Մենթորությունը գործընկերություն է «Լույսի» ուսանողի՝ մենթորի և 15-25 տարեկան հայաստանցի երիտասարդի՝ մենթիի միջև։ Մենթորությունն օգտակար է երկու կողմերի համար․ մենթիները խորհուրդ և ուղղորդում են ստանում, իսկ մենթորները փոխանցում են իրենց գիտելիքն ու հմտությունները և դրական օրինակ ծառայում։
Մենթոր-մենթի․ փոխուսուցանող համագործակցություն
Մենթորությունը գործակցություն է, որի դեպքում միմյանցից սովորում են երկու կողմերը․ մենթորը պետք է պատրաստ լինի տրամադրելու իր ժամանակը և փոխանցելու գիտելիքը, իսկ մենթին՝ ներդնելու բոլոր ջանքերը լավագույն արդյունքն ապահովելու համար։ Համագործակցության արդյունքում մենթոր-մենթի խմբերն առաջարկում են Հայաստանի զարգացմանն ուղղված նախագծեր։ Մենթիները մենթորի հետ համագործակցության շնորհիվ զարգացնում են նաև աշխատանքային բարձր էթիկա։ Ուսումնական տարվա ավարտին մենթորները պետք է երաշխավորող նամակ գրեն իրենց մենթիների համար՝ անդրադառնալով վերջիններիս անհատական ու մասնագիտական զարգացմանը ողջ ծրագրի ընթացքում։
Ներդրում մտավոր կապիտալի մեջ
«Լույսի» մենթորության ծրագրի մասնակիցները ձեռք են բերում գլոբալ մարտահրավերների հաղթահարման և մերօրյա բարդ աշխարհում հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտություններ ու գիտելիք` հաղորդակցվելու և համագործակցելու կարողություններ, բանակցելու և խնդիրներ լուծելու արվեստ, թիմ ձևավորելու ունակություններ, ստեղծարարություն և նորարարություն, համակարգված մտածողություն և առաջնորդություն, սոցիալապես պատասխանատու կեցվածք, էթիկա և այլն։
«Լույսի» հետ աշխատանքի ընթացքում մենթիներն իրենց ձեռք բերած հմտություններն ու գիտելիքն անմիջապես կիրառում են գործնականում` կազմակերպելով և մասնակցելով մի շարք ծրագրերի ու նախագծերի` «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագիրը, Գիտելիքի փառատոնը, ձեռներեցության զարգացմանն ուղղված նախագիծը՝ Seeding Entrepreneurial Ecosystem (SEE), և այլն։
Հավաստագիր
«Լույսի» մենթորության ծրագրի բարեհաջող ավարտին մենթիներն իրենց ներդրումը և կատարած աշխատանքը փաստող հավաստագիր են ստանում: