ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Օգոստոս-սեպտեմբեր 2017․ Գործունեության ուսումնասիրություն և վերլուծություն Լույս Հիմնադրամում


Օգոստոս - Սեպտեմբեր 2017 Գործունեության ուսումնասիրություն և վերլուծություն Լույս Հիմնադրամում

Ուրախ եմ տեղեկացնել «Լույսի» գիտական համայնքին, ընկերներին և հետևորդներին, որ 2017 թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հիմնադրամն իրականացնելու է 2009-ից ի վեր իր բոլոր գործառնությունների խոր ուսումնասիրություն և վերլուծություն։

«Լույս» հիմնադրամի կրթական խորհուրդն ուսումնասիրելու է գործունեության 8 տարիների ընթացքում հավաքված տվյալների հարուստ բազան, ինչպես նաև այն զարգացող ներգործությունը, որ Հիմնադրամն ունեցել է Հայաստանի մասնավոր և հանրային ոլորտների վրա։

Այսօր Հիմնադրամն ունի 500-ից ավելի հայ ուսանողների և շրջանավարտների համայնք, որոնք աշխարհի տարբեր ակնյուններից են և դրական փոփոխության շարժիչ ուժն են այնտեղ, որտեղ սովորում և աշխատում են։ «Լույսի» կրթաթոշակառուները Հայաստանի դեսպաններն են աշխարհի լավագույն գիտական կենտրոններում, որտեղ սովորում են։

Մենք վերլուծելու ենք վերջին ամիսների ընթացքում մեր կրթաթոշակառուների և ՀՀ կառավարության հիմնական գործընկերների շրջանում անցկացված հարցումների արդյունքները՝ հաշվի առնելով նաև մեր աջակիցների կարծիքն ու դիտարկումները։

Այս ուսումնասիրության նպատակն է այնպես զարգացնել «Լույսի» գործառնություններն ու կանոնակարգերը, որ դրանք նպաստեն աշխարհի լավագույն համալսարաններում հայ երիտասարդների թվի շարունակական ավելացմանը և հաջողությունների բազմապատկմանը՝ միևնույն ժամանակ համարժեք արձագանքելով Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը։

2017 թ․ հոկտեմբերին մենք հանդես կգանք ուսումնասիրության արդյունքների ամփոփումով և հայտարարությամբ, ուստի հրավիրում եմ հետևելու մեր լուրերին։

Ժաքլին Կարաասլանյան
Կրթական ծրագրի գործադիր տնօրեն

Back to top