Ծնվել եմ 1986 թվականին Երևանում: 1992 թվականին ընդունվել եմ #114 միջնակարգ դպրոցը: Իմ ընտանիքի ներգաղթը ԱՄՆ 1997 թվականին իմ ընտրությունը չէր: Այնուամենայնիվ, այսօր, ընդունվելով Կոլումբիայի համալսարան, վստահ եմ, որ այդ քայլը լիովին արդարացված էր:
Կարծում եմ` Նյու Յորքում քաղաքաշինություն ուսումնասիրելը կարելի է համեմատել Վիեննայում դասական երաժշտության ուսումնասիրության կամ Ֆլորենցիայում արվեստի պատմության ուսումնասիրության հետ:
Հետաքրքրվածությունս դեպի քաղաքաշինությունը խորացավ Բարսելոնայում, ուր մեկ տարի ուսանում էի` գործուղվելով Կալիֆոռնիայի Սանտա-Բարբարա համալսարանից: Բարսելոնայի դինամիկ կենսակերպը և նրա ճարտարապետական փայլուն լուծումներն այնպես տպավորեցին ինձ, որ որոշեցի շարունակել կրթությունս հենց այդ ասպարեզում:
Համոզված եմ, որ քաղաքագիտության բնագավառում ստացած իմ բակալավրի կոչումը կնպաստի քաղաքաշինության ասպարեզում էլ ավելի մեծ հաջողությունների հասնելուն:
Ես ինքս ճամփորդելու մեծ սիրահար եմ, և տիրապետելով չորս լեզուների, ինձ ազատ եմ զգում ցանկացած երկրում: Այդ իսկ պատճառով որոշել եմ մասնագիտանալ միջազգային քաղաքաշինության մեջ:
Մագիստրի կոչումը ստանալուց հետո երազում եմ գիտելիքներս կիրառել Հայաստանում և իմ լուման ներդնել հայրենիքիս զարգացման ու ծաղկման գործում:
"Այժմ Հայաստանն այն կարգավիճակում է, որ իսկական փորձագետների ու մեր տարածաշրջանում դեռևս նոր մասնագետությունների գիտակների կարիք կա: Եվ նրանք կենսական նշանակություն ունեն մեր երկրի զարգացման ու միջազգային հարթակում նրա դերն ապահովելու համար:"