«ԼՈՒՅՍ» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի ջանքերի շնորհիվ այս օրերին Ամարասի վանական համալիրը վերականգնվում է, աշխատանքներն արդեն մեկնարկել են:
Հայ ժողովրդի համար կարևորագույն պատմամշակութային հուշարձաններից մեկն հանդիսացող Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբին, իսկ եկեղեցու արևելյան կողմում թաղված է Աղվանքում քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում 338-ին նահատակված Հայոց Կաթողիկոս, Սուրբ Գրիգորիսը` Սբ. Գրիգոր Լուսավորչի թոռը։
Նշանակալի է նաև վանական համալիրի դերը հայագիր դպրոցի, հայկական գրի ուսուցանման և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության հիմնադրման գործում` V դարի սկզբին Հայ Առաքելական եկեղեցու վարդապետ Սբ. Մեսրոպ Մաշտոցն հենց այստեղ է բացել Արցախի առաջին դպրոցը։