Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Մաթեմատիկա և ֆիզիկա

Մագիստրատուրա

Ներսես Արամյան
Ծնուել եմ Երեւանում, 1989 թուականին, քահանայի ընտանիքում։ Իմ հակումը դէպի մաթեմատիկան ի յայտ է եկել դպրոցական սկզբնական տարիներին։ Գիտելիքներիս զարգացման նպատակով սկսել էի մասնակցել մասնաւոր պարապմունքների իմ ուսուցիչ Լիւդմիլա Արշամովնայի մօտ։ Գիտելիքների հարուստ պաշար ստանալուն զուգահեռ, նաեւ խորապես գնահատեցի մաթեմատիկայում առկայ գեղեցկութիւնն ու էսթետիկան։ Այս գնահատանքն էր հիմնական պատճառներից մէկը, որ ինձ յետագայում դրդեց ընտրելու մաթեմատիկան` որպէս իմ կեանքի ուղի։

Տասներկու տարեկանում ընդունուեցի Երեւանի Շահինեանի անուան Ֆիզիկամաթեմատիկական դպրոց։ Այստեղ էլ կայացաւ իմ առաջին հանդիպումը ֆիզիկա առարկայի հետ։ Իմ աշխատանքի շնորհիւ, ինչպէս նաեւ օգտուելով Գագիկ Գրիգորեանի օգնութիւնից եւ ուղղորդութիւնից, կարողացայ զարգացնել խորը հետաքրքրութիւն ֆիզիկայի նկատմամբ։ Ֆիզիկան այն աստիճան դուր եկաւ ինձ, որ տեւապէս ինձ հարց էի տալիս, թէ ինչ կընտրեմ յետագայում` որպէս իմ մասնագիտութիւն։ Դպրոցում ինձ այդպէս էլ չյաջողուեց լուծել այս ներքին երկբայութիւնը։

Դասերին զուգահեռ մասնակցում էի մաթեմատիկայի եւ ֆիզիկայի բազմաթիւ մրցոյթների։ Եղել եմ ֆիզիկայի եւ մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադաների յաղթող, ինչպէս նաեւ վաստակել եմ բրոնզէ մեդալներ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաներում։ Դպրոցն աւարտելուց մէկ ու կէս տարի առաջ տեղափոխուեցի “Բիւրակն” կրթական կենտրոն: Այստեղ սովորելու ընթացքում իմ բոլոր ուժերը կենտրոնացրի ամերիկեան համալսարաններ դիմելու ուղղութեամբ։ Ի վերջոյ, Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտ (MIT) ընդունուելս յաջողութեամբ պսակեց իմ այս աշխատանքը։

Չեմ գերագնահատի, եթէ ասեմ, թէ MIT ընդունուելը բեկման կէտ էր իմ կեանքում։ Արդէն չորրորդ տարին է, ինչ սովորում եմ այստեղ, եւ այս տարի նախատեսում եմ մաթեմատիկայի ու ֆիզիկայի բակալաւրի աստիճան ստանալ։ Ուսուցման որակը MIT-ում արտակարգ է եւ բազմազան։ Ես մասնակցել եմ բազում դասընթացների եւ մի քանի հետազօտական աշխատանքների։ Բացի իմ հիմնական առարկաներից, իմ շփումների, կարդալու եւ դասերին մասնակցելու միջոցով այլ առարկաներից եւս (էլեկտրոնիկա, ինֆորմատիկա, երաժշտութիւն) գիտելիքներ ձեռք բերեցի:

Սակայն ինձ համար MIT-ն աւելին է, քան սոսկ մի վայր, ուր մարդ բացայայտում է իր ուսանողական հետաքրքրութիւնները։ Ինձ համար MIT-ն կեանքի փորձառութիւն է: Իմ այս կարճ կենսագրական երկտողում չեմ կարող ամբողջապէս ներկայացնել, թէ այդ փորձառութիւնն ինչ է, սակայն կարող եմ ամենայն վստահութեամբ ասել, որ այստեղ եկայ որպէս մի անձնաւորութիւն եւ դուրս եմ գալիս որպէս ամենեւին այլ մարդ։ MIT-ում ես սովորեցի գնահատել իմ կարողութիւնները եւ կենտրոնացնել դրանք կազմակերպուած կերպով, որպէսզի կարողանամ յաղթահարել դժուարութիւններ։ Սովորեցի համբերատար կերպով բաժանել բարդ խնդիրները աւելի պարզերի եւ, հետզհետէ այդ պարզ խնդիրները լուծելով, ի վերջոյ յանգել սկզբնական բարդ խնդրի լուծմանը։ Այս փորձառութիւնից ծնուեց մէկ այլ կարեւոր բան` վստահութիւն իմ ուժերի նկատմամբ։ MIT-ն ինձ ուսուցանեց, որ եթէ բաւականաչափ աշխատանք թափուի ցանկացած ուղղութեամբ, անկախ ամեն ինչից, դրական արդիւնքն ապահովուած է։ Այս բանի գիտակցումը իրօք արժէքաւոր է ինձ համար, որովհետեւ այն ոչ թէ կրկնութիւն է հանրայայտ ճշմարտութեան, այլ մի տեսակ բիւրեղացումն է իմ անցած ճանապարհի:

MIT-ում ես վերջապէս լուծեցի իմ դպրոցական երկաբայութիւնը` որոշելով դառնալ մաթեմատիկոս։ Այժմ դիմում եմ համալսարաններ` մաթեմատիկայի ուղղութեամբ շարունակելու ուսումս՝ ի վերջոյ ակնկալելով գիտութիւնների դոկտորի կոչում ստանալ։ Իմ աւելի նեղ հետաքրքութիւնները հանրահաշուային տոպոլոգիայի ոլորտում են, սակայն կան մաթեմատիկայի այլ ճիւղեր, որոնք ցանկանում եմ ուսումնասիրել ասպիրանտական տարիներիս։ Ժամանակակից մաթեմատիկան այնքան զարգացած եւ հարուստ է, որ մարդ չի կարող վստահ լինել իր հետաքրքրութիւնների վրա, կեանքի որ հատուածում էլ որ լինի։ Մաթեմատիկան ինձ ձգում է իր ընդհանրութեան մէջ։ Եւ ես կուզենայի շեշտել, որ ժամանակակից մաթեմատիկոսը պէտք է իր հետաքրքրութիւնների շրջանի շառավիղը հնարաւորինս լայն պահի։

Բացի մասնագիտական հետաքրքրութիւններից, ունեմ նախասիրութիւններ։ Դրանցից մէկը դասական կիթառ նուագելն է։ Դասական կիթառ սկսել եմ նուագել երկու տարի առաջ։ Այն ինձ ներքին մեծ հաճոյք եւ հանգստութիւն է պատճառում։ Սրան կարելի է աւելացնել, որ նուագելը նպաստեց իմ ընդհանուր երաժշտական զարգացմանը։ Իմ ամենասիրած երգահաններն են Բախը, Լիստը, Ռախմանինովն ու Շոստակովիչը։ Սիրում եմ նաեւ էլեկտրոնիկա եւ ցանկանում եմ ընդլայնել իմ գիտելիքներն այդ ոլորտում։

"Երազում եմ գիտնական ու լավ մարդ դառնալ, որեւէ կերպ օգտակար լինել իմ ժողովրդին ու ամբողջ մարդկությանը:"

Այստեղ սովորում են
Գոռ Զաքարյան

Բիզնեսի կառավարում

Տանյա Սարկիսյան

Բիզնեսի կառավարում

Ներսես Արամյան

Մաթեմատիկա և ֆիզիկա

Back to top
Close