Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Լույս հիմնադրամի պատասխանը Առավոտ օրաթերթի հարցմանը


27-08-2019

       «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամին ուղղված նվիրաբերության շուրջ օրերս ստեղծված աղմուկի վերաբերյալ, ըստ որի՝ փորձ է արվում նվիրաբերության մեջ տեսնել կոռուպցիոն ռիսկեր, «Առավոտ» թերթը հարցում է ուղարկել «Լույս» հիմնադրամին` ճշտելու, թե ինչ նպատակի համար են տրվել այդ գումարները և ինչպես են դրանք ծախսվել: Հիմնադրամից մեր հարցմանը պատասխանել են. 

       «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի (նախկինում «Գեոթիմ» ՓԲԸ) կողմից «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամին 2013թ. փոխանցված նվիրաբերության միջոցներն ուղղվել են բացառապես հիմնադրամի կանոնադրությամբ ամրագրված նպատակների իրականացման աջակցության համար, այն է՝ ՀՀ –ում կրթական մակարդակի բարձրացմանը նպաստելը, մշակույթի և գիտության զարգացմանն աջակցելը: Տվյալ դեպքում` նվիրաբերության գումարը հիմնադրամի կողմից ամբողջությամբ օգտագործվել է աշխարհի առաջատար բուհերում  հայ երիտասարդների կրթության և կեցության ծախսերը հոգալու նպատակով: «Լույս»  հիմնադրամը ստեղծման օրվանից որդեգրել է թափանցիկ և հաշվետվողական գործելաոճ, որի ապացույցն են նաև աշխարհի չորս առաջատար միջազգային աուդիտորական կազմակերպությունների (Big Four) կողմից անցկացվող` Հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ տարեկան աուդիտները: Հիմնադրամի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը հրապարակվում է նաև օրենքով սահմանված կարգով»: 
       Հատկանշական է, որ հիշյալ նվիրաբերությանը կասկածանքով վերաբերողները արտառոց չեն համարում հանքարդյունաբերող ընկերությունների և այլ կազմակերպությունների կողմից նման հիմնադրամներին նվիրաբերությունները, նկատելով, որ դրանք աշխարհում ընդունված պրակտիկա են: Հիմնական շեշտադրումը նրանց կողմից արվում է միջոցների ծախսման արդյունավետության վրա: Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում այս հարցի վերաբերյալ նշել է, որ «Լիդիան» ընկերությունը, ինչպես ցանկացած կազմակերպություն, կարող է կատարել նվիրատվություններ։ «Բոլորդ գիտեք, թե «Լույս» հիմնադրամն ինչով է զբաղված՝ հանճարեղ երեխաների, ուսանողների՝ դեպի արտասահման գործուղումով և նրանց պատրաստումով։ Դուք ունե՞ք հիմքեր, ապացույցներ, որոնք կվկայեն այդ նվիրատվության՝ կոռուպցիոն երևույթի մասին, կարող եք ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին, և դա կքննարկվի»,- այս թեմայով հարցադրման կապակցությամբ ասել է պարոն Իվանյանը։

                         «Լույս» հիմնադրամ 


Back to top
Close