Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Բիզնեսի գործարար կառավարում

Մագիստրատուրա

Արևշատ Մելիքսեթյան

Ես Արևշատ Մելիքսեթյանն եմ, ծնվել եմ 1983 թ. Թալինում (Հայաստան, Արագածոտնի մարզ): Որոշ ժամանակ անց իմ ընտանիքի հետ տեղափոխվել ենք մայրաքաղաք Երևան, որտեղ 1990 թ. սկսել եմ իմ ուսումը թիվ 191 միջնակարգ դպրոցում: 1997 թ. տեղափոխվեցինք Ակտյուբինսկ՝ Ղազախստան, որտեղ շարունակեցի ուսումս մինչև 1998 թ., որից անմիջապես հետո նորից վերադարձանք Երևան:

Հայրս և մայրս աշխատում էին որպես ինժեներ և նրանք էին այն մարդիկ, ովքեր փոխանցել են ինձ սովորելու ու կրթության կարևորության գիտակցումը:

1999 թ. ընդունվեցի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ապահովագրական գործ բաժին։ Հաջորդող հինգ տարիներն անցկացրի իմ հարազատ բուհում` ձեռք բերելով հիմնարար գիտելիքներ տնտեսագիտության, կառավարման և ապահովագրության ոլորտում, որը նոր-նոր սկսում էր իր զարգացումը Հայաստանում: 2007 թ. ստացա տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում՝ պաշտապնելով ատենախոսությունս «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) ներդրումը Հայաստանում» թեմայով: Քանի որ ԱՊՊԱ-ի մասին օրենքը Հայաստանում ընդունվել է միայն 2010 թ., ես այս ոլորտի փոքրաքանակ փորձագետներից մեկն էի և ունեի հրաշալի հնարավորություն գործնականում կիրառելու իմ հմտություններն ու գիտելիքները:

Ուսման հետ միաժամանակ որոշեցի սկսել մասնագիտական կարիերաս ինձ հոգեհարազատ ոլորտում: 2001թ. դարձա «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ի գործակալ՝ վաճառելով հատկապես գույքի և բեռների ապահովագրության պրոդուկտներ:

Այնուհետև իմ կյանքը կապեցի ապահովագրության և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի հետ: 5 տարի շարունակ՝ սկսած 2002 թ.-ից մինչև 2007 թ., ղեկավարում էի գույքի և բեռների ապահովագրության վաճառքի բաժինը՝ պատասխանատու լինելով պրոդուկտների մշակման, առաջխաղացման, նոր սակագների սահմանման համար և փորձարկելով ղեկավարի՝ իմ հմտությունները: 2007 թ.-ից առ այսօր հանդիսանում եմ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի առաջին տեղակալը՝ պատասխանատու լինելով հատկապես վաճառքների և գույքային հատուցումների գծով:

Եկավ այն պահը, երբ հասկացա, որ կարիք ունեմ շարունակելու ուսումս հատկապես բիզնեսի կառավարման ոլորտում: 2009 թ. ընդունվեցի Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման մագիստրատուրա, որը հաջողությամբ ավարտեցի 2011 թ.:

Սովորել, կարդալու և նոր բաներ իմանալու իմ ձգտումը երբեք ինձ հանգիստ չի թողել, ինչի շնորհիվ մասնակցել եմ բազմաթիվ մասնագիտական դասընթացների և վերապատրաստումների Լոնդոնում, Փարիզում, Մյունխենում, Մոսկվայում և այլուր:

Միևնույն ժամանակ վերջին 7 տարիներին ես ղեկավարում եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ավարտական քննական հանձնաժողովը:

Ես հպարտանում եմ նաև իմ ընտանիքով. իմ հրաշալի տիկնոջով և երկու տղաներով, որոնց հետ սիրում եմ ժամանակ անցկացնել, հեծանիվ քշել և պատմել հետաքրքիր պատմություններ համեղ ընտանեկան ընթրիքից հետո:

Ի՞նչ է սպասվում ապագայում. նոր մարտահրավերներ, նոր գիտելիքներ, նոր մարդիկ, նոր ձեռքբերումներ…


Այստեղ սովորում են
Տիգրան Մանուկյան

Տնտեսագիտություն

Գայանե Վիրաբյան

Իրավագիտություն

Back to top
Close