Ծնվել եմ 1990 թվականին Երևանում: 2006 թվականին ավարտել եմ Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցը և նույն թվականին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետ` ռաֆիոֆիզիկա և էլեկտրոնիկա մասնագիտությամբ: 3-րդ կուրսից մասնագիտացել եմ հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ուղղությամբ և կարծում եմ` դրանով դրել եմ իմ կարիերայի հիմնաքարերից մեկը:
Ավարտական կուրսում անցել եմ ստաժավորում ԱրմենՏել և National Instruments ընկերություններում: 2010 թ. ավարտելով բակալավրիատը` ընդունվել եմ նույն ֆակուլտետի «Հեռահաղորդակցություն և ԳԲՀ ռադիոֆիզիկա» մագիստրոսական ծրագրում: 2011թ. գարնանը մասնակցել եմ “Օրանժ Արմենիայի” կողմից կազմակերպած հեռահաղորդակցության ոլորտում նորարարության մրցույթին և շահել եմ 2-րդ մրցանակը` պրակտիկայի հնարավորություն ստանալով “Օրանժ Արմենիայում”: Հուսով եմ` իմ ներկայացրած նախագիծը կյանքի կկոչվի առաջին անգամ հենց Հայաստանում:
Իմ հաջողություններին նպաստել է նաև իմ արտալսարանային դասարանային զբաղվածությունը: Մանկուց զբաղվել եմ ավիամոդելային սպորտով, իմ տարիքային խմբում եղել եմ Հայաստանի չեմպիոն և գրավել բազմաթիվ մրցանակային տեղեր: Վերջին տարիներին զարգացրել եմ իմ առաջնորդական հմտությունները ԱՅՍԵԿ-ում:
Կյանքիս կարևորագույն ձեռքբերումներից եմ համարում Լոզանի ֆեդերալ պոլիտեխնիկական համալսարան (EPFL) ընդունվելս: Ուսումս շարունակելու եմ անլար կապի համակարգերի ուղղվածությամբ մագիստրոսական ծրագրում և վստահ եմ, որ այս ծրագիրը հսկայական փոփոխությունների կհանգեցնի ինձ: Ծրագրի ավարտից հետո ցանկություն ունեմ իմ ներդրումն ունենալու Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի զարգացման մեջ. վստահ եմ, որ EPFL-ը ինձ կտա դրա համար անհրաժեշտ գիտելիքներ և փորձ: