ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Հայկական աշխարհ

Համակարգչային գիտություն

Բակալավրիատ

Հասմիկ Գրիգորյան

Ես միշտ էլ սիրել եմ գիտաֆանտաստիկան իր բոլոր արտահայտություններում՝ գրեքերում, ֆիլմերում։ Բայց միայն ավագ դպրոցում, երբ կարդացի Միշիո Կակուի «Անհնարինի ֆիզիկան» գիրքը, տեսա, որ այդ անհավանական պատմությունների ու իրական գիտության մեջ կա ընդհանրություն։ Այս գիրքը ցույց տվեց ինձ կապն «անիրականանալի» երևակայությունների և ֆիզիկայի միջև՝ դրանով իսկ դառնալով իմ ոգեշնչման աղբյուրը։

Ծնվել եմ 1996 թվականին Երևանում։ Իմ մեջ բնագիտության նկատմամբ մեծ սեր ու հետաքրքրություն ծնվեց, երբ դեռ սովորում էի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում։ Դպրոցում շատ կրթական նվաճումներ եմ ունեցել, այդ թվում՝ կրթաթոշակներ ֆիզիկայի, մաթեմատիկայի, քիմիայի, պատմության, հայոց լեզվի և անգլերենի բաց օլիմիպիադաներում հաղթելու համար։

2011 թվականին՝ 9-րդ դասարանն ավարտելուց հետո, դժվար որոշում կայացրի տեղափոխվել նորաբաց «Այբ» ավագ դպրոց։ «Այբ»-ում միանգամից որոշեցի գրանցվել ռոբոտիկայի դասերին, բայց երբեք չէի կարող կանխագուշակել թե այդ որոշումը հետագայում ինչպիսի ազդեցություն էր ունենալու կյանքիս վրա։ Առաջին ուս-տարուց հետո, ես դարձա «Այբ»-ի ռոբոտիկայի թիմի գլխավոր ծրագրավորողը։ Թիմակիցներիս հետ մասնակցեցինք մրցույթների և նույնիսկ իրական օգտագործման համար ռոբոտներ սարքեցինք։ 2012 թվականին «ԱրմՌոբոտիքսի» «Գծին հետևող ռոբոտ» մրցույթում գրավեցինք առաջին և երկրորդ տեղերը։ Այս հաղթանակից հետո որոշեցինք միջազգային մրցույթի մասնակցել և 2013 թվականին առաջին անգամ ներկայացրինք Հայաստանը Թրինիթի քոլեջի «Հրշեջ ռոբոտ» մրցույթում ու վերադարձանք «Տեխնիկական ներկայացում և յուրօրինակ լուծումներ» հատուկ մրցանակով։

Այս հաջողություններն ինձ համար բացեցին այնպիսի մի նոր բնագավառի դռներ, ինչպիսին դասավանդելն է։ «Այբապատում» ծրագրի շրջանակներում ես Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի գյուղերում աշակերտներին ֆիզիկա ու ռոբոտիկա եմ ներկայացրել։ Ավելին, 2013-2014 ուսումնական տարում՝ մեր ռոբոտիկայի ուսուցչի բացակայության ընթացքում, պատիվ եմ ունեցել նրան փոխարինել՝ ռոբոտիկայի ծրագրավորում դասավանդելով 10-րդ դասարանցիներին և աջակցել եմ 11-րդ դասարանցիներին իրենց նախագծերում։

Չնայած այս ամենին՝ գիտությունը երբեք իմ միակ տարերքը չի եղել։ Սկսած 2011 թվականից, երբ «Այբ»-ում գրանցվեցի լուսանկարչության դասերին, գտա ինձ նաև արվեստում։ Մինչ այժմ լուսանկարչությունն իմ հանգստի ամենամեծ աղբյուրն է ու լավագույն ինքնաարտահայտման միջոցը։

Ավարտել եմ «Այբ» ավագ դպրոցը 2014 թվականին։ Հաջորդ տարվա ընթացքում մասնակցել եմ մասնագիտական (մաթեմատիկա, համակարգչային գիտություն, օբյեկտ-օրիենտացված ծրագրավում) և պարզապես հետաքրքրությունով ուղղորդված (բնապահպանություն, փիլիսոփայություն) դասերի Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Տարիս լցրել եմ պրակտիկայով ու տարբեր նախագծերում մասնակցությամբ, որտեղ հնարավորություն եմ ունեցել զարգացնելու ծրագրավորման ու թիմային աշխատանքի հմտություններ։ Նաև շատ ժամանակ ու մեծ եռանդ եմ տրամադրել համալսարանական ընդունելություններին պատրաստվելու համար։ 2015 թվականի մարտի 14-ին ստացա հիանալի լուր առ այն, որ ես ընդունվել եմ աշխարհի լավագույն համալսարաններից մեկը՝ Չիկագոյի համալսարան։

Չիկագոյի համալսարանում պլանավորում եմ սովորել ֆիզիկա և ծրագրավորում՝ ապագայում ռոբոտիկայի ոլորտում աշխատելու նպատակով։ Այս համալսարանն ինձ կարող է անհրաժեշտ հնարավորություններ, միջոցներ ու թիմակիցներ տալ իմ սիրելի գիտաֆանտաստիկան մի օր իրականություն դարձնելու համար։ Ես վստահ եմ, որ այս համալսարանը կարող է ինձ օգնել ծառայել նպատակներիս և ինձ ուժ տալ երկրիս ու աշխարհին օգտակար լինելու համար։


Այստեղ սովորում են
Արամ Ղուկասյան

Արևելագիտություն

Երվանդ Ազատյան

Համակարգչային գիտություն

Անդրեյ Սիմոնյան

Բիզնեսի կառավարում

Back to top