ՀՀ, Երևան 0010, Բյուզանդ 3 +37455005897

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Լույսի Գիտելիքի Բլոգ

Արդյունավետ խորհուրդներ SAT քննությանը նախապատրաստվելու համար


Հոկտեմբեր 25, 2016 4745 դիտում

Tips for Preparing for the Critical Reading Section of the SAT Exam

SAT (Scholastic Assessment Test) քննությունը Միացյալ Նահանգներում բարձրագույն ուսումնական հաստատություն դիմող յուրաքանչյուր ուսանողի հիմնական մարտահրավերներից է: Բուհերի հիմնական մասը մեծ նշանակություն է տալիս այս քննության գնահատականներին և դրանց վրա հիմնվելով է գնահատում ուսանողի կրթական հաջողությունները: ԱՄՆ-ի և միջազգային ուսանողների համար նույն թեստն է պահանջվում, ուստի այն կարող է բավականին բարդ լինել անգլերենը որպես օտար լեզու տիրապետող դիմորդների համար:

Ստորև ի մի ենք բերել որոշ խորհուրդներ և հնարքներ` հիմնված աշխարհի լավագույն համալսարաններում սովորող հայ ուսանողների փորձառության վրա։ Հուսով ենք՝ այս խորհուրդները կօգնեն ձեզ ավելի ճիշտ կազմակերպել սովորելու գործընթացը: Հիշեք, որ թեև անգլերենի և մաթեմատիկայի իմացությունն անհրաժեշտ ու էական է քննությունը հաջողությամբ հանձնելու համար, լավ գնահատականներ ստանալու համար ամեն դեպքում պետք է պատրաստվել SAT քննությանը` անկախ այդ առարկաներին տիրապետելու մակարդակից։ Հաջողություն ենք մաղթում:


Վաղ սկսեք պատրաստվել

Ուսանողների մեծամասնության համար SAT քննությունը բավականին բարդ է, իսկ անգլերենը որպես օտար լեզու տիրապետողների համար այն առավել դժվարին է: Քննությունը հաջողությամբ հանձնելու համար պետք է հարստացնեք բառապաշարն առավել հազվադեպ գործածվող բառերով և զարգացնեք ընթերցածն ըմբռնելու գերազանց հմտություններ: Այդ իսկ պատճառով հիմնական խորհուրդներից մեկն է քննությանը վաղ պատրաստվելն ու ջանասիրաբար աշխատելը։ Առնվազն 6 ամիս տրամադրեք նախապատրաստվելուն: Հավաստիացեք, որ ձեր ժամանակը բավական է` տեսությունն ամբողջապես կրկնելու, անհրաժեշտ հմտությունները զարգացնելու, ժամանակի մեջ տեղավորվելու և բազմաթիվ նախապատրաստական թեստեր կատարելու համար: Հիշեք, որ բավարար ժամանակի և մոտիվացիայի դեպքում կարող եք յուրացնել բոլոր տեխնիկաներն ու ձեռք բերել քննությունը գերազանց հանձնելու համար պահանջվող բոլոր անհրաժեշտ գիտելիքները:


Շատ կարդացեք

Ընթերցածն ըմբռնելու հմտությունը չի կարող ձեռք բերվել մեկ օրում. դա անգլերեն երկարատև հաղորդակցության արդյունք է, երբ այն դառնում է ձեր մտածելու, տրամաբանելու լեզուն: Այս հմտությունը զարգացնելու լավագույն միջոցը շատ կարդալն է: Փորձեք կարդալ տարբեր բնույթի տեքստեր` նորություններից և գրաքննադատությունից մինչև դասական գրականություն: Ընտրեք այն տեքստերը, որոնք հարուստ բառապաշար և հետաքրքիր ոճավորում ունեն, քանի որ քննությանը նաև այդ բնույթի պահանջներ են լինելու: Դժվար աշխատանքում ձեզ մոտիվացնելու համար ընտրեք ձեզ հետաքրքրող տեքստեր․ չէ՞ որ հազարավոր գրքերից ու հոդվածներից ընտրելու լայն հնարավորություն ունեք: Այս դեպքում ձեռք կբերեք գիտելիքներ, որոնք օգտակար կլինեն ոչ միայն քննությանը, այլև այլ բնագավառներում, այնպես որ` վայելեք գործընթացը:


Զարգացրեք բառապաշարը

Հազարավոր նոր, հազվադեպ գործածվող բառեր սովորելը մարտահրավեր է անգամ անգլերենը որպես մայրենի լեզու տիրապետողների համար: Նախապես սկսեք հարստացնել ձեր բառապաշարը և ամեն օր ժամանակ տրամադրեք նոր բառեր սովորելուն ու կրկնելուն: Ժամանակի ընթացքում, բացի հազարավոր բառեր անգիր սովորելուց, կկարողանաք նաև զարգացնել լեզվական կանխազգացման ու ասոցացման կարողությունը: Հնարավոր է՝ քննության ընթացքում որոշ բառեր անծանոթ լինեն, սակայն ընդհանուր բառարմատները և վերջածանցներն իմանալու և լեզվական հոտառության շնորհիվ կարող եք կռահել անծանոթ բառի ճիշտ իմաստը։ Ստորև ներկայացնում ենք մի քանի կայքեր, որոնք կօգնեն ձեզ բառապաշարի զարգացման գործընթացն ավելի հաճելի և արդյունավետ դարձնել:

  • Quizlet
    Ինտերակտիվ խաղերի և թեստերի միջոցով Quizlet-ը թույլ է տալիս սովորել արագ և առանց ձանձրանալու: Կարող եք անվճար ներբեռնել ծրագիրը, որը հնարավորություն կտա կրկնելու սովորած բառերը: Այս հղումով կարող եք ծանոթանալ «Լույսի» կրթաթոշակառուներից մեկի կազմած բառացանկի նմուշին՝ https://quizlet.com/stepan_babayan
  • Memrise
    Memrise-ը ևս կօգնի ձեզ մտապահել բառերը խաղի միջոցով, ինչը ձեզ մշտապես կդրդի ավելի բարձր միավորների ձգտելու: Միանշանակ արժե փորձել:
  • Բարոնի «Hot Words for the SAT» գիրքը
    Այս գիրքը հիանալի սկիզբ է, քանի որ ներառում է քննությանն ամենահաճախ հանդիպող բառերը: Բառերը խմբավորված են ըստ թեմաների, ուստի եթե նույնիսկ չեք հիշում բառի ճշգրիտ իմաստը, ամենայն հավանականությամբ կհիշեք դրա մոտավոր նշանակությունը, ինչն օգտակար կլինի քննության ժամանակ:
  • Կարող եք նաև ծանոթանալ հետևյալ կայքերին, որտեղ SAT քննությանը հանդիպող շատ բառեր կան՝ www.freevocabulary.com, www.vocabuary.com: Բացի այդ, քննության գրքերի մեծ մասում բառերի սահմանումները ներառող փոքր բառարաններ կան ։

Հմտությունները զարգացրեք գործնականում

Ընթերցանության հիմնական հմտությունները յուրացնելուց և բառապաշարը հարստացնելուց հետո ձեր հաջորդ քայլը պետք է լինի թեստերը հաճախ լրացնելը: Յուրաքանչյուր թեստից հետո վերլուծեք ձեր սխալները, բացահայտեք թույլ կողմերը և աշխատեք դրանց վրա: Համոզվեք, որ անդրադարձել եք սխալ պատասխանած հարցերին և փորձեք ըմբռնել ճիշտ պատասխանի տրամաբանությունը։ Երբ լիարժեք հասկանաք թեստի կառուցվածքը և աշխատեք սխալներն ուղղելու վրա, սկսեք մտովի քննական միջավայր ստեղծել․ շատ կարևոր է իսկական քննությունը հանձնելուց առաջ սթրեսին սովորել՝ փորձելով տեղավորվել սահմանափակ ժամանակում:

SAT քննությանը նախապատրաստող բազմաթիվ նյութեր կան։ Դրանցից առանձնացնենք մի քանիսը, որոնք խորհուրդ են տալիս աշխարհի լավագույն համալսարաններում սովորող մեր կրթաթոշակառուները.

  • Official SAT Study Guide
  • McGraw-Hill Education SAT
  • KALLIS' Redesigned SAT Pattern Strategy
  • Princeton Review's Cracking the New SAT
  • Barron's New SAT

Կարող եք օգտվել նաև առցանց ու անվճար հետևյալ կայքերից․




«Լույսի» համայնքը ողջունում է ձեր դիտարկումներն ու առաջարկները՝ բլոգի բովանդակությունը շարունակաբար հարստացնելու նպատակով։



* Պարտադիր է լրացնել բոլոր դաշտերը:

Back to top