Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական ինքնությունը ճարտարապետների աչքերով


04-12-2012

Մերուժան Մինասյանը կենտրոնացավ համատեղ աշխատանքի հիմնական թեմայի` հայկական ինքնության վրա: Համաձայն պարոն Մինասյանի` հայերը պատմականորեն բաց են եղել աշխարհի հանդեպ` մշտապես ամուր կապ պահելով իրենց հայրենիքի հետ: 1915 թվականի ցեղասպանությունը միանգամից փոխեց իրավիճակը:

Խորհրդային շրջանում հայերը ոչ միայն սփռված էին աշխարհով մեկ, այլև մեկուսացած էին սեփական հայրենիքից: Դա երկրի ներսում ու երկրից դուրս գտնվող երկու կողմի համար էլ ցավալի էր:

Խորհրդային կարգերի փլուզումը և 1991 թվականի Հայաստանի Անկախությունը թույլ տվեցին հայերին վերամիավորվել: Շատ շուտով, սակայն, ակնհայտ դարձավ, որ հայերի երկու հատվածները շատ տարբեր են և անտեղյակ, թե որքան են ե°ւ Հայաստանում, ե°ւ Սփյուռքում ապրողները:

“21-րդ դարի տեխնոլոգիան թույլ է տալիս միավորված աշխարհ կառուցել: Մենք հնարավորություն ունենք միասին վերակառուցելու հայկական ինքնությունը: Կարծում ենք, որ հայկական ցանցի հիմնական բաղադրիչներն են լեզուն, կրոնը, մշակույթը, գործելակերպը”:



Սարհատ Պետրոսյանը ներկայացրեց հայկական ինքնության թեմայով մեկշաբաթյա համատեղ աշխատանքի մեթոդոլոգիան և ընթացքը:

Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի չորս դասախոսներ և երիտասարդ ճարտարապետներ ղեկավարում էին աշխատանքը: Նրանք համալսարանի մագիստրատուրայի ուսանողներին երկու խմբի բաժանեցին: Յուրաքանչյուր խումբ պետք է ընտրեր և աշխատեր հայկական ինքնության մի բաղադրիչի ուղղությամբ: Խմբերը նախ և առաջ ուսումնասիրեցին, թե ով են իրենք և ինչպես են կապված մյուսների հետ, ինչ հարաբերություններ ունեն այլ մարդկանց, միջավայրի, ժամանակի և հիշողության հետ:

Մեթոդոլոգիայի մեկ այլ շատ կարևոր կողմ էր զրույցի ընթացքում գրաֆիկների և դիագրամների պատկերումը: Դա նպատակ ուներ նվազեցնելու բանավոր հաղորդակցությունը և զարգացնելու տեսողական նյութերը:

“Մեր նպատակը ո°չ վերջնական և ճշգրիտ պատասխան տալն է, ո°չ նոր բան հայտնագործելը: Մեր համատեղ աշխատանքի հինգ կարճ օրերի ընթացքում մենք փորձեցինք ճարտարապետ ուսանողների պրիզմայով նոր լույս բերել և տեսողական պատասխան տալ այս շատ աբստրակտ հարցին”, - ասաց Սարհատ Պետրոսյանը:

Back to top