուրին դարձնելու:

Վերջին ամիսներին Հայաստանում պարզեցվել են վիզայի ձեռքբերման, քաղաքացիության տրամադրման հարցերը, վարորդական իրավունքի ստացման կարգը: Պոլիկլինիկական, շտապօգնության ծառայություններն ամբողջությամբ անվճար են, նույնպես` մանկապարտեզները, միջնակարգ կրթությունը, մշակութային մի շարք օջախներ: Եվ, որ պակաս կարևոր չէ, Հայաստանում հաստատված սիրիահայերին նախարարությունները փորձում են աշխատանքի տեղավորել:

“Լույս” և “Հայաստանի մանուկներ” հիմնադրամները, “Այբ” ավագ դպրոցը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախաձեռնել են “Կերտում ենք ապագան” ֆորումը` համախմբելով տեղացի և վերջերս Հայաստանում հաստատված բոլոր հայ երիտասարդներին:

Սա հիշեցնում է բոլորիս, թե որքան կարևոր է կենտրոնանալ դրական օրինակների վրա` հստակեցնելով համատեղ տեսլականը, մշակելով զարգացման միասնական ռազմավարություն: Ստեղծված այս նոր իրավիճակում ուրվագծվող հնարավորությունները շատ մեծ են:

Օգտակար հասցեներ`
“Այբ” ավագ դպրոց
“Դեպի Հայք” հիմնադրամ
Երևանի քաղաքապետարան
Հայ բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ)
“Հայաստանի մանուկներ” հիմնադրամ
“Հայաստան” համահայկական հիմնադրամ
ՀՀ Առևտրաարդունաբերական պալատի Սիրիահայ գործարարների աջակցության կենտրոն
ՀՀ Սփյուռքի նախարարություն
ՅՈՒՆԻՍԵՖ
Սիրիահայերի աջակցության և օգնության ֆեյսբուքի էջ
“Վերադարձ Հայաստան” հիմնադրամ
«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբ

Երկշաբաթյա խմբագրական
Անահիտ Էվոյան
Խ: 001/11/12



Back to top