Ծնվել եմ 1989 թ. Հայաստանում՝ Մեծ Մասրիկ գյուղում: Կրթությունս սկսել եմ տեղի հիմնական դպրոցում: 2003 թ.-ին հաղթելով օժտված երեխաների մրցույթում` ընդունվել եմ «Քվանտ» վարժարան: Ընդունելությունը Հայաստանի լավագույն ավագ դպրոցներից մեկը իմ առաջ բացեց բոլորովին նոր աշխարհ. բազմաթիվ մրցույթներ և օլիմպիադաներ, գրավիչ դասեր, հիանալի ուսուցիչներ: Միջավայր, որը մղում էր բարձր ստեղծագործական աշխատանքի և ձեռքբերումների: Ես ակտիվորեն մասնակցել եմ վարժարանի կյանքին, պարգևատրվել բազմաթիվ պատվոգրերով և մրցանակներով բնագիտական տարբեր օլիմպիադաներում: Դարձել եմ աստղագիտության և ֆիզիկայի հանրապետական օլիմպիադաների հաղթող:
2006 թ. Ավարտել եմ ավագ դպրոցն ու ընդունվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ: ԵՊՀ-ում կազմակերպվածությունը և ինքնուրույն աշխատանքը օգնեցին ինձ հասնել հաջողությունների: Իմ ջանասիրությունը շուտով փոխհատուցվեց. 2009-ին արժանացա ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի 1-ին մրցանակին լավագույն բակալավր անվանակարգում, 2010-ին ճանաչվեցի ԵՊՀ լավագույն ուսանող: Վերջին երկու տարվա ընթացքում հաղթել եմ արծաթե և ոսկե մեդալներ միջազգային մաթեմատիկական մրցույթներում:
Արդեն երեք տարի է` համագործակցում եմ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի առաջատար գիտնականների հետ: Այժմ ներգրավված եմ գիտական աշխատանքի մեջ պրոֆեսոր Մանվելյանի ղեկավարությամբ: Խնդիրը վերաբերվում է դաշտի քվանտային տեսության շրջանակներում բարձր սպիններով մասնիկների փոխազդեցությանը: Վերջերս տպագրվեց աշխատանքի առաջին մասը Physics Letter B ամսագրում:
2011-ին ընդունվել եմ Ցյուրիխի տեխնոլոգիայի ֆեդերալ ինստիտուտ:
Ժամանակակից աշխարհում, երբ գիտելիքն է դարձել գլխավոր զենքը, ամեն համայնքի համար կարևոր արժեքները խոր գիտելիքներ և լայն աշխարհայացք ունեցող մարդիկ են: Հայկական աշխարհի համար առավել կարևոր է այս հարցը: Իմ ապագայի կարևորագույն խնդիր է դառնալ միջազգային ճանաչում ունեցող գիտնական, ստեղծել գիտական համագործակցություններ Հայաստանի և միջազգային գիտական հանրության միջև, Հայաստան բերել միջազգային ճանաչում ունեցող հաստատությունների փորձն ու գիտելիքները: