Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամի «Կարիերայի օր»


07-11-2014

Նոր հարթակների միջոցով Հայաստանի գիտելիքահենք տնտեսության խթանում

Գիտելիքահենք տնտեսության մեջ գիտելիքն օգտագործվում է` որպես զարգացման շարժիչ ուժ` բարեկեցիկ միջավայր ստեղծելու և արդյունաբերության տարբեր ոլորտներում զբաղվածության մակարդակը բարձրացնելու: Գիտելիքահենք տնտեսության առաջընթացի համար մենք ավելի մեծ թվով ձեռներեցների և զարգացման ավելի ստեղծարար ձևերի կարիք ունենք: Ծաղկուն ապագա ապահովելու համար մենք պետք է զարգացնենք մեր հմտությունները, համակցենք գիտելիքի հետ և ամրացնենք դրանք համաստեղծման միջոցով:

«Լույս» հիմնադրամն իր առջև նպատակ էր դրել հենց դա իրագործելու: Հայաստանի գիտելիքահենք տնտեսության զարգացման գործում կիրառելով եզակի բանաձև` Սովորել, Գործել, Համաստեղծել` «Լույսն» իրական կյանքի մարտահրավերներին լուծումներ է առաջարկում: Սա նշանակում է նոր հարթակներ ստեղծել ու փորձի փոխանակմանը նպաստող միջավայր:

 

Զբաղվածության և ձեռներեցության ոլորտներում Հայաստանի հնարավորությունների ընդլայնում

«Լույս» հիմնադրամի «Կարիերայի օր» առաջին ամենամյա միջոցառումը մեկ հարկի տակ հավաքեց կարիերայի հնարավորություն փնտրող հարյուրավոր մասնագետների, ընկերությունների և սկսնակ ձեռնարկությունների` ձեռնարկատիրական էկոհամակարգին աջակցելու համար:

Միջոցառումը տեղի ունեցավ 2014 թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ԿԲ «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնում»: 450 դիմորդներից ընտրված մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու 32 փոքր, միջին և մեծ ընկերությունների, ինչպես նաև 7 սկսնակ ձեռնարկությունների ներկայացուցիչների:

«Լույս» հիմնադրամը կարևոր քայլ կատարեց Հայաստանի հավասարակշիռ ու համատարած զարգացումը խթանելու ուղղությամբ` «Կարիերայի օրը» կազմակերպելով մայրաքաղաքից դուրս և մասնակցելու հրավիրելով երկրի տարբեր մարզերում գործող ընկերությունների ներկայացուցիչների ու մասնագետների: Այս միջոցառման անցկացման համար «Լույսի» թիմն ընտրեց Դիլիջանը, որը բուռն կերպով զարգացող քաղաք է և գիտելիքահենք տնտեսությունը զարգացնելու գործում մեծ ներդրում ունի:

 

Եզակի օր Դիլիջանում

Բացման խոսքով հանդես եկան «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը և ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Տիկին Կարաասլանյանը ողջունեց մասնակցող ընկերություններին և հեռանկարային մասնագետներին, խոսեց այն մասին, որ «Լույսի» «Կարիերայի օրը» հիմնադրամի` Հայաստանը զարգացնելու առաքելության մի մասն է: Տիկին Կարաասլանյանը խրախուսեց մասնակիցներին. «Մենք պետք է նոր հարթակներ ստեղծենք ու նոր մտաձևեր: Այսօր մեր նպատակն է որակավորված մասնագետների և մեծ ընկերությունների արդյունավետ շփումը կազմակերպել»:

Պարոն Երիցյանը տեղեկատվական ու ոգևորիչ խոսքով հանդես եկավ. ներկայացրեց Հայաստանի առաջընթացի գործում տնտեսական զարգացման կարևորությունը, ինչպես նաև երկրի տնտեսության վերաբերյալ մանրամասն ակնարկ: Պարոն Երիցյանը խոսեց նաև այն մասին, թե ինչի կարիք ունի տնտեսությունն էքսպոնենտալ աճ ապահովելու համար` գործնական օրինակներ բերելով: Նա բոլոր ներկաներին կոչ արեց փոփոխության առաջամարտիկի դերն ստանձնել և ամեն օր ձգտել գերազանցության, որն աճը խթանող կարևոր գործոն է:

Ելույթներից հետո մասնակիցները հրավիրվեցին հիմնական սրահ` տաղավարների շուրջ հանդիպելու տարբեր ընկերությունների ներկայացուցիչների: Միջոցառմանը մասնակցում էին նաև «Լույսի» շրջանավարտներ, ովքեր արտերկրում լավագույն ուսումն ստանալու հնարավորություն են ունեցել հիմնադրամի աջակցության շնորհիվ: «Լույսի» շրջանավարտները ներկայացել էին թե՛ որպես կարիերայի հնարավորություն փնտրող մասնագետներ, թե՛ ընկերությունների ներկայացուցիչներ ու սկսնակ ձեռնարկությունների հիմնադիրներ:

«Լույսի» «Կարիերայի օրը» տարբերվում էր նմանատիպ մյուս միջոցառումներից իր հիմնական մոտեցմամբ. մասնակիցները կարող էին ոչ միայն ոչ պաշտոնական քննարկումներ ու շփում ունենալ ընկերությունների ներկայացուցիչների հետ, այլև հետևել ընկերությունների և սկսնակ ձեռնարկությունների վերաբերյալ ներկայացումներին` նրանց գործունեության վերաբերյալ ավելին իմանալու և Հայաստանում ու աշխարհում ձևավորվող նոր ուղղություններով ոգեշնչվելու համար:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ «Կարաս» ընկերության նախագծերի ղեկավար, «Սեմինա Քընսալթինգ»-ի հիմնադիր Վահե Քուեշգուերյանը: Նա իր սեփական պատմության միջոցով նկարագրեց` ինչպես կարելի է Հայաստանում նոր ոլորտ զարգացնել: Դեռևս հինգ տարի առաջ հայկական գինին ներկայացված չէր միջազգային հարթակում: Այսօր գինին ոչ միայն արտահանվում է, այլև մեծ ճանաչում գտնում աշխարհում իր բարձր որակի համար: Պարոն Քուեշգուերյանը խոսեց նաև բացասական կարծրատիպերը կոտրելու կարևորության մասին. դրանք խոչընդոտում են մեր աճն ու գերազանցություն ոգեշնչելու կարողությունը: Փակման խոսքից հետո բոլոր մասնակիցները հրավիրվեցին գինու համտեսի` «հաջողության համը», որի ընթացքում բոլորը շարունակեցին ակտիվորեն շփվել:

 

Հայաստանի գիտելիքահենք տնտեսությունը խթանող կարևոր հիմնաքար

«Լույս» հիմնադրամի նախագծած այս եզակի հարթակի միջոցով պոտենցիալ գործատուները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց ընկերությունն ու թափուր աշխատատեղերը, հանդիպելու բազմաթիվ դիմորդների և իրենց պահանջներին համապատասխանող թեկնածուների գտնելու, իսկ պոտենցիալ աշխատակիցները հանդիպեցին հայաստանյան աշխատաշուկայի առաջնակարգ ընկերություններին և հնարավորություն ունեցան կատարելու իրազեկ ընտրություն:

Միջոցառման ավարտին շատ գործատուներ ստացած CV-ներից արդեն կազմել էին թեկնածուների ցանկ, իսկ մի քանի հոգու տեղում աշխատանքի առաջարկ արվեց:

Ինչևէ, մեր աշխատանքն ավարտված չէ: Առաջիկա ամիսներին մենք մեր աջակցությունը կառաջարկենք միջոցառմանը մասնակցած մասնագետներին, ինչպես նաև կապ կպահպանենք ընկերությունների հետ` նրանց գործունեությունը և մասնագիտական պահանջներն ավելի լավ հասկանալու համար:

Մենք արդեն պատրաստվում ենք 2015-ին կայանալիք «Կարիերայի օրվան» ու խնդրում ենք հետևել նորություններին:

----

Ցանկանում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել ընկերություններին, սկսնակ ձեռնարկություններին և մասնակիցներին մեր առաքելությանը հավատալու և «Կարիերայի օրվան» մասնակցելու համար: Շնորհակալություն ենք հայտնում նաև ՀՀ կենտրոնական բանկին` միջոցառման անցկացման համար «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնի» տարածքը տրամադրելու և բոլոր ոլորտներում գերազանցությանն աջակցելու համար:
Մենք հավատում ենք լուսավոր ապագային, որին կարող ենք հասնել համատեղ աշխատանքի և փոխօգնության միջոցով:

Back to top