Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հանրային Քաղաքականություն

Մագիստրատուրա

Մարինե Արամյան

Ես ծնվել եմ 1981 թվականին Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Շարունակելով մեր ընտանիքի ավանդույթը` ընդունվել եմ Պուշկինի անվան N 8 միջնակարգ դպրոցը: Այնուհետ, հասնելով 8-րդ դասարան` տեղափոխվել եմ Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոց, որպեսզի ստանամ ավելի մասնագիտացված երաժշտական կրթություն:

1998 թվականին ընդունվել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որը գերազանցությամբ ավարտել եմ 2003 թվականին: Այնտեղ ուսանելու ընթացքում արժանացել եմ Հայկական Ընդհանուր Բարեգործական Միության “Տարվա ուսանող” մրցանակին, ստացել եմ ամբողջական կրթաթոշակ Ավստրիայում մաստեր-կլասին մասնակցելու համար, ինչպես նաև դարձել եմ Ավստրիայում տեղի ունեցած Ալեգրո-Վիվո կամերային երաժշտության միջազգային փառատոնի դափնեկիր: Ուսանողական տարիներին տպագրվել եմ նաև տեղական մամուլում` հանդես գալով մշակութային և սոցիալական հարցերին առնչվող հոդվածներով: Ուսումս ավարտելուն պես` աշխատել եմ հանրային և մասնավոր ոլորտներում, այդ թվում Արմինֆո լրատվական գործակալությունում` որպես լրագրող: 2005 թվականին ընդունվել եմ որպես ծրագրի օգնական ԴՎՎ-ինտերնեյշնլ գերմանական կազմակերպությունը, որն ամբողջ աշխարհում ծրագրեր է իրականացնում մեծահասակների կրթության ոլորտում: Այնտեղ իմ աշխատանքիս ոգևորիչ կողմերից էր տեսնելը, թե ինչպես բնակչության խոցելի խմբերի ներկայացուցիչները ձեռք են բերում նոր գիտելիք ու հմտություններ` այդպիսով բարելավելով կյանքն իրենց համայնքներում:

2007 թվականին ես շարունակեցի կրթությունս Հայաստանի ամերիկյան համալսարանում և ավարտեցի այն 2009 թվականին` ստանալով Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան: Դա հետաքրքիր փորձ էր` լի ակադեմիական մարտահրավերների հաղթահարմամբ և նոր գաղափարների բացահայտմամբ: Ես ընգրկվեցի դեկանի ցուցակի մեջ և գերազանց առաջադիմության համար արժանացա կրթաթոշակի: Այնուհետ, աշխատել եմ տարբեր հասարակական հետազոտական ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև HSBC բանկում:

2012 թվականին սկսեցի աշխատանքս ՀՀ-ում ԵՄ Խորհրդատվական խմբում, որը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող ծրագիր էր: Այն ինձ հնարավորություն ընձեռեց մասնակցելու Հայաստանի համար կարևոր քաղաքական փաստաթղթի` Ասոցացման համաձայնագրի մշակմանը, որի մասն է Խորը և Համապարփակ Առևտրի Համաձայնագիրը /ԽՀԱՀ/: Լինելով ԽՀԱՀ թիմի անդամ` աշխատել եմ կառավարության մի շարք կառույցների և տարբեր քաղաքական ոլորտներում միջազգային փորձագետների հետ: Այս փորձի շնորհիվ ես ծանոթացա քաղաքականությունը ձևավորելու և իրականացնելու գործընթացին բնորոշ մարտահրավերներին: Ունենալով որոշակի հարցեր և մտահղացումներ` ինձ համար հասկանալի դարձավ, որ առավել նշանակալի ներդրում ունենալու համար ինձ անհրաժեշտ է ձեռք բերել ավելի խորը գիտելիք և զարգացնել որոշակի կիրառական հմտություններ:

2016 թվականին ես դիմեցի և ընդունվեցի Օքսֆորդի համալսարան` ուսանելու Հանրային քաղաքականության մագիստրոս ծրագրում:


Այստեղ սովորում են
Անի Մովսիսյան

Հասարակական միջամտություն

Լիլիթ Դարբինյան

Համակարգի նախագծում և կառավարում

Գայանե Փանոսյան

Հասարակական միջամտություն

Back to top
Close