Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

«ԼՈՒՅՍ» մենթորներն ու մենթիները հանդիպեցին


01-07-2011

"Լույս" հիմնադրամի ուսանողները` մենթորները, և նրանց մենթիներն առաջին անգամ հանդիպեցին հունիսի 13-ին "Սեդա Ղազարյանի հիշատակի" հիմնադրամի շենքում:
Մասնակիցներին ողջունելուց և բեղուն աշխատանք մաղթելուց հետո "Լույս" հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը և Ծրագրերի ղեկավար Գայանե Ղումաշյանը ներկայացրին Մենթորության ծրագրի մանրամասները:
"Լույսի" կրթաթոշակառուները պետք է ամառվա ընթացքում իրենց ընտրությամբ որևէ հետաքրքիր մասնագիտական սեմինար վարեն հայաստանացի երիտասարդների համար: Այս դասընթացները "Լույսի" "Զարգացնենք Հայաստանը" ծրագրի մաս կկազմեն` հնարավորություն տալով “Լույսի” կրթաթոշակառուներին հայաստանցի երիտասարդներին փոխանցելու որևէ առարկայի հանդեպ սերն ու այն առավել արդյունավետ եղանակով դասավանդելու:
Այս տարի Մենթորության ծրագրին դիմել են հայաստանյան տարբեր բուհերի և ավագ դպրոցների 90 ուսանողներ ու աշակերտներ, որոնցից յուրաքանչյուրն աշխատելու է “Լույսի” մեկ ուսանողի հետ:
Նորեկները դիտեցին "Լույսի" փոքրիկ ֆիլմերից մեկը, որը պատմում էր 2010 թ-ի ամռանը "Զարգացնենք Հայաստանի" ծրագրի ընթացքում Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում "Լույսի" թիմի կատարած աշխատանքի մասին: Արդեն Հայաստան վերադարձած ուսանողները մանրամասնորեն նկարագրեցին Հայաստանի տարբեր համայնքներում ձեռք բերած իրենց փորձը, նախորդ տարվա ծրագրի հաջողությունները` ոգևորելով մենթիներին:

Հանդիպման ընթացքում բոլոր մասնակիցները բաժանվեցին վեց խմբի` ըստ հանդիպմանը ներկա "Լույսի" ուսանողների մասնագիտությունների` տեղեկատվական տեխնոլոգիաներ, ճշգրիտ գիտություններ, միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն, կրթություն և կենսագիտություն (life science):
"Լույսականները" մենթիներին ներկայացրին իրենց մասնագիտական առանձնահատկությունները, փորձի փոխանակում իրականացրին և պատասխանեցին երիտասարդներին հուզող բազմաբնույթ հարցերի` խիստ մասնագիտականից մինչև համալսարանական ներքին կյանք, ընդունելության դժվարությունների հաղթահարում և այլն:
Երևանի պետական համալսարանի ուսանողուհի, "Լույսի" այս տարվա մենթի Լուսինե Սարգսյանը կարծում է, որ իրենց ավագ գործընկերների և հիմնադրամի աշխատանքների հետ ծանոթությունը շատ կարևոր էր. "Կարծում եմ` մինչև "Զարգացնենք Հայաստանը" ծրագրին մեկնելը մի քանի անգամ պետք է հանդիպենք` առավելագույնս պատրաստվելու համայնքներում տարվող աշխատանքներին":
"Լույսի" կրթաթոշակառուներն էլ ծանոթացան Հայաստանը զարգացնելու գործում իրենց կրտսեր գործընկերների նպատակներին և մոտեցումներին:
"Լույսի" կրթաթոշակառու Անի Ներսիսյանն առաջին հանդիպումից շատ լավ տպավորություններ է ստացել. "Բոլոր մենթիները բավականին լուրջ են տրամադրված, իրենց առջև հստակ նպատակներ են դրել և շատ լավ պատկերացնում են դրանց կյանքի կոչման եղանակները: Աշխարհի լավագույն բուհերում կրթություն ստանալու և գիտելիքները Հայաստանում ներդնելու հեռանկարը նրանց այլևս անհնարին չի թվում":

Back to top