2020թ. պատերազմ. նախադրյալները, հետևանքները և աղետի հաղթահարման հնարավորությունները
2020թ. ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիան և Հայաստանի իշխանությունների կապիտուլյացիան Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության համար ունեցան աղետալի հետևանքներ՝ հազարավոր զոհեր ու գերիներ, տասնյակ հազարավոր վիրավորներ, նյութական ու բարոյահոգեբանական ահռելի կորուստներ, «Լեռնային Ղարաբաղի հարակից» բոլոր տարածքների կորուստ, Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Հադրութի, Մարտունու, Մարտակերտի շրջանների հատվածների, Շուշի և Հադրութ քաղաքների կորուստ, հայկական բանակի ջախջախում, Հայաստանի Հանրապետության մի շարք սահմանամերձ տարածքների վերաձևում՝ ի նպաստ Ադրբեջանի, դաշնակից պետությունների հետ հարաբերությունների կտրուկ վատթարացում և անհուսալի ու անպատասխանատու գործընկերոջ համբավի վաստակում: Ակնհայտ է, որ թեև նման ահռելի կորուստների դեպքում դժվար է միմյանցից տարանջատել ներքին և արտաքին գործոնները, այնուամենայնիվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առանցքային տեղը ծավալված իրադարձություններում առաջնային է դարձնում արտաքին հարաբերությունների ուսումնասիրությունը՝ հատկապես 2018 թվականի իշխանափոխությունից հետո, քանի որ այդ պատերազմից առաջ արդեն պարզ էր, որ կուտակվում են բազմաթիվ մարտահրավերներ, և թույլ են տրվում սկզբունքային սխալներ, որոնք վտանգում են հակամարտության կարգավորման գործընթացը: Սակայն, ձախողումները չսահմանափակվեցին կարգավորման գործընթացով և անգամ պատերազմով: Իրավիճակն ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ Հայաստանի գլխովին ձախողված քաղաքական ղեկավարությունը, արհամարհելով մարդկության պատմության պոստուլատներից մեկը՝ «պարտված իշխանությունը պետք է հեռանա», ամեն կերպ կառչած է մնում իշխանությանը՝ հնարավորություն չստեղծելով նոր կառավարության ձևավորման ու չափազանց բարդ խնդիրների լուծման համար:
Պատերազմի արդյունքում կրած աղետալի կորուստները, որոնք ահագնանում են նաև հրադադարի հաստատումից հետո, հետագա զարգացումների հետ կապված անորոշություններն ու չարագուշակ ենթադրությունները պահանջում են գնահատել 2018թ. իշխանափոխությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխություններն ու դրանց ազդեցությունն այդ պատերազմի արդյունքների և Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման վրա՝ խորացող աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում: Քանի որ արդբեջանաթուրքական ագրեսիան կտրուկ մեծացրել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության սպառնալիքները, հայության առջև ծառացել են վերջին հարյուրամյակի համար աննախադեպ մարտահրավերներ: Կործանումից խուսափելու և չափազանց բարդ մարտահրավերները հաղթահարելու համար պահանջվում է վերարժևորել երեք տասնամյակի անկախության ընթացքում արձանագրված ձեռքբերումները, հաջողությունները, ձախողումներն ու սխալները, բացահայտել դրանց հիմքերն ու պատճառները:
Այս ուսումնասիրությունը թույլ է տալիս բացահայտել արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի իշխանությունների ձախողումների պատճառները, որոնք հանգեցրին աղետի, գնահատել այդ ոլորտում առկա իրավիճակը և ուրվագծել այն խնդիրները, որոնց լուծումը թույլ կտա հաղթահարել աղետալի իրավիճակը, ապահովել Հայաստանի Հանրապետության վերածնունդն ու փրկել Արցախը:
Խորհրդարանական վերահսկողություն. գործիքակազմն ու մեխանիզմները Հայաստանի Հանրապետությունում
«Խորհրդարանական վերահսկողություն. գործիքակազմն ու մեխանիզմները Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ գիրքը ներկայացնում է Ազգային ժողովի վերահսկողական դերն ու նշանակությունը խորհրդարանական կառավարման ձևում, խորհրդարանական վերահսկողության իրականացման համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված գործիքակազմը: Առանձնահատուկ տեղ է հատկացված խորհրդարանական փոքրամասնության իրավունքներին և նրանց կողմից վերահսկողական մեխանիզմների արդյունավետ կիրառման հարցերին: Վերահսկողական առանձին գործիքների վերաբերյալ ներկայացված է այլ երկրների փորձի համեմատականը։
Գիրքը նախատեսված է ինչպես պրակտիկ աշխատողների, այնպես էլ՝ դասախոսների, ուսանողների, խորհրդարանական կառավարման ձև ունեցող պետությունում խորհրդարանի դերը հետազոտողների և խորհրդարանական մշակույթի զարգացմամբ հետաքրքրվող յուրաքանչյուր անձի համար:
Մինչդատական քրեական վարույթի վերաբերյալ գործերով մասնագիտացված դատավորների ներդրումը Հայաստանում․ խնդիրներն ու ռիսկերը
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախաձեռնված օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է ներդնել մինչդատական քրեական վարույթի գործերով մասնագիտացված դատավորների համակարգ: «Լույս» հիմնադրամի կողմից իրականացված վերլուծությամբ անդրադարձ է կատարվում օրենսդրական նախաձեռնության առավել խնդրահարույց ասպեկտներին, մասնավորապես՝ դրա հիմնավորվածությանը, դատավորների նեղ մասնագիտացման արդյունավետությանը և դրա վտանգներին, հնարավոր քաղաքական շարժառիթներին, որոնք առաջ են բերում մի կողմից՝ սահմանադրականության, մյուս կողմից՝ արդյունավետության և նպատակահարմարության տեսանկյունից մտահոգություններ։
2017-2020 թվականների ընթացքում ՀՀ պետական գնումների գործընթացի համեմատական վերլուծություն
Իշխող քաղաքական ուժը բազմիցս հայտարարել է արդար և թափանցիկ պետական գնումների համակարգի անհրաժեշտության մասին։ Նման համակարգի ներդրումը և ապրանքների ու ծառայությունների գնումները ճիշտ ժամանակին և պատշաճ ծավալով իրականացնելու արդյունավետ համակարգի ստեղծումը, բացառելով շահերի բախման երևույթները, նախատեսված են նաև կառավարության ծրագրով՝ համարվելով դրանք պետական կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված հիմնական միջոցներից։ Որքանո՞վ են իրականացված պետական գնումները համապատասխանում այս խոստումներին։ Արդյո՞ք ՀՀ կառավարությունը կարևորում է գնումների իրականացման մրցութային ընթացակարգը, թե՞ ապավինում է ռիսկեր պարունակող «մեկ անձ» գնումների ընթացակարգին։ Սույն ուսումնասիրությունն ուղղված է պարզաբանելու այս և նմանօրինակ այլ հարցեր՝ համեմատական վերլուծության ենթարկելով 2017-2020 թվականների ցուցանիշները։
Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն
Գյուղատնտեսության զարգացումը, չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման բարձրացումը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը և արդի տեխնոլոգիաների ներմուծումը գյուղատնտեսություն ՀՀ գործող կառավարությունը սահմանել է որպես գյուղատնտեսական քաղաքականության առանցք։ Ինչպես է իրականացվում այսօր գյուղատնտեսական քաղաքականությունը, ինչ աջակցության մեխանիզմներ են կիրառվում գյուղատնտեսությունում և ինչպես է դրանց նկատմամբ հետաքրքրությունը, արդյոք գյուղատնտեսական խորհրդատվությունը ծառայում է իր նպատակին։ Այս և նմանատիպ մի շարք հարցերի պարզաբանմանն է ուղղված սույն ուսումնասիրությունը՝ միաժամանակ համեմատական վերլուծության ենթարկելով 2016-2020 թվականների վիճակագրական ցուցանիշները։
Ժամանակային համադրումները դիտարկելիս խնդրում ենք նկատի առնել, որ սույն զեկույցը պատրաստ էր հրապարակման սեպտեմբերի վերջին, սակայն այդ ժամանակ չհրապարակվեց պատերազմական դրության պատճառով։
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2020 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԽՄԲԱԳԻՐ-ՎԱՐՉԱՊԵՏԻ «ԴԺԳՈՒՅՆ ՈՒ ԹՇՎԱՌ» ՀՈԴՎԱԾԻ
«44-օրյա պատերազﬕ ծագումը» վերնագրով իր հոդվածում վարչապետ Փաշինյանը հերթական անգամ փորձում է մանիպուլացնել հասարակական կարծիքը, ներկայացնում է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նպատակ ունենալով իր վրայից մաքրել աղետալի պատերազմի ու դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը։ Հոդվածն արդեն իսկ հանրային մեծ պարսավանքի է արժանացել, շատերը անդրադարձել են այնտեղ քողարկված վտանգավոր թեզերին, սակայն այդ աղմուկի մեջ շատ կարևրոր է նաև ցույց տալ, որ հոդվածում տեղ գտած բառացիորեն յուրաքանչյուր թեզ կամ «փաստ» որևէ աղերս չունի իրականության հետ, յուրաքանչյուր «փաստարկ» ունի շատ ավելի ծանրակշիռ հակափաստարկ։ Այս հոդվածի շրջանակներում փորձել ենք անդրադառնալ հայտնի հոդվածում ներկայացված հիմնական «փաստարկներին» և ցույց տալ դրանց ողջ մերկությունն ու մանիպուլյատիվ բնույթը։
Ամփոփ տեղեկանք 2021թ. Երևանի բյուջեի վերաբերյալ
Երևանի բյուջեն սահմանում է քաղաքային տնտեսության առաջնահերթությունները առաջիկա մեկ տարվա համար: Բյուջեում ներկայացվում է եկամուտների ծրագրային մակարդակը, ինչպես նաև դրա կառուցվածքը՝ ըստ ձևավորման աղբյուրների: Բացի այդ, նախանշվում է նաև ծախսերի ծրագրային մակարդակը և դրա բաշխվածությունը՝ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման: Եկամուտների և ծախսերի կանխատեսմանը հետևում է քաղաքային տնտեսության բյուջեի դեֆիցիտի և դրա ֆինանսավորման աղբյուրների պլանավորումը: Հաշվի առնելով այս փաստաթղթի և դրանում նախանշված ծրագրերի կարևորությունը՝ սույն վերլուծությունը միտված է գնահատելու, թե արդյոք Երևանի բյուջեն և դրա կառուցվածքը համահունչ են քաղաքի առջև ծառացած խնդիրներին:
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2020 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին
Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:
ՀՀ Մարդկային ներուժի զարգացման ինդեքսները և ցուցանիշները (2020)
Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը: