Պրակտիկայի ծրագրի մասին՝ պրակտիկանտների խոսքերով
Ամեն նոր աշխատավայր անհատի համար մի նոր «ընտանիք» է, որտեղ նա սովորում, դրսևորվում, կոփվում և զարգանում է: «Լույսն» այն ընտանիքներից է, որում պրակտիկանտները ոչ միայն կարող են հաղորդակից լինել նորօրինակ աշխատելաոճին, ծանոթանալ գրասենյակային վարվեցողության կանոններին և նամակագրական հմտություններին, այլև կարող են ձևավորել յուրատիպ մտածելակերպ՝ «Լույսի»՝ արդեն իսկ հարուստ փորձ ունեցող անդամների հետ հետաքրքիր քննարկումների մասնակցելով:
2017 թվականի հունվար-մայիս ամիսներին «Լույսը» հյուրընկալեց պրակտիկայի ծրագըի հերթական խմբին, որը կազմված էր Հայաստանի տարբեր անկյուններից հավաքված երիտասարդներից: Նոր պրակտիկանտներին տրվեց տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն ՝ հիմնադրամի տեղեկատվական կենտրոնում աշխատելով և արդի աշխատամիջավայրի համար անհրաժեշտ գիտելիք ու հմտություններ ձեռք բերելով: Ինչպես յուրաքանչյուր աշխատանքի մեկնարկի դեպքում, այնպես էլ «Լույս» ոտք դնելիս մենք լցված էինք սպասելիքներով, հետաքրքրությամբ և աշխատելու եռանդով: Բոլոր սպասելիքները տարբերվում էին իրենց ձևակերպմամբ, բայց դրանց հիմքում ընկած էր մեկ հասկացություն՝ բացահայտել ինքներս մեզ և կայանալ իրական աշխատանքային հարթակում: Հիմնադրամի անվանումն անգամ ի սկզբանե ոգեշնչում էր, որ մեր սպասելիքները «կլուսավորվեն» և կընդլայնվեն, ինչն էլ հենց իրականացավ:
Այս չորս ամիսների ընթացքում մենք ձևավորվեցինք որպես անհատ, բացահայտեցինք մեր նպատակներին հասնելու իրական ուղիներ, որն էլ իր հերթին մեզ հնարավորություն ընձեռեց տեսնելու և չափելու մեր իրական հնարավորությունները: Պատահական չէ, որ երբ մենք՝ պրակտիկանտներս, մեկ բառով փորձում էինք նկարագրել «Լույսը», հնչում էին նմանօրինակ պատասխաններ՝ միասնություն, փորձ, մոտիվացիա, դրական պրոֆեսիոնալիզմ և այլն: «Լույսն» ապահովում էր դինամիկ, բազմաբովանդակ աշխատանքային միջավայր, հնարավորություն տալիս համագործակցելու «Լույսի» թիմի անդամների հետ, սովորելու միմյանցից և ձեռք բերելու նորարար իրականության մեջ արժանի տեղ զբաղեցնելու համար անհրաժեշտ բազմաթիվ հմտություններ: Կարելի է ասել, որ «Լույսն» ապահովեց մեր անցումը նոր գիտելիքներ սովորելու փուլից գործելու և համաստեղծելու փուլերին:
Պրակտիկայի ընթացքում մենք անցկացնում էինք նաև անհատական զանգացմանը նպաստող գրքի շուրջ քննարկումներ, որոնք տեղի էին ունենում յուրօրինակ ձևաչափով. ընթերցողներից յուրաքանչյուրն առանձնացնում էր իր համար երեք լավագույն մտքերը և մանրամասն քննարկում դրանք մյուս գործընկերների հետ՝ լսելով նրանց կարծիքը և իր համար նոր բացահայտումներ անելով: Ի հավելումն այս ամենի՝ մենք անհատական զարգացմանն ուղղված զրույցներ էինք ունենում հիմնադրամի անդամների հետ, խաղում էինք հետաքրքիր խաղեր և ձևավորում թիմային հոգի: «Լույսի» թիմի անդամները խրախուսում էին մեզ մտածել հավաքական մտուժի կարևորության մասին, որը մարդկանց թույլ է տալիս համատեղել ջանքերը` հանուն ընդհանուր նպատակի:
Քառամսյա պրակտիկայի ավարտին ամփոփեցինք կատարված աշխատանքի արդյունքներն ու դիմավորեցինք պրակտիկանտների նոր խմբին: Որպես արդեն իսկ փորձված պրակտիկանտներ՝ մեր մտքերն ու առաջարկներն ուղղեցինք մեր հաջորդներին՝ ոգեշնչելով նրանց լինել «Լույսի» անքակտելի մասնիկը և քաղել առավելագույնը պրակտիկայից չորս ամիսների ընթացքում: Այնուհետև «ավարտող» պրակտիկանտներից մի քանիսը խոսեցին «Լույսում» պրակտիկա անցնելու ընթացքում իրենց ունեցած դժվարությունների և, իհարկե, հաջողությունների մասին, ինչպես նաև ոգևորեցին և արժեքավոր խորհուրդներ տվեցին նոր ուսանողներին:
«Լույսի» պրակտիկանտներ Բելլա Սարգսյան և Ստելլա Ստեփանյան