Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Սոցիալական և մշակութային մարդաբանություն

Մագիստրատուրա

Շանտալ Թերզիյան

Ծնվել եւ մեծացել եմ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում: Հայկական ինքնությունս ասես անկենդան էր` դասարանի պատերին փակցրած հայաստանյան բնապատկերներով պաստառներով սահմանափակված: Ինքնությունս էլ ասես շրջանակված լիներ: Հայկական արմատներիս հանդեպ հետաքրքրությունս արթնացավ, երբ մի օր նկատեցի` ինչպես է հայրս, մեծ մորս կողքին` բազմոցին նստած, սեւ-սպիտակ հին լուսանկարներ նայում` կարոտած ու լուռ: Հայրս, ով թուրքահայ լրագրող էր, ստիպված էր եղել 1975-ին լքել Թուրքիան, քանի որ հակակառավարական նյութեր էր գրում: Այնուհետ մեծ մայրս սկսեց կիսահայերեն-կիսաթուրքերեն պատմել Արեւմտյան Հայաստանից իրենց աքսորի, ցեղասպանության եւ Օսմանյան կայսրության կործանարար ճնշումների մասին:

Ես խորապես ազդված էի եւ նույնքան էլ ոգեշնչված սերնդեսերունդ անցած այդ ցավի գիտակցումից, խաղաղ հուսահատության տեսարաններից, որ հաղթահարել էին ընտանիքիս անդամները, ովքեր ներհյուսված են իրենց պատմություններին: Նախնիներիս պատմությունն իմ մեջ գիտական հետաքրքրություն առաջացրեց նրանց տեղահանման միջսերնդային ազդեցությունների եւ մշակութային նստվածքի ուսումնասիրության հանդեպ, ու ես որոշեցի սովորել Օքսֆորդի հասարակական մարդաբանության ֆակուլտետի մագիստրատուրայում:

2010 թվականին ընդունվեցի Կալիֆորնիայի Բերկլի համալսարանը, որտեղ ուսումնասիրեցի մարդկային ոգու ճնշունակությունը, եւ թե ինչպես են վանված պատկերաձեւերը խորհրդանիշների տեսքով վերադառնում մշակութային հիշողության դաշտ եւ դյուրին դարձնում Հայոց ցեղասպանության հիշատակումն Ամերիկայում: Բակալավրի աստիճան ստացա երկու ոլորտներում` «Գենդերային եւ կանանց խնդիրների հետազոտություններ» եւ պատմություն: Այս ընթացքում թարգմանեցի նաեւ արեւմտահայերեն տեքստեր եւ թեզ-վերլուծություն գրեցի հայ-օսմանյան տպագիր աղբյուրներում սեռական հավասարության, ազգայնամոլության եւ սուբյեկտիվիզմի վերաբերյալ: Բակալավրիատն ավարտեցի երկակի գերազանցությամբ:

Այնուհետ` 2011-ին, ընդունվեցի Հայաստանի ամերիկյան համալսարանի միջազգային քաղաքագիտության բաժին: Այնտեղ Հայաստանի նախագահի քարտուղարության վերահսկողությամբ պրակտիկա անցնելով` վերլուծական աշխատանք մշակեցի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հարաբերությունների վերաբերյալ: 2012 թվականին ընդունվեցի Ստամբուլի Բողազիչի համալսարան, որտեղ մարդաբանություն եմ ուսումնասիրում եւ հայ-թուրքական հարաբերություններ:


Այստեղ սովորում են
Լիլիթ Սարիբեկյան

Բարձրագույն կրթություն

Լուսինե Շահմուրադյան

Բիզնեսի կառավարում

Հայկ Մամաջանյան

Իրավագիտություն

Back to top
Close