ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Հայաստանը՝ գիտելիքի հանգրվան. ոգեշնչման մի լուՅսավոր օր


Օգոստոս 05, 2014 Կենդանի արվեստ

Հայաստանը` որպես հնարավորությունների երկիր

Հուլիսի 30-ին «Լույս» հիմնադրամը Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) անցկացրեց ոգեշնչող ելույթների մեկօրյա շարք։ Հրավիրված էին փորձառու մասնագետներ և պաշտոնատար անձինք՝ «Լույսի» կրթաթոշակառուների և լայն հանրության հետ զրուցելու Հայաստանի վերջին ձեռքբերումների և երկիրը գիտելիքի հզոր տնտեսություն դարձնելու ներուժի մասին։

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը բացման խոսքով հանդես եկավ և խրախուսեց լսարանին լինելու Հայաստանի գիտելիքի տնտեսության ձևավորման ակտիվ մասնակից։ «Երեք կենսական քայլ է անհրաժեշտ գիտելիքի տնտեսության կառուցման համար՝ գերազանցության կենտրոններ հիմնել, դրանք միմյանց հետ կապել և այս հաստատությունների միջև կայացնել ուղեղների շրջանառություն ՝ ձևավորելու գերազանցության մշակույթ»։

Կարևոր շահագրգիռ անձինք խոսում են Հայաստանի իրենց տեսլականի մասին

ՀԱՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Տեր-Կյուրեղյանը շնորհավորեց «Լույսի» ուսանողներին իրենց հաջողությունների առթիվ և խոսեց Հայաստանի՝ գիտելիքի հանգրվան լինելու մասին։ Կապելով Հայաստանի գիտական գերազանցության պատմությունը նոր ու նորարարական մոտեցումներին՝ նա ընդգծեց Ամերիկյան համալսարանի դերը Հայաստանում գերազանց կրթության ապագան սահմանելու գործում։ Նա նշեց, որ աշխարհի լավագույն համալսարաններն ավարտած իրենց դասախոսական կազմի հետ միասին Ամերիկյան համալսարանն ստեղծել է հարուստ հարթակ «Լույսի» կրթաթոշակառուների համար՝ շարունակելու ներդրումներ կատարել հայաստանյան կրթության բնագավառում։

Նույն միտքը զարգացնելով՝ պատմաբան Ռուբեն Գալչյանը լսարանին հորդորեց հստակ պատկերացնել Հայաստանի տեղն աշխարհում՝ նրանց ներկայացնելով հնագույն քարտեզներ, որոնք պատկերում են Հայաստանը 2600 տարի առաջ և ապացուցում, որ այն պատմականորեն գիտելիքի հանգրվան է եղել։

Հաջողությամբ ու ձեռքբերումներով ներշնչեց նաև Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ շեշտը դնելով փոփոխության առաջամարտիկ լինելու կարևորության վրա։ Ըստ նրա՝ փոփոխության առաջամարտիկը նա է, ով «փոխում է մարդկային կարողությունը, թույլ է տալիս մարդկանց ավելի շատ բան անել և աշխարհի համար առավել լավ հեռանկարներ է գտնում»։ Նա կարևորեց տեսլական ունենալու հանգամանքը, եղածով չբավարարվելու ձգտումը, սեփական տեսլականն ուրիշներին ներկայացնելը և դրա հրատապությունը մեկնաբանելը, ինքն իրեն ոգևորելը, նրբանկատ լինելն ու թիմ կառուցելը։ Պարոն Երիցյանը հավելեց. «Փոփոխության առաջամարտիկները պետք է հաջողություն ապահովեն, իսկ ներդրումներն արդեն կհաջորդեն դրան։ Անպայման չէ հաջողությունների բազում պատմություններ ունենալ. անհրաժեշտ են միայն ամենախոսունները»։

ՀՀ նախագհի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց իր մտապատկերը Հայաստանի՝ որպես հնարավորությունների երկրի մասին։ Նա խոսեց «Լույսի» հիմնադրման, ուսանողների՝ իրենց գիտելիքը գործի դնելու անհրաժեշտության մասին, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանը։ Նա թարմ հայացքով զննեց Հայաստանի մարտահրավերները և ոգեշնչեց ուսանողներին ձևափոխել հասարակությունը՝ ընտրելով Հայաստանում ապրելու և աշխատելու ուղին։ Իր անհատական պատմությունը ներկայացնելով՝ նա ոգևորությամբ նկատեց. «Անձնական փորձս վկայում է. ինչ էլ երբևէ առաջարկել եմ Հայաստանին, երկիրս առատաձեռնորեն վերադարձրել է ինձ»։ Խրախուսելով կրթաթոշակառուներին իրենց կարիերայի կառուցումը դիտարկել Հայաստանում՝ նա նշեց. «Մենք փոփոխության ժամանակներ ենք ապրում, և սա հրաշալի հնարավորություն է Հայաստանում մեծ փոփոխություններ իրագործելու, - և հավելեց,- մեր երկիրը ձեր կարիքն ունի»։

«Լույսն» ընդգծում է Գյումրիում վերջին հաջողությունները

«Լույս» հիմնադրամը հրավիրել էր բանախոսների մի ամբողջ խումբ՝ ցուցադրելու Գյումրիում գրանցված վերջին հաջողությունները։ «Լույսի» կրթաթոշակառու Խաչիկ Կարամանուկյանը ներկայացրեց «Լույսի» Գյումրու թիմի աշխատանքը, որ միտված էր «ԱրտՄենիա» կայքի հիմնադրմանը։ Այն ինտերնետային առևտրային հարթակ է՝ վաճառելու հայկական արվեստի գործեր։ Օգտվելով Սաատչի ցուցասրահի մոդելից՝ թիմը նկարահանեց արվեստագետների աշխատանքները հենց արվեստանոցներում և կայքում տեղադրեց ինտերակտիվ հոլովակների ու լուսանկարների մի ամբողջ շարք։ Պարոն Կարամանուկյանի խոսքով՝ «ԱրտՄենիան» նպատակ ունի լինելու Գյումրու առաջին օնլայն բիզնեսը, որը քաղաքի արվեստն առավել հասանելի կդարձնի աշխարհին։ Բիզնեսի կայացման քայլերը նկարագրելուց հետո նա նկատեց. «Մենք ցանկանում էինք նախադեպ ստեղծել և ապացուցել, որ ձեռներեցների համար համեմատաբար դյուրին է Հայաստանում ինտերնետ-վաճառք սկսելը»։ (Մանրամասների և այս կարևոր նախաձեռնությանն աջակցելու համար խնդրում ենք այցելել www.ArtMenia.com կայք)։

«Շիրակ թեքնոլոգիս» ընկերության տնօրեն Ավետիք Եսայանը լսարանին ներկայացրեց Գյումրիում տեխնոլոգիայի ոլորտի զարգացման իր տեսլականը և Հայաստանի մշակութային կապիտալը։ Թեև տարիներ շարունակ իրեն համոզում էին չկենտրոնանալ Գյումրու ծրագրերի վրա, նա արդեն իսկ մտքում մեծ նախագծեր ուներ։ Պարզապես ասաց. «Ես հավատում եմ Գյումրու ներուժին»։ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանը նույնպես կարևորեց Գյումրու արվեստի և տեխնոլոգիայի ոլորտների զարգացումը և իր ոգևորությունը հայտնեց «Լույսի» հետ աշխատելու կապակցությամբ. «Լույսն օգտագործեց իր գիտելիքն ու ռեսուրսները, և ես հպարտ եմ նրանց հետ աշխատելուս համար»։

Ներշնչող ելույթները եզրափակելով՝ «Լիվինգ-արտ-լաբս»-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ֆլորան Ազիոսմանովը խոսեց լիվինգ արտի ապագայի, «կենդանի» զարդերի վարպետության դասընթացում իր դերի և վերջերս տեղի ունեցած համաշխարհային պրեմիերայի՝ «Լույսի» լիվինգ զարդերի մասին։ Ոգեշնչման իր կարողության վերաբերյալ ասաց. «Զարդերը միայն իրեր չեն. նրանք կրում են հեղինակի հոգին։ Մենք կարող ենք փոխել արվեստի դերը հասարակության առօրյայում»։

Այնուհետև Գյումրու վարպետության դասընթացի մասնակիցները ցուցադրեցին «կենդանի» զարդերի նախատիպերը՝ ապշեցնելով և հիացմունք պատճառելով հանդիսատեսին։ (Լիվինգ զարդերի նախատիպերի աշխատանքին կարելի է ծանոթանալ այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=X7o4py0JH5w

«Լույս» հիմնադրամը շահույթ չհետապնդող մասնավոր կազմակերպություն է: Հիմնադրամի առաքելությունն է ստեղծել ու համախմբել առաջադեմ և ստեղծագործ մտածելակերպ ունեցողների սերունդ` բազմապատկելով հայ ուսանողների թիվն աշխարհի լավագույն բուհերում, ինչպես նաև ստեղծել ենթակառուցվածք, որն ի մի կբերի «Լույսի» ուսանողների գիտելիքը, փորձառությունն ու կապերը` իրականացնելով ծրագրեր, որոնք օգնում են ակադեմիական գիտելիքից անցում կատարել իրականություն` ի բարօրություն Հայաստանի և աշխարհի: «Լույս» հիմնադրամին Ձեր ներդրումը կատարելու համար լրացրեք անվտանգ հայտաձևը հետևյալ հղումով` https://www.luys.am/en/contribute:


Back to top