Ծնվել եմ 1989 թ.-ին Երևանում: Մանկությունս անցկացրել եմ Արմավիրի մարզի Շահումյան գյուղում: Սկզբնական ուսուցումս ստացել եմ տեղի միջնակարգ դպրոցում: Երկու տարի սովորելուց հետո տեղափոխվեցինք Երևան: Չորս տարի սովորելով Գրիգոր Նարեկացու անվան դպրոց-վարժարանում` լսեցի “Քվանտ” վարժարանի մասին: Մասնակցելով “օժտված երեխաների” մրցույթին` գրավեցի առաջին տեղը և հնարավորություն ստացա ուսումս անվճար շարունակելու Հայաստանի լավագույն վարժարաններից մեկում: Վարժարանում սովորելու տարիներին մասնակցել եմ տարբեր առարկաների (մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա, քիմիա) գծով բազմաթիվ օլիմպիադաների և ստացել բազմաթիվ դիպլոմներ:
Այս տարիներին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հաճախել եմ նաև շախմատի խմբակ: Չնայած այս ասպարեզում ունեցած հաջողություններիս` ստիպված էի ընտրություն կատարել շախմատի և ֆիզիկայի միջև: Արդյունքում ընտրեցի ֆիզիկան և, բարեբախտաբար, չեմ զղջում դրա համար:
2006 թ.-ին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկայի ֆակուլտետ: Ցուցաբերելով գերազանց առաջադիմություն` սկսել եմ ուսումնասիրել տարրական մասնիկների ֆիզիկան: Այս ճանապարհին կարևոր և բեկումնային էր այս ասպարեզի լավագույն մասնագետներից մեկի հետ ծանոթությունս Երևանի ֆիզիկայի ինստիտուտում:
Այժմ ընդունվել եմ Շվեյցարիայի տեխնոլոգիայի ֆեդերալ ինստիտուտի (ETH Zurich) ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի բաժին: Հուսով եմ, որ այս համալսարանում ուսումնառությունն ինձ թույլ կտա դառնալ պիտանի մարդ ամբողջ աշխարհի և իմ երկրի համար:
Զուրկ լինելով թանկարժեք օգտակար հանածոներից` մեր երկրի զարգացման միակ գրավականը մտավոր ռեսուրսն է: Ուստի բոլորս պետք է գիտակցենք, որ ամեն հնարավորը պետք է անենք ոչ միայն մեր, այլև հատկապես մեր երկրի` Հայաստանի համար: