Նոյեմբերի 23-ին «ԼՈՒՅՍ» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի շրջանավարտների հրավերով տեղի է ունեցել Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Քյուսիկի «Ներքաղաքական անհանգստության գինը» թեմայով դասախոսությունը։
Միջոցառմանը հրավիրված էին «ԼՈՒՅՍ» նախկին կրթաթոշակառուներ, բարձր առաջադիմությամբ ուսանողներ տարբեր բուհերից և այլ հյուրեր։
Դասախոսությունից առաջ միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց «ԼՈՒՅՍ» հոգաբարձուների խորհրդի երկարամյա անդամ Վիգեն Սարգսյանը։
Միջոցառման հիմնական հատվածում հրավիրված դասախոս պրոֆեսոր Քյուսիկը ներկայացրել է հեղափոխական ու այլ ճգնաժամային իրավիճակների պայմաններում առանձին երկրներում օտարերկրյա ներդրումների պասիվության պատճառները։ Ըստ նրա, գոյություն ունի սերտ փոխկապվածություն օտարերկրյա ուղղակի ներդրումների և քաղաքական անկայունության միջև և այդ կապը բացասական է: Ամերիկացի պրոֆեսորի մոտեցմամբ օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազման միտումը պայմանավորված է նաև քաղաքական անկայունության էությամբ։
Դասախոսությունից հետո տեղի ունեցավ պանելային քննարկում, որին հրավիրված էին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Մասնակիցները հարցեր ուղղեցին պրոֆեսոր Քյուսիկին և հնարավորություն ստացան համադրելու տնտեսագետների տեսակետները միևնույն խնդիրների վերաբերյալ: