Ծնվել եմ 1990 թ. Երևանում: 2006 թ. ավարտել եմ Ա. Շահինյանի անվան հատուկ ֆիզմաթ դպրոցը: Մասնակցել եմ բազմաթիվ օլիմպիադաների և մրցույթների: Բազում անգամ եղել եմ ֆիզիկայի և աստղագիտության հանրապետական օլիմպիադաների մրցանակակիր:
2006 թ. մասնակցել եմ Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում տեղի ունեցած ֆիզիկայի և մաթեմատիկայի երկրորդ միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադային: Նույն թվականին մասնակցել եմ նաև Սինգապուրում տեղի ունեցած Ֆիզիկայի 37-րդ միջազգային օլիմպիադային և արժանացել գովասանագրի: Նույն թվականին պարգևատրվել եմ Հայաստանի Հանրապետության նախագահի առաջին կարգի մրցանակով “Լավագույն աշակերտ” անվանակարգում:
Այս տարիներին ձեռք բերած փորձն ու գիտելիքները մեծապես նպաստեցին իմ մասնագիտության ընտրությանը: Ես հասկացա, որ ֆիզիկան գիտության այն ճյուղն է, որը ես ուզում եմ ավելի խորը բացահայտել ինքս ինձ համար և մասնագիտանալ դրանում:
2010 թ. բացարձակ գերազանցությամբ ավարտեցի Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Ուսանելու տարիներին մասնակցել եմ IREX կազմակերպության կողմից անցկացված Global UGRAD ծրագրին: Ճանաչվելով հաղթողներից մեկը` գործուղվել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների բուհերից մեկը, որտեղ անց եմ կացրել մեկ ուսումնական տարի` ուսանելով ֆիզիկա և ծրագավորում: Ուսումնառության երկրորդ կիսամյակի ընթացքում աշխատել եմ ֆիզիկայի լաբորատորիայում` որպես ասիստենտ, ծրագրավորող` LabView ծրագրային փաթեթի օգտագործմամբ, և նաև պլանետարիումի աշխատակից: Միացյալ Նահանգերում անց կացրած տարվա ընթացքում ձեռք բերեցի նոր մասնագիտական հմտություններ և, իհարկե, խորը գիտելիքներ` միաժամանակ խորացնելով գիտելիքներս ծրագրավորման ոլորտում: Վերադառնալով Հայաստան` աշխատանք ստացա ՏՏ ոլորտի ընկերություններից մեկում և մինչ այժմ աշխատում եմ այնտեղ` որպես վեբ ծրագրավորող:
Մեծ հաջողություն եմ համարում աշխարհի լավագույն տեխնոլոգիական համալսարաններից մեկը` Շվեյցարիայի տեխնոլոգիայի ֆեդերալ ինստիտուտ ընդունվելը (ETH Zurich): Ընդունվել էի նաև Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրա, սակայն նախապատվությունս տվեցի ETH–ին: Ցանկանում եմ ֆիզիկայի մագիստրոսական աստիճան ստանալ Ցյուրիխի համալսարանում և հետագայում լուրջ ներդրում ունենալ Հայաստանի գիտության զարգացման գործում: