Լույս
Զարգացնենք Հայաստանը

"Լույս"-ի Զարգացնենք Հայաստանը ծրագիր (ԶՀԾ). ծրագրի աստիճանական իրականացումը կսկսվի 2010 թ.-ին:

"Լույս"-ի Զարգացնենք Հայաստանը ծրագիրը ստեղծում է ուսումնական ցանցեր եւ առաջարկում ուսումնառության նոր տեսակ


ԼԱՀ-ի գերխնդիրն է` կառուցել անմիջական շփումների վրա հիմնված կրթական միջավայր, որը մեր աշխարհի յուրատեսակ մանրակերտը կլինի, մի այնպիսի միկրոաշխարհ, որտեղ մարդիկ կբացահայտեն, թե ինչպես կարող են անհատական ծրագրերով ու նախագծերով իրենց նպաստը բերել ոչ միայն ընդհանուր առմամբ աշխարհին, այլեւ, մասնավորապես, Հայաստանին ու նրա երիտասարդությանը:

ԼԱՀ-ը կառուցում է առանձին ցանցերից կազմված մի մեծ ցանց, որտեղ միահյուսված են տարբեր ոլորտների հետազոտողների, քաղաքագետների եւ ձեռներեցների միջեւ գաղափարների փոխանակման բարձրակարգ "անտեսանելի, ոչ ֆորմալ քոլեջներ": Ամեն ամառ "Լույս" հիմնադրամն իր շուրջը կհավաքի առաջադեմ մտածողների եւ պրակտիկայով զբաղվող մասնագետների, որպեսզի նրանք ապրեն ու աշխատեն կողք-կողքի, միմյանց հետ կիսեն իրենց փորձը այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են` տեղեկատվական տեխնոլոգիաները եւ մեդիա դիզայնը, մանկավարժական տեսությունը, ձեռներեցությունը, հանրային կառավարումը եւ իրավունքը, երաժշտությունն ու արվեստը, ինչպես նաեւ` միջմշակութային հաղորդակցությունը:

Տնտեսական եւ տեխնոլոգիական առաջընթացն այնքան է արագացել, որ գլխավոր եւ առավել մրցունակ հմտությունն այսօր սովորելու հմտությունն է՝ ինչպես անհատների, այնպես եւ կազմակերպությունների ու պետությունների դեպքում: Հիմնական խնդիրն է՝ ոչ թե սերտել մի ամբողջ շարք պատրաստի հմտություններ ու տեղեկություններ, այլ սովորել, թե ինչպես պետք է ճանաչել ու շարունակաբար յուրացնել նորանոր գիտելիքներ: Տնտեսական նոր իրավիճակը, որ բնութագրվում է արտադրության խնայողական եւ խելամիտ կազմակերպմամբ ու նորամուծությունների անընդհատ հոսքով, պահանջում է կրթության համապատասխանաբար նոր տեսակ, երբ սովորելը զատված չէ գործելուց: Սա ինտերակտիվ, համատեղ կրթություն է՝ որպես կյանքի ողջ տեւողությանն ուղեկցող գործընթաց:

ԼԱՀ-ն առաջարկում է ֆիզիկական տարածք, որտեղ կարող է ծնունդ առնել բազմազգ մշակույթ եւ սովորելուն տրամադրող տոնական մթնոլորտ: ԼԱՀ-ի տեսակետից՝ մարդկային շփումների արվեստը ճշմարիտ համագործակցության անհրաժեշտ բաղադրիչն է: Այստեղ մարդիկ հնարավորություն ունեն միեւնույն միջավայրում ապրել, աշխատել ու միասնաբար մտածել՝ բացելով իրենց մտածողությունը ամենաանկանխատեսելի եղանակներով:

Ժամանակակից մեդիայի նորանոր միջոցների ի հայտ գալը, ինչպիսիք են "համաշխարհային սարդոստայնը" (World Wide Web), էլեկտրոնային փոստը, հեռահամաժողովների անցկացումը (teleconferencing), հաղորդագրությունների ակնթարթային փոխանակումը, մատչելի ինտերնետային հեռախոսակապը (IP telephone and Skype communications) եւ օն-լայն ցանցերը հնարավորություն են տալիս մարդկանց հաղորդակցվել միմյանց հետ՝ անտեսելով տարածությունն ու ժամային գոտիները: Անսպասելիորեն, հաղորդակցության այս միջոցների լայնածավալ կիրառումը մարդկանց մոտ է՜լ ավելի է սրել դեմառդեմ համագործակցության անհրաժեշտությունը, քանզի անմիջական, կենդանի շփումը հույժ անհրաժեշտ է՝ գնահատելու համար մարդկանց բազմատեսակ որակները եւ թե՝ ինչ ունեն նրանք առաջարկելու:

Մեր պատկերացմամբ՝ ԼԱՀ-ը մտքերի արհեստանոց է, արվեստանոց, սրահ, ստուդիա, ժողովատեղի եւ ֆորում` այն ցանցի համար, որն արդեն իսկ գոյություն ունի մշակութային, պետական եւ մասնագիտական սահմաններից դուրս: Գիտակցելով, որ ծնունդ է առնելու բազմազգ մշակույթ, մենք կամենում ենք տեղավորել այն նոր տեսակի ֆիզիկական տեղանքում, եւ այս փորձը կարող է հետագայում տարածվել աշխարհով մեկ:

"Լույս"-ի Զարգացնենք Հայաստանը ծրագիրը ստեղծում է միասնական գիտելիքի ֆոնդ

"Լույս" հիմնադրամն այն վայրն է, ուր մարդիկ փոխնիփոխ դառնում են սովորող եւ ուսուցիչ, կոփված փորձառուներ եւ նորելուկ պրպտողներ: Հմուտ մասնագետներն անգամ ակնկալում են խորացնել եւ ընդլայնել իրենց գիտելիքները՝ վարակվելով նորելուկների բերած թարմ շնչով:

ԼԱՀ-ում մենք մտադիր ենք հաշվի առնել գոյություն ունեցող լավագույն փորձը եւ հենց այդ հիմքի վրա կառուցել մեր սեփականը:

Շարունակական մենթորության ծրագիր. "բրեյնսթորմինգ" քննարկումների սրահներ

Ծրագիրը կողք-կողքի է հավաքում տեսական ու գործնական ոլորտների ներկայացուցիչների, որոնք հանձն են առնում ամեն ամառ հանդիպել՝ որեւէ կոնկրետ թեմա քննարկելու, ներկայացնելու դրա վերաբերյալ ամենաթարմ տեղեկատվությունը, որպեսզի ստեղծվի մի նոր համադրություն, ինչի մասին կարելի է տեղեկացնել միջազգային հանրությանը: Այս քննարկումներին մասնակցում են մարդիկ, ովքեր ստեղծագործում են, լայն ճանաչում ունեն աշխարհում եւ իրենց ասպարեզներում՝ նշանակալի գաղափարների եւ ներդրման համար: Ուսումնական տարվա մնացած ժամանակահատվածում նրանք օն-լայն ռեժիմով կշարունակեն համատեղ աշխատել ու մտածել:

"Ժառանգության" արվեստանոցներ

Այս ծրագրով "Լույս"-ի ուսանողներին ու գիտնականներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալ Հայաստանի հարուստ մշակույթին, արվեստին, լեզվին, պատմությանն ու ոգուն: Սա մի վայր է, ուր նրանք պատկերացում կստանան Հայաստանի եւ այն ամենի մասին, ինչով երկիրը կարող է ներկայանալ աշխարհին:

Տեղեկատվական եւ հետազոտական սրահներ

"Լույս" հիմնադրամի հետ համագործակցող եւ համաշխարհային ցանցում ընդգրկված նորարարները շարունակաբար սովորելու են մեկը մյուսից: Այսպիսով բնական ուղի է ստեղծվում գիտահետազոտական, արտադրական եւ բազում այլ ոլորտների ամենաթարմ զարգացումների ու լավագույն ձեռքբերումների տարածման համար: Սա սովորելու եւ սովորեցնելու նոր գործիքների ու միջոցների տարածման ճանապարհն է:

Մանկական սրահ

Ծրագիրը նախատեսում է, որ ԼԱՀ-ի հարուստ առօրյան կարող է օգտակար լինել հարեւանությամբ գտնվող ավագ դպրոցների աշակերտության համար: Դպրոցականներին մենք կհրավիրենք այստեղ՝ ինքնարտահայտվելու, տեխնոլոգիաներից օգտվելու եւ մեծ երազանքներ փայփայելու համար:

Հայաստանի ավագ դպրոցականների մենթորության ծրագիրը բացում է դեպի բարձրագույն կրթություն տանող նոր ուղիներ

"Լույս"-ի ուսանողներն իրենց ընտրությամբ որեւէ դասընթաց կվարեն ավագ դպրոցների աշակերտների հետ՝ միաժամանակ ուսումնական ողջ տարվա ընթացքում կանոնավորապես կապ պաշտպանելով նրանց հետ: Սա աշակերտների համար լավ հնարավորություն է՝ անմիջականորեն սովորել նրանցից, ովքեր ավելի հասուն են, բայցեւ՝ իրենց պես երիտասարդ: Բացի այդ, տեղի կունենան օգտակար ու բովանդակալից քննարկումներ, որոնք կօգնեն նրանց՝ պատկերացումներ ձեւավորել իրենց ապագայի մասին:

Գործարար եւ հետազոտական ծրագիր

"Լույս" հիմնադրամը կկազմակերպի հանդիպումներ, ծանոթություններ, "բրեյնսթորմինգ" քննարկումներ, որոնք էական նշանակություն ունեն ինչպես "Լույս"-ի ուսանողների ու գիտնականների, այնպես եւ Հայաստանի գործարարների ու հետազոտողների համար: Սա լավ հնարավորություն է այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են ճանաչելի դառնալ թե՜ Հայաստանում եւ թե՜ նրա սահմաններից դուրս:

"Լույս"-ի նորարարության մրցույթը

"Լույս"-ի նորարարության մրցույթը (մշակված է MIT-ի "Ուսանողական գաղափարների մրցույթի" օրինակով) հնարավորություն է տալիս "Լույս"-ի ուսանողներին իրենց ստեղծագործական մտքերն ու գաղափարները ներդնել այնպիսի ծրագրերում, որոնք դրական արդյունք կունենան Հայաստանի համար: Մասնակիցներն աշխատում են թիմերով՝ մշակելով նախագծեր, գծագրեր, ռազմավարություն, նյութեր եւ մեխանիզմներ, որոնք օգտակար կլինեն Հայաստանի համար: "Լույս"-ի լավագույն նորարարական ծրագրերը կարժանանան մրցանակների, ինչի մասին կհայտարարվի Զարգացնենք Հայաստանը ծրագրի ընթացքում: "Լույս"-ի՝ մրցանակների արժանացած նորարարական խմբերը կարող են արդյունավետորեն օգնել առանձին համայնքների` լուծելու իրենց հիմնախնդիրները:

"Լույս"-ի նորարարության մրցույթն ընդգծում է Հիմնադրամի ստանձնած պարտավորությունը՝ սատարել ուսանողական ձեռնարկներին: Մրցույթը հնարավորություն է տալիս, որպեսզի ուսանողները ստեղծագործեն` գիտակցելով, որ ունակ են կարեւոր գործ կատարել Հայաստանի համայնքների համար:

"Լույս"-ը՝ Հայաստանի ուսումնական հաստատությունների գործընկեր

"Լույս"-ը գործակցում է Հայաստանի ուսումնական հաստատությունների հետ՝ երկրի տաղանդավոր ուսանողներին խրախուսելու, աջակցելու նպատակով: "Լույս"-ն առաջարկում է իր ուսումնական ցանցերը, որպեսզի խթանի սովորողների առաջադիմությունը, թույլ տա նպատակասլաց ուսանողներին՝ առավելագույնս դրսեւորել իրենց ներուժը եւ ներգրավվել "Լույս"-ի ուսանողական բարձր մակարդակի միջազգային խմբերում, համագործակցել վերջիններիս հետ ու մտածել նրանց հետ միասին:

"Լույս"-ի ուսումնական ցանցում գրանցված լինելը խթան կդառնա գերազանց առաջադիմությամբ ուսանողների համար, որպեսզի նրանք պարապեն ու սովորեն իրենց ունակությունների առավելագույնով: Այդ նպատակով մշակվելու է լրացուցիչ (արտալսարանային) ուսումնական ծրագիր, որի շրջանակում ուսանողները կարող են շփվել, համագործակցել եւ աշխատել առաջնակարգ փորձագետների, լավագույն գիտնականների, դասախոսների, ուսուցիչների եւ մասնագետների հետ՝ գտնվելով բազմաառարկայական (բազմադիսցիպլինար) կրթական միջավայրում:

"Լույս"-ի Զարգացնենք Հայաստանը ծրագիրը սերմանում է անհատական աճի ձգտում եւ պատասխանատվության զգացում

ԼԱՀ-ն ուսանողների մեջ բորբոքում է պատասխանատվության, ոգեւորության զգացում եւ հրավիրում նրանց՝ համատեղ կերտելու ապագայի տեսլականը եւ խորհելու ուսումնառության ընթացքում հանդիպած այն իրավիճակների շուրջ, որոնք փոխակերպիչ (տրանսֆորմատիվ) ներգործություն են ունեցել իրենց վրա: Այս ամենի ընկալումը կօգնի նրանց աճել անհատապես:

ԼԱՀ-ի մեր "բրեյնսթորմինգ" քննարկումներում մենք կճանաչենք ոչ միայն ներկայիս իրականությունն ու դժվարությունները, այլեւ այն տեսլականը, որ վեր է կանգնած այդ ամենից եւ տանում է դեպի կայունություն: Մեր առջեւ դրված են հետեւյալ կարեւոր հարցերը. ի՞նչ է մեզ անհրաժեշտ հասկանալ, ո՞ւր ենք գնում եւ ի՞նչ ունենք արդեն, որի վրա պետք է կառուցվի մնացյալը:

    1 հաղորդագրություն:            1. “ԼուՅսաբանում” թիմ       “Լույսը” համալրում է “ԼուՅսաբանում” թիմը: Խնդրում ենք լրացնել հայտաձևը և ուղարկել luysabanum@luys.am հասցեին մինչև 2012 թ. փետրվարի 10-ը:
© 2009-2012 "ԼՈՒՅՍ" ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԿՐԹԱԿԱՆ: Կապ | Կայքի քարտեզ