Մարդկային կյանքը նման է ժամացույցի. արագ շարժվող մեծ սլաքն արձանագրում է մոտ ապագան, իսկ դանդաղաշարժ փոքր սլաքը` երազանքների երկարաժամկետ իրականացումը: Որոշ մարդիկ սիրում են ապրել իրենց երազներում, մյուսները կառչած են շոշափելի իրականությունից: Ես նախընտրում եմ այն եզակի պահերը, երբ ժամացույցի երկու սլաքները հանդիպում են: Ինձ համար իրականությունն ավելին է, քան առօրյան, իսկ երազանքն ավելին է, քան փախուստն աղմկոտ իրականությունից: Ճշմարիտ երազանքները հարստացնում են իրականությունը, իսկ իմաստալից իրականությունը մեզ առաջնորդող երազանքներ է ծնում:
Իմ երկիրն այժմ ապրում է հետսովետական ժամանակաշրջանում: Մարդիկ վստահ չեն իրենց ապագայի հանդեպ, իսկ անցյալի կարծրատիպերը դեռևս գերակայում են նրանց մտքերում: Դեպի ապագան նպատակաուղղված մտածելակերպը նրանց համար շռայլություն է: Զարգացման երկարաժամկետ ծրագրերը և մեծ գաղափարները հասարակության անցուդարձի մասը չեն կազմում:
Այդ կարծրատիպերը կոտրելու և իմ երկրի համար որևէ օգտակար գործ անելու ցանկությունը տարավ ինձ "Այբ" կրթական հիմնադրամի շուրջը համախմբված մտավորականների և հեռատեսների մոտ: "Այբ"-ի հիմնադիրներն աշխարհի տարբեր կողմերից համախմբվել են կրթական և մշակութային նոր միջավայր ստեղծելու գաղափարի շուրջ: Այստեղ ես ինձ ներդաշնակ զգացի արգասավոր և հեռանկարային իրականության մեջ: Ես զգացի, որ իմ երազանքներն ու ջանքերը անհեթեթ չեն և իմաստավորում են մոտ ապագան: "Այբ" կենտրոնում ավագ դպրոցի շնորհալի աշակերտների մի խմբի սկսեցի քիմիա դասավանդել` նոր մեթոդներ օգտագործելով: Դասերը կազմակերպված էին միջգիտակարգային մոտեցումով: Ես դասավանդում էի ֆիզիկայի ուսուցչի հետ` ներկայացնելով միևնույն երևույթը տարբեր տեսանկյուններից: Ինձ ոգևորում էր սովորելու ցանկություն ունեցող մարդկանց դասավանդումը, ինչպես նաև իմ գիտելիքների ու փորձառության հղկման գործընթացը:
Որոշ ժամանակ անց գիտակցեցի, որ անհնար է դասավանդել միայն դասագրքով: Հասկացա, որ լավ ուսուցիչ լինելու համար անհրաժեշտ է ներգրավվել հետազոտական աշխատանքներում: Դա ինձ ի վերջո տարավ Բժշկական գենետիկայի և առողջության պահպանման կենտրոն, որտեղ մասնակցեցի մի հետաքրքիր հետազոտական ծրագրի. մենք տարբեր մեթոդական հնարքներ էինք գործածում արտահայտված և կայուն ԴՆԹ շղթաներ ստանալու համար, որոնք կարող էին տարբեր գենետիկ հիվանդությունների ախտորոշման համար կիրառվել: Գիտությունից բացի, լաբորատոր աշխատանքներն ինձ սովորեցրին, թե որքան անպաշտպան է մարդկային կյանքը, ինչն էլ էլ ավելի բարձրացրեց իմ պատասխանատվության զգացումը:
Էկոլոգիան հետսովետական երկրների գլխավոր հիմնախնդիրներից է: Մարդիկ չափազանց անփույթ են շրջակա միջավայրի հանդեպ ճիշտ այնպես, ինչպես սեփական առողջության նկատմամբ: Հանրությանն օգնելու ցանկությամբ առաջնորդվելով` ես միացա "Կանայք` սերունդների կանաչ ճանապարհի համար" հասարակական կազմակերպությանը, որը զբաղվում է շրջակա միջավայրի, առողջության և կայուն զարգացման խնդիրներով:
Ես աշխատել եմ այնպիսի ծրագրերում, որոնք նպատակ ունեին բարձրացնել ծխելու, շրջակա միջավայրի աղտոտվածության և համաշխարհային տաքացման վտանգների մասին իրազեկությունը: Ես մեծ ջանքեր գործադրեցի, որ մարդիկ արժևորեն իրենց կյանքը և զգուշավոր լինեն իրենց ապագայի հանդեպ:
Մարդկային կյանքի թերացումները ես դիտարկում եմ իմ սեփական անկատարության տեսանկյունից: Ես պատրաստ եմ փոխվել: Ես ձգտում եմ կատարելագործվել, միևնույն ժամանակ չեմ գերագնահատում իմ ջանքերի կարևորությունը: Իմ ձեռքբերումները երբեք չեն բավարարի ինձ, եթե դրանք չեն ծառայում ի շահ ուրիշների:
Ամեն անհատ ունի իր ժամացույցը: Իմն առաջ է շարժվում` ավելի լավ ապագայի ակնկալիքով:
English
Հայերեն


