ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Կրթաթոշակի ծրագիր



Ծրագրի մասին

«Լույսի» կրթաթոշակի ծրագիրն ապահովում է Հայաստանի զարգացումը։ Հիմնադրամի կրթաթոշակառուների գիտելիքի և գործունեության շնորհիվ Հայաստանը մասնակցում է համաշխարհային գիտելիքահենք տնտեսության նորարար ուղղությունների ստեղծմանը և առաջատար երկրներին համաքայլ ընթանում արագ զարգացող աշխարհում։

«Լույսը» փոխառություն կամ կրթաթոշակ է շնորհում աշխարհասփյուռ հայ ուսանողներին` աշխարհի լավագույն համալսարաններում սովորելու:

«ԼՈՒՅՍԻ» ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՏԱՐԿՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԿՐԹԱԹՈՇԱԿ, ԵՐԲ ՈՒՍԱՆՈՂԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ «ԼՈՒՅՍԻ» ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

«Լույսի» կրթաթոշակի առցանց հայտերն ընդունվում են ամեն ապրիլի 1-ից (Երևանի ժամանակով 00:00) մինչև հուլիսի 15-ը (Երևանի ժամանակով 23:59): Ուշացած կամ ոչ ամբողջական հայտերը չեղյալ կդարձնեն ուսանողի դիմումը:

Համապատասխանության չափորոշիչներ

«Լույսի» կրթաթոշակի ծրագրի դիմորդը պետք է համապատասխանի հետևյալ չափորոշիչներին․

  • լինի հայ՝ ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ կամ ունենա հայկական արմատներ,
  • «Լույսին» դիմելու պահին պետք է լինի 18-40 տարեկան,
  • ընդունված լինի «Լույսի» կայքում հրապարակված լավագույն 10 (տասը) համալսարաններից մեկը՝ գիտական աստիճան շնորհող, առկա ուսուցմամբ ծրագրով սովորելու։

Ֆինանսավորվող ակադեմիական ծրագրեր

Կրթաթոշակի ծրագրին դիմելու համար պետք է ընդունված լինել «Լույսի» կայքում հրապարակված համալսարաններից մեկը՝ հետևյալ գիտական աստիճաններից մեկը շնորհող, առկա ուսուցմամբ ծրագրով սովորելու․

  • Բակալավրիատ
  • Մագիստրատուրա
    Պայման ՀՀ քաղաքացի, արական սեռի դիմորդների համար մագիստրոսական ծրագրով սովորելու համար. փոխառություն/կրթաթոշակ կշնորհվի նրանց, ովքեր չունեն պարտավորություն ՀՀ ԶՈՒ նկատմամբ:
  • Ասպիրանտուրա
    Հատուկ հանձնաժողովի կողմից կընտրվեն ասպիրանտական այն ծրագրերը, որոնց հետազոտության թեման համապատասխանում է ՀՀ տնտեսական աճի և զարգացման առաջնահերթություններին՝ սահմանված ՀՀ կառավարության կողմից:

Փոխառության/կրթաթոշակի բաշխում

«Լույսը» փոխառություն կամ կրթաթոշակ է շնորհում առցանց հայտը լրացրած առաջին 10 ուսանողներին, ովքեր դիմում են պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթով: Յուրաքանչյուր համալսարանի համար

  • առավելագույնը 7 տեղ կհատկացվի ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող դիմորդներին,
  • առավելագույնը 3 տեղ՝ հայազգի այլ դիմորդներին

Փոխառության/կրթաթոշակի չափի սահմանում

ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող դիմորդներ․

  • կհատկացվի կրթաթոշակ ուսման ընդհանուր ծախսերի մինչև 50 տոկոսի չափով` ուսման ավարտին Հայաստան վերադառնալու և Հայաստանում կամ Արցախում առնվազն երեք տարի աշխատելու պայմանով:
    * Այս պայմանը կատարելու համար կրթաթոշակառուին կարող է տրամադրվել մինչև մեկ տարի ժամանակ:
  • ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող այն դիմորդները, ովքեր ուսման ավարտից հետո Հայաստան կամ Արցախ վերադառնալու և երեք տարով պետական ոլորտում աշխատանքի անցնելու պարտավորություն կստանձնեն, կարող են ստանալ հավելյալ ֆինանսավորում ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան ուսման ընդհանուր ծախսերի 75 տոկոսը:

Հայազգի այլ դիմորդներ․

  • կհատկացվի կրթաթոշակ ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով՝ «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին մասնակցության պայմանով:
  • Այն կրթաթոշակառուները, ովքեր ուսման ավարտից հետո Հայաստանում կամ Արցախում հաստատվելու և առնվազն երեք տարով աշխատանքի անցնելու պարտավորություն կստանձնեն, կստանան հավելյալ ֆինանսավորում ուսման ընդհանուր ծախսերի մինչև 25 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի քան ուսման ընդհանուր ծախսերի 50 տոկոսը:

«Լույսի» կրթաթոշակառուների պարտականությունները

«Լույս» հիմնադրամն իր ծրագրերի և նախագծերի միջոցով խրախուսում է կրթաթոշակառուներին նշանակալի դերակատարում ունենալ Հայաստանի զարգացման գործում, հպարտորեն ներկայացնել Հայաստանն աշխարհում՝ դառնալով երկրի դեսպանը գիտության, նորարարության ու մշակույթի ոլորտներում։

«Լույսի» փոխառությունը դիտարկվում է որպես կրթաթոշակ, երբ ուսանողը կատարում է ուսումնառության յուրաքանչյուր տարվա համար պայմանագրով ստանձնած բոլոր պարտականությունները:

ՀՀ քաղաքացի և մշտական բնակիչ հանդիսացող կրթաթոշակառուների հիմնական պարտականությունները

  • Վերադառնալ Հայաստան ուսման ավարտից հետո և առնվազն 3 տարի ապրել ու աշխատել Հայաստանում կամ Արցախում:
  • Մասնակցել «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին:
  • Մասնակցել Մենթորության ծրագրին՝ մենթոր դառնալով 15-25 տարեկան հայաստանցի երիտասարդների համար:
  • Նվիրաբերել երկու մասնագիտական գիրք «Լույս» հիմնադրամի գրադարանին և ուսանողի համալսարանի մասին տեղեկատվական նյութեր:

Հայազգի այլ կրթաթոշակառուների հիմնական պարտականությունները

  • Մասնակցել «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին:
  • Մասնակցել Մենթորության ծրագրին՝ մենթոր դառնալով 15-25 տարեկան հայաստանցի երիտասարդների համար:
  • Նվիրաբերել երկու մասնագիտական գիրք «Լույս» հիմնադրամի գրադարանին և ուսանողի համալսարանի մասին տեղեկատվական նյութեր:

* Լրացուցիչ պայման է նախատեսվում Փոխառության/կրթաթոշակի չափի սահմանում բաժնի համապատասխան կետում։

ՆՇՈՒՄ․ «Լույսի» հատկացրած գումարը կդիտարկվի որպես փոխառություն, եթե շահառուն չկատարի «Լույսի» պայմանագրով ստանձնած և վերը ներկայացված պարտականությունները կամ կատարի մասամբ: Այդ դեպքում շահառուն պետք է վերադարձնի գումարը Հիմնադրամին՝ համաձայն պայմանագրի։

Պահանջվող փաստաթղթեր
Կցվող փաստաթղթերի ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի 20Mb-ը։

*Նշում․ պահանջվող փաստաթղթերի վերջնական ցանկը թարմացվել է։ Խնդրում ենք ծանոթանալ վերջնական թարմացումներին առցանց հայտադիմումը լրացնելուց առաջ։

ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն վավեր անձնագրի բոլոր լրացված էջերի պատճենները, այդ թվում՝ գրանցման հասցեի էջը, ինպես նաև ամեն տեսակի վիզաներ և կնիքներ պարունակող էջերը:

Ուսանողը չի կարող դիմել «Լույսի» կրթաթոշակին, եթե համալսարանից միայն պայմանական հրավեր է ստացել (Conditional Offer):

Եթե Դուք արդեն իսկ սովորում եք համալսարանում, որի համար դիմում եք «Լույսին», պետք է կցվող մեկ փաստաթղթում համադրեք հետևյալ փաստաթղթերը՝
• համալսարանից ստացած ոչ պայմանական՝ վերջնական հրավերը,
• պաշտոնական նամակ համալսարանից այն մասին, որ ներկայումս տվյալ համալսարանի ուսանող եք և իրավունք ունեք շարունակելու ուսումը հաջորդ ուսումնական տարվա ընթացքում, որի համար էլ դիմում եք «Լույսին»։

Ուսանողը կարող է դիմել «Լույսին» միայն այն դեպքում, եթե արդեն իսկ դիմել է իր ընտրած համալսարանի ֆինանսական աջակցության գրասենյակ: Համալսարանի ֆինանսական հայտը պետք է լինի թարմ և ներկայացվի տվյալ ուսումնական տարվա համար, որպեսզի ուսանողն ստանա «Լույսի» կրթաթոշակ: Ուսանողը չի կարող «Լույսին» ներկայացնել բուհի` նախորդ տարվա ֆինանսական հայտը: Եթե բուհի որևէ կրթաթոշակի չեք համապատասխանում, խնդրում ենք ներկայացնել բուհից պաշտոնական նամակ այդ մասին` զուգահեռ դիմելով այլ հիմնադրամների ևս (նվազագույնը մեկ այլ հիմնադրամ):
Առանձին հայտաձևի բացակայության պայմաններում «Լույսին» դիմելիս պետք է կցել համալսարանի կողմից ֆինանսավորման մասին փաստաթուղթը (հավաստումը կամ մերժումը) կամ նամակն այն մասին, որ Ձեզ ֆինանսավորելու հարցը քննարկման փուլում է:

Եթե Դուք արդեն իսկ սովորում եք համալսարանում, որի համար դիմում եք «Լույսին», ապա պետք է կցեք Ձեր համալսարանի կողմից տրված պաշտոնական փաստաթուղթ, որը կներառի Ձեզ տրվող ֆինանսական աջակցության վերաբերյալ տեղեկություն ներկա և հաջորդ ուսումնական տարիների համար։

Եթե նման առանձին փաստաթուղթ չկա, դիմորդը համալսարանին ուղղված իր հայտից պետք է առանձնացնի կամ նշի այն հատվածները, որոնք պատասխանում են մասնագիտական նպատակների և ապագա անելիքների մասին հարցերին, և կցի «Լույսի» կրթաթոշակի հայտին:

«Լույսին» ուղղված հիմնավորող նամակը կարող է գրվել կա՛մ հայերեն, կա՛մ անգլերեն: Ծավալը՝ առնվազն 250 բառ։

Կենսագրութունը պետք է գրված լինի առաջին դեմքով և արձակ շարադրանքով. ռեզյումեի կամ CV-ի տարբերակը չի ընդունվում: Կենսագրությունը պետք է տեղեկատվություն պարունակի դիմորդի ծննդյան ամսաթվի, վայրի վերաբերյալ, ինչպես նաև կրթական ու մասնագիտական անցած ուղու մասին: Խնդրում ենք հայերեն կենսագրության տեքստը կազմելիս օգտագործել յունիկոդային տառատեսակներ, օրինակ` Sylfaen կամ Arial AMU: Կենսագրությունը գրելու ձևին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել Հայկական աշխարհի էջ` www.luys.am/en/students/index.

Կենսագրութունը պետք է գրված լինի առաջին դեմքով և արձակ շարադրանքով. ռեզյումեի կամ CV-ի տարբերակը չի ընդունվում: Կենսագրությունը պետք է տեղեկատվություն պարունակի դիմորդի ծննդյան ամսաթվի, վայրի վերաբերյալ, ինչպես նաև կրթական ու մասնագիտական անցած ուղու մասին: Կենսագրությունը գրելու ձևին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել Հայկական աշխարհի էջ` www.luys.am/en/students/index.

Հայտաձևին պետք է կցել բարձր հստակության պաշտոնական լուսանկար, որում պետք է հստակ երևա ուսանողի դեմքը: Նկարում դիմորդը չպետք է կրի դեկորատիվ (արևային) ակնոց կամ գլխարկ: Լուսանկարը չի կարող նաև կտրված լինել խմբային այլ նկարից: Նախընտրելի է, որ ուսանողը լուսանկարում ժպտա, սակայն պետք հիշել, որ այն տեղադրվելու է հիմնադրամի կայքում` www.luys.am.


Լրացուցիչ փաստաթղթեր ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց համար

Եթե ո´չ ուսանողի, ո´չ նրա ծնողների անձնագրում նշված չէ ազգությունը, ապա պետք է ուղարկել նաև ծնողների ծննդյան վկայականները և մեծ ծնողների (տատ ու պապ) փաստաթղթերը:

Ծնողի անձնագիրը պետք է ապացուցի դիմորդի հայկական ծագումը:

Մկրտության վկայականի բացակայության պայմաններում պետք է ներկայացնել փաստաթղթեր, որոնք ապացուցում են հայությունը (անձնագիր, ծննդյան վկայական): Եթե փաստաթուղթը հայերեն, ռուսերեն կամ անգլերեն չէ, խնդրում ենք ապահովել դրա համապատասխան թարգմանությունը և ուղարկել բնօրինակի հետ միասին:


Լրացուցիչ փաստաթղթեր (չի վերաբերում 1-ին կուրսի ուսանողներին)

Անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնական փաստաթուղթ, որը կպարունակի դիմորդի ամենավերջին ՄՈԳ-ը: Եթե համալսարանը չի օգտագործում ՄՈԳ համակարգ, թույլատրվում է ներկայացնել առաջադիմության թերթիկ (transcript):

Լրացուցիչ տեղեկություններ դիմորդների համար

  • Դիմորդները պետք է ներկայացնեն անձը հաստատող կամ այլ փաստաթուղթ, որ կապացուցի անմիջական հայկական արմատների գոյությունը: Հայաստանի քաղաքացի դիմորդները պետք է ներկայացնեն վավեր անձնագիր կամ ՀՀ նույնականացման քարտ: Ոչ քաղաքացիներին խնդրում ենք ներկայացնել ծննդյան վկայական, ծնողի անձնագիր (հայկական ծագում ունեցող մոր կամ հոր) կամ մկրտության վկայական (ապացույց, որ դիմորդը մկրտվել է հայկական եկեղեցում):
  • Ուսանողը չի կարող դիմել «Լույսի» կրթաթոշակին, եթե համալսարանից միայն պայմանական հրավեր է ստացել (Conditional Offer):
  • Ուսումնառությունը պետք է լինի առկա համակարգով կրթական ծրագրի ողջ ընթացքում: Շահառուն չի կարող հետաձգել կրթաթոշակի ստացումը:
  • Ուսանողը կարող է դիմել «Լույսին», միայն եթե արդեն իսկ դիմել է իր ընտրած համալսարանի ֆինանսական աջակցության գրասենյակ: Համալսարանի ֆինանսական հայտը պետք է լինի թարմ և ներկայացվի տվյալ ուսումնական տարվա համար, որպեսզի ուսանողը ստանա «Լույսի» կրթաթոշակ: Ուսանողը չի կարող «Լույսին» ներկայացնել բուհի` նախորդ տարվա ֆինանսական հայտը:
  • Ուսանողը չի կարող երկու անգամ դիմել հիմնադրամին նույն ակադեմիական աստիճանի համար, օրինակ` երկրորդ անգամ մագիստրատուրայում սովորելու համար:
  • «Լույսից» կրթաթոշակ կարելի է ստանալ միայն մեկ ակադեմիական աստիճանի համար: Հաջորդ ակադեմիական փուլ անցնելու դեպքում (բակալավրիատից մագիստրատուրա և մագիստրատուրայից ասպիրանտուրա) երկրորդ անգամ «Լույսի» աջակցությանը դիմելիս ուսանողը կհայտնվի սպասողների շարքում: Նրան կրթաթոշակ կշնորհվի, միայն եթե համալսարանին հատկացված 10 տեղերի շարքում ազատ հնարավորություն լինի:

* Լրացուցիչ հարցերի պատասխաններն իմանալու համար խնդրում ենք այցելել կայքի Հարցեր բաժին։

Հաստատված համալսարանների ցանկ

Դիտել ցանկը

Ուղարկեք Ձեր հարցը

«Լույսի» կրթաթոշակի ծրագրի հետ կապված Ձեր հարցերը, որոնց պատասխանները ներկայացված չեն «Հարցեր» բաժնում, կարող եք ուղղել Հիմնադրամին՝ լրացնելով այս հայտաձևը:


Ուղարկեք Ձեր հարցը

Առցանց հայտաձև

Դիմել
Back to top