Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության գործունեության ուսումնասիրություն

Գյուղատնտեսության զարգացումը, չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման բարձրացումը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը և արդի տեխնոլոգիաների ներմուծումը գյուղատնտեսություն ՀՀ գործող կառավարությունը սահմանել է որպես գյուղատնտեսական քաղաքականության առանցք։ Ինչպես է իրականացվում այսօր գյուղատնտեսական քաղաքականությունը, ինչ աջակցության մեխանիզմներ են կիրառվում գյուղատնտեսությունում և ինչպես է դրանց նկատմամբ հետաքրքրությունը, արդյոք գյուղատնտեսական խորհրդատվությունը ծառայում է իր նպատակին։ Այս և նմանատիպ մի շարք հարցերի պարզաբանմանն է ուղղված սույն ուսումնասիրությունը՝ միաժամանակ համեմատական վերլուծության ենթարկելով 2016-2020 թվականների վիճակագրական ցուցանիշները։

Ժամանակային համադրումները դիտարկելիս խնդրում ենք նկատի առնել, որ սույն զեկույցը պատրաստ էր հրապարակման սեպտեմբերի վերջին, սակայն այդ ժամանակ չհրապարակվեց պատերազմական դրության պատճառով։

  


Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԽՄԲԱԳԻՐ-ՎԱՐՉԱՊԵՏԻ «ԴԺԳՈՒՅՆ ՈՒ ԹՇՎԱՌ» ՀՈԴՎԱԾԻ

«44-օրյա պատերազﬕ ծագումը» վերնագրով իր հոդվածում վարչապետ Փաշինյանը հերթական անգամ փորձում է մանիպուլացնել հասարակական կարծիքը, ներկայացնում է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նպատակ ունենալով իր վրայից մաքրել աղետալի պատերազմի ու դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը։ Հոդվածն արդեն իսկ հանրային մեծ պարսավանքի է արժանացել, շատերը անդրադարձել են այնտեղ քողարկված վտանգավոր թեզերին, սակայն այդ աղմուկի մեջ շատ կարևրոր է նաև ցույց տալ, որ հոդվածում տեղ գտած բառացիորեն յուրաքանչյուր թեզ կամ «փաստ» որևէ աղերս չունի իրականության հետ, յուրաքանչյուր «փաստարկ» ունի շատ ավելի ծանրակշիռ հակափաստարկ։ Այս հոդվածի շրջանակներում փորձել ենք անդրադառնալ հայտնի հոդվածում ներկայացված հիմնական «փաստարկներին» և ցույց տալ դրանց ողջ մերկությունն ու մանիպուլյատիվ բնույթը։

  


Ամփոփ տեղեկանք 2021թ. Երևանի բյուջեի վերաբերյալ

Երևանի բյուջեն սահմանում է քաղաքային տնտեսության առաջնահերթությունները առաջիկա մեկ տարվա համար: Բյուջեում ներկայացվում է եկամուտների ծրագրային մակարդակը, ինչպես նաև դրա կառուցվածքը՝ ըստ ձևավորման աղբյուրների: Բացի այդ, նախանշվում է նաև ծախսերի ծրագրային մակարդակը և դրա բաշխվածությունը՝ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման: Եկամուտների և ծախսերի կանխատեսմանը հետևում է քաղաքային տնտեսության բյուջեի դեֆիցիտի և դրա ֆինանսավորման աղբյուրների պլանավորումը: Հաշվի առնելով այս փաստաթղթի և դրանում նախանշված ծրագրերի կարևորությունը՝ սույն վերլուծությունը միտված է գնահատելու, թե արդյոք Երևանի բյուջեն և դրա կառուցվածքը համահունչ են քաղաքի առջև ծառացած խնդիրներին:

  


ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2020 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

  


ՀՀ Մարդկային ներուժի զարգացման ինդեքսները և ցուցանիշները (2020)

Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:

  


2020 թվականի շոկերի ազդեցությունները ՀՀ կառավարության պարտքի վրա

2020 թվականը սկսվեց կորոնավիրուսային ճգնաժամով և ավարտվում է Արցախյան պատերազմով և քաղաքական անկայունությամբ: Արդյունքում ստեղծվել է ծայրահեղ բարդ տնտեսական իրավիճակ, ինչն անխուսափելիորեն բացասական ազդեցություն է ունենալու պետական ֆինանսների կայունության վրա՝ հանգեցնելով պետական պարտքի կտրուկ աճին:

Միևնույն ժամանակ, առկա ճգնաժամերի (անվտանգային, տնտեսական, քաղաքական, սոցիալական) պայմաններում, ևս մեկի՝ կառավարության պարտքի ճգնաժամի առաջացումը ՀՀ տնտեսության համար աղետալի հետևանքներ կունենա:

Սույն վերլուծությունը միտված է ուսումնասիրելու 2020 թվականի շոկերի ազդեցությունները ՀՀ կառավարության պարտքի վրա: Դիտարկվել է կառավարության պարտքի դինամիկան, ուսումնասիրվել են կառավարության պարտքի շեշտակի աճի պատճառները և հետևանքները 2020 թվականի կտրվածքով, ինչպես նաև քննարկվել են կառավարության պարտքի սպասվող միտումները առաջիկա տարիներին:

  


Ի՞նչ սպասել ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից

Սույն վերլուծությունը նվիրված է ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքականության տեսլականի քննարկմանը։ Ուսումնասիրելով Բայդենի դիրքորոշումները կապված այնպիսի հարցերի հետ, ինչպիսիք են ԱՄՆ հարաբերությունները Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի հետ և վերջինիս քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ, ակնհայտ է դառնում, որ Բայդենի արտաքին քաղաքականությունը լինելու է առավել նախաձեռնողական, ագրեսիվ և ակտիվ։ Որպես այլ պետությունների հետ հարաբերությունների կառուցման և նրանց վրա ճնշման միջոց կարող է օգտագործվել մարդու իրավունքների պաշտպանության խնդիրն այլ երկրներում։ Իսկ արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է լինելու ԱՄՆ համաշխարհային առաջնորդության դերակատարման վերականգնումը։ Ինչ վերաբերում է առանձին երկրների հետ հարաբերություններին, ապա Ռուսաստանը շարունակվելու է դիտարկվել որպես հիմնական մրցակից, իսկ Իրանը՝ հիմնական ախոյաններից մեկը։ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը արմատական փոփոխությունների չի ենթարկվի, թեև հնարավոր է առավել կոշտ հռետորաբանություն, ընդհուպ մինչև մակերեսային սանկցիաների կիրառում։ Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ պահպանվելու են հիմնական քաղաքական առաջնահերթությունները։

  


Ինչպես դեսպան Սվիտալսկին տարընթերցեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքերը

Այս վերլուծությունը պատրաստ էր դեռևս նախքան սույն թվականի սեպտեմբերի 27-ը՝ պատերազմական գործողությունների մեկնարկը․ սակայն կապված պատերազմի և դրանով պայմանավորված սահմանափակումների հետ, այն չի հրապարակվել։

Հայաստանի Հանրապետությունում վերջին տասնամյակում տեղի են ունեցել մի շարք անկյունաքարային կարևորության իրադարձություններ, որոնք երկրի արտաքին հարաբերությունների և դրանց դինամիկայի վրա մեծ ազդեցություն են թողել։ Այս չափազանց հետաքրքիր ժամանակաշրջանի ամենաակտիվ փուլում Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչության ղեկավար (2015–2019թթ.), դեսպան Պյոտր Սվիտալսկին  վերջերս իր հուշերը ամփոփ կերպով ներկայացրեց «Հայկական հեղափոխություն. մի անավարտ հեռագիր» կոչվող գրքույկով։ Իր հուշերում դեսպան Սվիտալսկին անդրադառնում է Հայաստանում իր գործունեության տարբեր դրվագների` հատկապես կենտրոնանալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկայի, ղարաբաղյան կարգավորման ներկա վիճակի և հատկապես` Հայաստանում 2018թ. ապրիլյան հեղափոխությունից անմիջապես առաջ և հետո տեղի ունեցած զարգացումների վրա։ Սույն գրախոսությամբ մենք հանգամանորեն անդրադարձել ենք այս չափազանց հետաքրքիր գրքույկում արտացոլված արտաքին քաղաքական խնդիրներին` օգնելով ընթերցողին առավել ընդգրկուն կերպով գնահատել Եվրոպական միության հայաստանյան գլխավոր ներկայացուցչի գնահատականները։ Գրախոսության շրջանակներում փորձել ենք նաև հասկանալ. արդյո՞ք դեսպան Սվիտալսկու առաքելությունը Երևանում կարելի է համարել հաջողված, և դատելով նրա գրքույկում ներկայացված հուշերից և մտորումներից` եկել ենք այն եզրակացությանը, որ հեղինակը չի կարողացել լուծել մարդկային, քաղաքական ու մասնագիտական գնահատականների միջև «ոսկե միջինը» գտնելու խնդիրը։

  


Դիվանագիտական լուծում կա. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորություններն ու հեռանկարները 2020թ. պատերազմից հետո

Հոդվածում քննարկվում են սեպտեմբերի 27-ին սկսված ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիային նախորդած իրողությունները, որոնք խթանեցին պատերազմի սկսումը,  վերլուծվում են պատերազմի արդյունքներն ու այն դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության իրավական ուժն ու քաղաքական նշանակությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորություններն ու հեռանկարները: Բացահայտվում է, որ ադրբեջանաթուրքական ագրեսիան հնարավոր դարձավ կարգավորման գործընթացը ներքաղաքական նպատակներին ծառայեցնելու, անիմաստ ու խիստ վտանգավոր «գաղափարներով» կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տասնամյակների ընթացքում ձևավորված սկզբունքներին ու համանախագահներին հակադրվելու, հնչեցվող զգուշացումներին ականջալուր չլինելու, միջազգային հարաբերությունները հիմնովին ձախողելու արդյունքում: Ցույց է տրվում, որ թեև պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը կարևոր էր հրադադարի հաստատման և խաղաղապահների տեղադրման մասով, սակայն ապօրինի է տարածքային խնդիրների լուծման առումով՝ հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու կապիտուլյացիայի ակտ է Հայաստանի համար: Այդուհանդերձ, Քարվաճառի ու Լաչինի շրջանների հանձնումից հետո անիմաստ է դրա վիճարկումը և ջանքերը պետք է կենտրոնացնել հակամարտության կարգավորման հնարավորությունների լիարժեք օգտագործման վրա՝ հիմք ընդունելով Մինսկի խմբի համանախագահների դեկտեմբերի 3-ի համատեղ հայտարարությունը կարգավորման մյուս խնդիրների լուծման անհրաժեշտության մասին՝ հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա: Իրավիճակը դեռևս կարելի է փրկել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և անկախության միջոցով: Խնդրի բարդությունը պատերազմի արդյունքում ստեղծված չափազանց ծանր պայմաններում, կառավարման համակարգային ճգնաժամը ինչպես արտաքին հարաբերություններում, այնպես էլ ներքին կյանքում առկա բազմաթիվ հիմնախնդիրների առնչությամբ, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրների ու մարտահրավերների հնարավոր լուծումների համար անհրաժեշտ խիստ բարձր մասնագիտական որակներ ունեցող աշխատանքի շուտափույթ կազմակերպման հրամայականը, պահանջում է նոր կառավարության ձևավորում ու գործունեություն, համազգային բացառիկ համախմբում և ուժերի ու կարողությունների կենտրոնացում, բարձրակարգ մասնագետների ընդգրկում համազգային աղետի հաղթահարման համար:          

 

  


Ամփոփ վերլուծություն Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի վերաբերյալ

Սույն վերլուծությունը նվիրված է ՀՀ պետական բյուջեի առանցքային դրույթների ուսումնասիրությանը: Նախ անդրադարձ է կատարվել բյուջեի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումներին, այնուհետև վերլուծվել են ՀՀ համախմբված և պետական բյուջեի ծրագրային ցուցանիշները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել եկամուտների և ծախսերի պլանային մակարդակների համեմատությանը նախորդ տարիներին դիտարկված փաստացի ցուցանիշների հետ: Վերջում կատարվել են եզրահանգումներ՝ գնահատելու, թե արդյոք բյուջեն հասցեագրում է այն խնդիրները, որոնք առկա են ՀՀ-ում:

  


Back to top
Close