Գլխավոր - Լույս Հիմնադրամ
ՀՀ, Երևան 0010, Բուզանդի 3 +37412400004

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Պատերազմ վարելու կիբեռմիջոցների իրավաչափությունը և կիբեռպաշտպանության ոլորտում ՀՀ քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի իրականացրած ագրեսիան և դրա շարունակական դրսևորման բարձր հավանականությունը հաշվի առնելով՝ անվիճելի է, որ Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության առանցքային խնդիրներից որպես առաջնահերթություն պետք է դիտարկվի ազգային անվտանգության և պետական պաշտպանության հստակ, արդիական, չափելի, բովանդակալից և պատեհաժամ ռազմավարությունների առկայությունը:  Անվիճելի է նաև, որ 21-րդ դարում տեղեկատվական անվտանգությունը, կիբեռանվտանգությունը և կիբեռպաշտպանությունը ազգային անվտանգության և պետական պաշտպանության պարտադիր և կարևորագույն բաղկացուցիչ տարր են, իսկ տվյալ ուղղություններով համապարփակ ռազմավարական փաստաթղթերի մշակումն ու իրագործումը (ներառյալ՝ պարբերաբար դրանց վերանայումն ու լրամշակումը)` նշված ոլորտների արդյունավետ կառավարման և պետության պաշտպանության ու անվտանգության ապահովման համար անփոխարինելի միջոցներ։

Կիբեռտարածքն արդեն վաղուց դիտարկվում է որպես պետությունների կողմից պատերազմ վարելու սովորական հարթակ, ինչպես ցամաքային, օդային և ջրային տարածքները, իսկ կիբեռզենքերը՝ սովորական զինատեսակներին զուգահեռ՝ որպես պատերազմ վարելու այլընտրանքային միջոցներ։ Կիբեռանվտանգության և կիբեռպաշտպանության ապահովման հարցն այսօր ամբողջ աշխարհում դիտարկվում է որպես միջազգային անվտանգության առանցքային մարտահրավերներից մեկը։ Միջազգային հումանիտար իրավունքի (ՄՀԻ) տեսանկյունից կիբեռմիջոցների կիրառումը զինված հակամարտությունների ընթացքում իրավաչափ է, և դրանց կիրառումը կարգավորվում է ՄՀԻ նորմերով։ Պատահական չէ, որ վերջին տասնամյակների ընթացքում պետությունները արտաքին թշնամուց պետական պաշտպանության համատեքստում մեծ ուշադրություն են դարձնում նաև կիբեռպաշտպանությանը՝ առաջին հերթին մշակելով կիբեռպաշտպանության մասով պետության ռազմավարությունը և պետական քաղաքականության հիմնական ուղղությունները։

Հայաստանի Հանրապետությունը տեղեկատվական անվտանգության և «էլեկտրոնային հասարակության» ձևավորման ու զարգացման ապահովման ոլորտում  կոնկրետ միջոցները սկսել է ձեռնարկել արդեն 2000-ական թվականների առաջին տասնամյակում: 2008-2009թթ. Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց կիբեռանվտանգության ոլորտում մի շարք ռազմավարական փաստաթղթեր: 2017 թվականի հոկտեմբերին ՀՀ նախագահի և կառավարության կողմից նախաձեռնվեցին ոլորտի ռազմավարական փաստաթղթերի կատարելագործման և արդի մարտահրավերներին համապատասխանեցման գործընթացը. մասնավորապես, ուժը կորցրած ճանաչվեցին տվյալ պահի դրությամբ ոլորտը կարգավորող փաստաթղթերը, և զուգահեռաբար 2017 թվականի վերջին և 2018 թվականի սկզբին մշակվեցին ՀՀ կիբեռանվտանգության ռազմավարության, ինչպես նաև ՀՀ տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական քաղաքականության ռազմավարության նախագծերը:

Թվում էր, թե Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող այս փաստաթղթերը պետք է պետության կողմից դիտվեին որպես առաջնահերթություն, լրամշակվեին, վերջնականացվեին, վաղուց ընդունված լինեին և այսօր գտնվեին իրականացման փուլում: Սակայն, այս հարցի շուրջ իրականացրած վերլուծությունը հանգեցնում է ցավալի եզրահանգումների. իրողությունն այն է, որ 2017 թվականից առ այսօր Հայաստանի Հանրապետությունը չունի տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև կիբեռանվտանգության և ռազմական կիբեռպաշտպանության ոլորտներում որևէ ռազմավարական փաստաթուղթ: Վերջին հինգ տարիների ընթացքում պետական կառավարման մարմինների կողմից տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության և ռազմական կիբեռպաշտպանության ոլորտների զարգացման, քաղաքականության ձևավորման և ռազմավարությունների հաստատման ու իրականացման հարցում պետական կառավարման մարմինների դրսևորած պասիվ կեցվածքը և անգործությունն անթույլատրելի են՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած անվտանգային և պաշտպանական խնդիրները:

ՀՀ-ում կիբեռանվտանգության և ռազմական կիբեռպաշտպանության վերաբերյալ տեսլականի, քաղաքականության և ռազմավարական փաստաթղթերի բացակայությունը վտանգավոր իրողություն է՝ պետական պաշտպանության արդյունավետ կազմակերպման համատեքստում։ Խնդրի արդիականության և հրատապության մասին են վկայում նաև ՀՀ կիբեռանվտանգության և կիբեռպաշտպանության ապահովման մասով ՀՀ ցուցանիշները։ Այսպես, համաշխարհային կիբեռանվտանգության ինդեքսի 2020 թվականին հրապարակված տվյալների համաձայն՝ տարածաշրջանի երկրներից (Ռուսաստան, Ղազախստան, Ադրբեջան, Ուզբեկստան, Բելառուս, Հայաստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան) Հայաստանից ավելի ցածր ցուցանիշներ ունեն միայն Ղրղզստանը (49,64), Տաջիկստանը (17,1) և Թուրքմենստանը (տվյալները բացակայում են)։ Իսկ ազգային կիբեռանվտանգության ինդեքսով 2020 թվականի դրությամբ Հայաստանն այլ պետությունների շարքում 90-րդն է՝ ունենալով նվազագույն զրոյական ցուցանիշ կիբեռանվտանգության քաղաքականության մշակման առումով, նվազագույն զրոյական ցուցանիշ՝ կիբեռտարածքում  վտանգների վերլուծության տեսանկյունից, նվազագույն զրոյական ցուցանիշ՝ կիբեռտարածքում ճգնաժամի կառավարման տեսանկյունից, նվազագույն զրոյական ցուցանիշ՝ կենսական ենթակառուցվածքների և թվային ծառայությունների պաշտպանության տեսանկյունից և նվազագույն զրոյական ցուցանիշ՝ ռազմական ոլորտում կիբեռօպերացիաների կազմակերպման կարողությունների տեսանկյունից։

  


Ի՞նչ անվտանգային օգնություն է ԱՄՆ-ը տրամադրում Ադրբեջանին, և ու՞մ դեմ է այն ուղղված

2002 թվականից ի վեր Ադրբեջանը անվտանգային օգնություն է ստանում Միացյալ Նահանգներից, ինչը զգալիորեն մեծ է Հայաստանին տրվող անվտանգային օգնության ծավալներից։ Բնականաբար, Ադրբեջանին տրվող նման ծավալների անվտանգային օգնությունը անհանգստացնող հանգամանք է Հայաստանի համար, որը Ադրբեջանի կողմից պարբերաբար ենթարկվում է ագրեսիայի։ Ուստի, անհրաժեշտություն է առաջանում պարզելու և ուսումնասիրելու, թե Միացյալ Նահանգները ի՞նչ անվտանգային աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, և թե ո՞ւմ դեմ է իրականում ուղղված այդ օգնությունը։ Դա պարզելու համար ուսումնասիրվել են Ադրբեջանին օգնության տրամադրումը արգելող՝ Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի  շրջանցման փաստաթուղթը, այն հիմնական նպատակները, որոնց շրջանակում Միացյալ Նահանգները անվտանգային օգնություն է տրամադրում Ադրբեջանին և այդ օգնության հնարավոր կիրառման դեպքերը Հայաստանի դեմ։ 

  


ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

  


ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻԻ ՄԵՍԻՋՆԵՐԸ

Ս. թ. սեպտեմբերի 17-19-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պատմական այց կատարեց Հայաստանի Հանրապետություն՝ դառնալով Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով երբևէ այցելել է Հայաստան։ Այցին նախորդել էր ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան  տարածքի նկատմամբ, ինչը, սակայն, չէր խոչընդոտել Ներկայացուցիչների պալատի խոսնակի արդեն իսկ ծրագրված այցին։ 
Սույն հոդվածում կտրվեն հետևյալ հարցերի պատասխանները. մասնավորապես՝ ինչո՞ւ չչեղարկվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան՝ չնայած ադրբեջանական ագրեսիային; որո՞նք էին այցի հիմնական դրդապատճառները; ի՞նչ ուղերձներ կարելի է դուրս հանել այցի ընթացքում արված հայտարարություններից;  ինչո՞ւ այցը չդարձավ տարածաշրջանային, կամ ինչո՞ւ Կոնգրեսական պատվիրակությունը չայցելեց Ադրբեջան՝ պարիտետը պահպանելու նպատակով։

  


ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

  


ՀՀ Մարդկային ներուժի զարգացման ինդեքսները և ցուցանիշները

Միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների և ինդեքսների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս լուծելու երկու կարևոր խնդիր: Առաջին, համապարփակ թվային ցուցանիշների օգնությամբ գնահատել ՀՀ կատարողականը տվյալ ժամանակահատվածում, ինչպես նաև կատարել միջժամանակային համեմատություններ՝ հասկանալու, թե արդյոք երկիրը շարժվում է ցանկալի ուղղությամբ: Երկրորդ, ՀՀ կատարողականը համեմատել այլ երկրների հետ՝ պարզելու Հայաստանի հարաբերական դիրքը տարածաշրջանում և Եվրասիական տնտեսական միությունում: Այս արդյունքները կարևոր են, քանի որ օգնում են ստանալ տնտեսական իրավիճակի համակողմանի գնահատականը, ինչն անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համար: Սույն վերլուծությունը միտված է վերոհիշյալ խնդիրների պարզաբանմանը:

  


Գրագետ աշխատանքի պարագայում հայկական կողմը կարող է դիվանագիտական մղձավանջի վերածել Ադրբեջանի վերջին ագրեսիան

Ադրբեջանի վերջին ագրեսիան հերթական անգամ ցույց տվեց, որ այդ երկիրը ունակ չէ պահպանելու որևէ պայմանավորվածություն, առավել ևս, եթե դրանց հետևում չի զգացվում գերտերությունների շունչն ու որոշակի վերահսկողությունը։ Վերջին իրադարձությունների կապակցությամբ միջազգային խոշոր դերակատարների արձագանքը ցույց է տալիս, որ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիան բխում է բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից, և դրանում շահագրգռված չէ գերտերություններից որևէ մեկը։ Հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխան սահմանների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ռազմական լայնամասշտաբ ագրեսիան՝ «Լույս» հիմնադրամը հանդես է եկել դիվանագիտական քայլերի առաջարկների փաթեթով:

  


ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվար-հուլիս ամիսներին

Ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից՝ սույն վերլուծությունում ուսումնասիրվել է ՀՀ տնտեսության՝ վերջին ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումները: Մասնավորապես, դիտարկվել են տնտեսական ակտիվության՝ տվյալ ամսվա կուտակային ցուցանիշը, դրա ոլորտային բաշխվածությունը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերի դինամիկան: Վերլուծվել են նաև տնտեսական զարգացումները ՀՀ արտաքին առևտրի ոլորտում, աշխատանքի շուկայում և հարկաբյուջետային հատվածում: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հատվածին (գնաճ, ավանդներ և վարկեր), ինչպես նաև փոխարժեքի վարքագծին:

  


Հայ-ամերիկյան ներկայիս շփումների ակտիվացման դրդապատճառներն ու պատմական փորձը

Վերջին շրջանում նկատելի է հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվացում՝ բարձր մակարդակի հեռախոսազանգերի և հանդիպումների զգալի աճ։ Դա պայմանավորված չէ օրակարգային նոր հարցերի առաջադրմամբ կամ դիվանագիտական ջանքերի ավելացմամբ։ Հարաբերությունների նման ակտիվացումներ նկատելի են եղել նաև նախկինում և առավելապես պայմանավորված են եղել ամերիկյան տարածաշրջանային շահերով։ Սույն հոդվածը առանձնացնում է հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվացման չորս փուլ, որոնցից երեքն ուսումնասիրելով՝ հոդվածը վեր է հանում հարաբերությունների ակտիվացման ընդհանուր օրինաչափություններն ու դրդապատճառները։ Հենց վերահիշյալից ելնելով՝ տրվում է բացատրություն չորրորդ՝ ներկայումս ընթացող փուլի առաջացման նախապայմաններին։ 

  


Հետխորհրդային տրանսֆորմացիայի երկրների կուսակցությունների ինստիտուցիոնալացման ընթացքը և վիճակը. Ուկրաինայի և Վրաստանի դեպքերը

ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո մի շարք հեղինակավոր մասնագետներ պնդում էին, որ դրա արդյունքում ձևավորված նորանկախ պետություններում արագորեն հաստատվելու են ժողովրդավարական վարչակարգեր։ Ավելի ուշ՝ 2000-ականների սկզբին, պարզ դարձավ, որ տեղի է ունենում շատ ավելի բարդ ու աննախադեպ գործընթաց՝ հետխորհրդային տրանսֆորմացիա, որում հայտնված երկրները տարբերվում են ինչպես իրենց հետագծերով, այնպես էլ նպատակներով։ Ըստ այդ դասակարգման՝ Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան դիտարկվում էին նույն խմբում՝ որպես ժողովրդավարական վարչակարգերի ձևավորմանը միտված երկրներ, որոնք 2009թ. ընդգրկվեցին ԵՄ նոր նախաձեռնության՝ «Արևելյան գործընկերություն» ծրագրում՝ նպատակ ունենալով աջակցել ժողովրդավարացման գործընթացներին։

Հետկոմունիստական երկրներում կայացած ժողովրդավարական վարչակարգերի հաստատման տեսակետից բացառիկ՝ հարացուցային նշանակություն ունի կայուն և ներկայացուցչական կուսակցական համակարգերի ձևավորումը։ Այդ նպատակի իրագործումը հնարավոր է կուսակցությունների ու կուսակցական համակարգերի ինստիտուցիոնալացման միջոցով, որի արդյունքում այդ կառույցներին հաղորդվում է պատշաճ բովանդակություն, և դրանց գործունեությունը կառուցվում է սկզբունքների ու արժեքների հիման վրա։ Այդ գործընթացը հետխորհրդային տրանսֆորմացիայի երկրներում ձախողվել է՝ խոչընդոտելով ժողովրդավարական վարչակարգերի ձևավորմանը։ Ընդ որում, նաև այն երեք երկրներում (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա), որտեղ տեղի են ունեցել «գունավոր» հեղափոխություններ, որոնց գլխավոր նպատակներից մեկն էլ հռչակվել էր ժողովրդավարական վարչակարգերի հաստատումը։

Պարզելու համար, թե ինչու են տեղի ունեցել հիշյալ ձախողումները, և որոնք են ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունները, հոդվածում վերլուծվում են հետխորհրդային տրանսֆորմացիայի ընթացքում առավել համեմատելի երկրներում՝ Վրաստանում և Ուկրաինայում կուսակցությունների ու կուսակցական համակարգերի ձևավորման հետ կապված զարգացումները, որոնք դիտարկվել են երկփուլ ձևաչափով՝ մինչ «գունավոր» հեղափոխությունները և դրանցից հետո, թեև այդ ժամանակահատվածների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ փուլերը էական տարբերություններ չունեն դիտարկվող երկրներում ժողովրդավարացման գործընթացի և, մասնավորապես, կուսակցությունների ու կուսակցական համակարգերի ինստիտուցիոնալացման տեսակետից։

  


Back to top
Close