Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

«Լույս» հիմնադրամի տարեկան հաշվետվություն - 2021

Հաշվետու ժամանակահատվածում «Լույս» հիմնադրամի թիմն իրականացրել է լայնածավալ վերլուծական-հետազոտական աշխատանք՝ անդրադառնալով ամենաբազմազան թեմաների։ Մեր ուշադրության կենտրոնում են գտնվել իրավունքի, տնտեսության, քաղաքականության և միջազգային հարաբերությունների ընթացիկ և արդիական զարգացումները։ Տարվա ընթացքում մեր թիմը հրապարակել է շուրջ 70 վերլուծություն, որոնցում ոչ միայն վերլուծվել են առկա խնդիրներն ու մարտահրավերները, այլև փնտրվել և առաջարկվել են համապատասխան լուծումներ։

  


ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

  


ՀՀ հաշվեքննիչ պալատի 2021թ. տարեկան հաղորդման վերաբերյալ

Այս տեղեկանքն ամփոփում է ՀՀ հաշվեքննիչ պալատի (ՀՊ) 2021 թվականի տարեկան հաղորդման արդյունքները` ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ իրականացված հաշվեքննությունների մասով: Մասնավորապես, տեղեկանքում ներկայացված են վերոգրյալ հաշվեքննությունների ընդհանուր բնութագրերը (հաշվեքննության ոլորտները, տեսակները, արձանագրված խախտումների բնույթը և այլն), ինչպես նաև ՀՊ 2021թ. տարեկան հաղորդման մեջ ներառված հաշվեքննությունների առավել ուշագրավ արդյունքները:

  


2021 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ

Այս վերլուծության նպատակն է գնահատել ՀՀ պետական բյուջեի կատարման ընթացքը տվյալ ժամանակահատվածում: Նախ նկարագրվել է ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը, այն է՝ տնտեսական ակտիվության շարժիչ ուժերը, զարգացումները տնտեսության առանձին ճյուղերում, պահանջարկի բաղադրիչների՝ սպառման և ներդրումների վարքագիծը և այլն: Այնուհետև վերլուծվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը՝ համեմատելով համապատասխան ցուցանիշների փաստացի և պլանային արժեքները: Վերլուծությունը ավարտվել է հիմնական եզրահանգումների ամփոփմամբ:

  


Արդյո՞ք Հայաստանի գործող իշխանությունը ունի արկածախնդիր արտաքին քաղաքականության մանդատ. հայ հասարակության կարծիքը՝ ըստ արևմտյան հայտնի կազմակերպության հարցումների

Հայաստանի ներկայիս իշխանությունները իրենց վտանգավոր և խիստ հակասական արտաքին քաղաքական նախաձեռնություններն ու օրակարգը հաճախ հիմնավորում են 2021թ. խորհրդարանական ընտրություններում «ժողովրդից ստացած մանդատով», մինչդեռ նրանց ծայրահեղ զիջողական քաղաքականությունը հակասում է նույնիսկ իրենց նախընտրական ծրագրին։ Իրականում համազգային նշանակության հարցի շուրջ ճակատագրական որոշումներ կայացնելու միակ լեգիտիմ եղանակը կարող է լինել բացառապես ժողովրդի կողմից կոնկրետ հարցի վերաբերյալ ուղիղ մանդատի ստացումը, օրինակ՝ հանրաքվեի միջոցով։ Ակնհայտ է, որ գործող կառավարությունը չի պատրաստվում այդ հարցերի շուրջ հանրաքվե նախաձեռնել, ուստի որպես հանրային տրամադրությունները շոշափելու միջանկյալ լուծում՝ կարելի է դիտարկել հանրային կարծիքի հարցումների տվյալները։

Սույն վերլուծության շրջանակներում փորձել ենք անդրադառնալ Հայաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) վերջին հարցումների արտաքին քաղաքական և անվտանգային բաղադրիչին՝ հասկանալու համար, թե որքանով է այս հարցերում գործող իշխանությունների օրակարգը համընկնում հասարակության մոտեցումների և դիրքորոշումների հետ։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ներկայումս այս ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը հիմնականում չի վայելում Հայաստանի քաղաքացիների մեծ մասի աջակցությունը։ Այսինքն, եթե նույնիսկ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում գործող իշխանությունը վերարտադրվել է, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանի քաղաքացիները վերջինիս պատվիրակել են կարևոր ազգային և անվտանգային հարցերում լուրջ զիջումների գնալու և նոր ցնցումներ նախաձեռնելու «մանդատ»։

  


ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

  


2018թ. իշխանափոխության արդյունքում ՀՀ վարկավորման ոլորտում ձևավորված հիմնախնդիրները և դրանց մակրոտնտեսական հետևանքները 2020թ. շոկերի համատեքստում

ՀՀ կառավարության անհեռատես և ամբոխահաճո քաղաքականության արդյունքում 2018 թվականից ՀՀ ֆինանսական համակարգի վարկային պորտֆելում արձանագրվել է խնդրահարույց ռիսկերի կուտակման գործընթաց: Այդ ռիսկերի կուտակման արդյունքում վարկավորման ոլորտը բախվել է որոշակի հիմնախնդիրների, որոնք 2020թ. ճգնաժամի հետևանքով զգալի բացասական ազդեցություններ են թողել ՀՀ մակրոտնտեսական միջավայրի վրա: Աշխատանքում վերլուծվել են վերոհիշյալ զարգացումները: Հետազոտությունը ցույց է տալիս, որ ՀՀ կառավարության գործողությունների արդյունքում տնային տնտեսությունների շրջանում 2018-2019թթ. կտրուկ խորացել է պարտքային բեռը (սպառողական և հիպոտեկային վարկերի տեսքով): 2020թ. ճգնաժամային միջավայրում դա նպաստել է բնակչության բարեկեցության մակարդակի շատ ավելի խոր անկմանը` արտացոլվելով ինչպես պահանջարկի (սպառման) կտրուկ անկմամբ, այնպես էլ վատորակ վարկերի ծավալների աճով: Հետճգնաժամային շրջանում տնային տնտեսությունների պարտքային բեռի խնդիրը մնում է չլուծված, ինչը 2022թ. փետրվարից սրված ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ՀՀ տնտեսությանը փոխանցվող բացասական շոկերի պայմաններում լրացուցիչ մտահոգություններ է ստեղծում: Կառավարության անհեռատեսության արդյունքում 2018-ից հետո հիպոտեկային վարկերի կտրուկ աճի հետևանքով 2020-ին շոկերի հակազդման համար հարկաբյուջետային տարածությունը եղել է ավելի սեղմված, քան կարելի էր ակնկալել: Ընդ որում, հիպոտեկային վարկերի հիմնախնդիրն այսօր ևս դեռ ամբողջապես լուծված չէ, ինչի պատճառով եկամուտների տեսանկյունից պետությունը տարեցտարի կրում է ավելի մեծ կորուստներ: Վերջինս արդեն իսկ առկա է նոր տնտեսական շոկերի միջավայրում և նպաստում է հարկաբյուջետային կայունությունը վտանգող ռիսկերի կուտակմանը:

  


Հայկական «6 սկզբունքները»․ բանակցային հի՞մք, թե՞ դիվանագիտական արկածախնդրություն

Մայիսի 13-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած 6 կետերը՝ ի պատասխան մինչ այդ Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետերի, որոնց հիման վրա առաջարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել։ «Լույս» հիմնադրամը անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի հրապարակած կետերին՝ փորձելով վերլուծել դրանց բովանդակությունը։

Արձանագրվել են, որ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացրած «առաջարկ-սկզբունքները» խիստ անհամարժեք են՝ ինչպես բովանդակության, այնպես էլ դրանց միջազգային ընկալման ու միջնորդների արձագանքի տեսանկյունից։ Միաժամանակ ներկայացվել են որոշ առաջարկներ, որոնք ճիշտ ձևակերպելու և պատշաճ ներկայացնելու դեպքում հայկական կողմը կարող էր (կարող է) բանակցային գործընթացի մեկնարկին մոտենալ ավելի հիմնավոր, միջազգային հանրության համար ընկալելի և միջազգային իրավունքի տեսանկյունից անխոցելի դիրքերից։

  


Հայկական լոբբինգի գործունեությունը Բայդենի վարչակազմի օրոք

Սույն հոդվածում ներկայացվում են ԱՄՆ քաղաքականության վրա լոբբիստական կազմակերպությունների ազդեցության ձևերը, մասնավորապես՝ էթնիկ և պրոֆեսիոնալ լոբբիների միջոցով։ Հատուկ ուշադրության առարկա է ԱՄՆ-ում հայկական էթնիկ լոբբիստական կազմակերպությունների, մասնավորապես՝ Հայ դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը և վերջիններիս առաջնահերթությունները Բայդենի վարչակազմի օրոք։ Այդ նպատակով հիշյալ առաջնահերթությունների շրջանակներում ուսումնասիրության են ենթարկվել հայ լոբբիստական կազմակերպությունների կողմից իրականացված քայլերը և դրանց համատեքստում գրանցած ձեռքբերումները։

  


Բիզնեսի խրախուսման արտոնությունները ՀՀ-ում իշխանափոխությունից հետո

2018 թվականին ՀՀ նոր իշխանությունները հայտարարեցին «տնտեսական հեղափոխության» մեկնարկի մասին, որի առանցքային բաղադրատարրերից էր նաև հարկային և մաքսային արտոնությունների արդյունավետության և տրամադրման թափանցիկության գնահատումը, ոչ արդյունավետ արտոնությունների վերացումը և նոր, ավելի հասցեական ու արդյունավետ արտոնությունների սահմանումը։ Ինչպիսի՞ պատկեր ունենք այսօր, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել կառավարության կողմից այս ուղղությամբ։ Սույն վերլուծության նպատակն է հանրությանը ներկայացնել ՀՀ-ում ներկայումս գործող բիզնեսի խրախուսման հիմնական հարկային և մաքսային արտոնությունները, վերջին տարիներին դրանց փոփոխությունները և արդյունավետության ու հաշվետվողականության բարձրացմանն ուղղված քայլերը։

  


Back to top
Close