ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

«Լույսը» տարածվում է… Մենթորության հերթական ծրագրի մեկնարկը


Հունիս 23, 2014 մենթորություն, մենթի

«Ես այստեղ եմ, որովհետև ձեզանից ամեն մեկն իրենից ուժ է ներկայացնում»,- Մենթորության շրջանակում մենթիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը: Նա ներկայացրեց «Լույս» հիմնադրամի հիմնական առաքելությունները, ծավալած գործունեությունն ու իրականացվող ծրագրերը: Խոսեց լայնախոհ և սահմանափակ մտածելակերպ ունեցող մարդկանց, մտածելակերպի՝ գործունեության վրա ունեցած ազդեցության և արդյունքի մասին:

Քանի որ հանդիպումը ինտերակտիվ էր, և ներկաներն ունեին արտահայտվելու ազատ իրավունք, քննարկվեցին «Լույսի»` լավագույնը լինելու միտումները, արտասահմանում սովորելու ցանկության պատճառաբանված լինելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:

«Լույսի» գործառնությունների ղեկավար Գայանե Ղումաշյանը խոսեց նպատակադրման, իմաստավորման և վերաբերմունքի մասին, իսկ պրակտիկանտների համայնքի համակարգող Արմեն Ներսեսյանը խոսեց կամավորության մասին՝ հիմնվելով համաշխարհային հետազոտությունների և սեփական փորձի վրա:

Կամավորական աշխատանքի վերաբերյալ մենթիների կարծիքները տարբեր էին` «ինքնաարտահայտման միջոց», «CV լցնելու տարբերակ», «հասարակության անդամներին օգնելու միջոց»...

Հերթը հասավ Մենթորությանը...

Մենթորության համակարգող Հայկ Ծատուրյանը ներկայացրեց ծրագրի տարեկան պլանը, սպասվող նախագծերն ու աշխատանքները:

Կարճատև ընդմիջում, որից հետո Luys Café քննարկումների միջոցով տեսականից անցում կատարվեց գործնականին:

Ոմանց ծանոթ, իսկ շատերի մոտ հարցեր առաջացնող Luys Café-ն մտագրոհի, ինչպես նաև ծանոթանալու, ընկերանալու, գաղափարակիցներ գտնելու օգտակար և հետաքրքիր միջոց է: Մենթորության կազմակերպիչ թիմի անդմաները դարձել էին «հիշողություններ» և գրի էին առնում մենթիների կարծիքը` առաջադրված հարցի վերաբերյալ: Հարցը հետևյալն էր.

«Պատկերացրեք` Հայաստանը 2024 թ. կատարյալ պետություն է. ո՞րն է եղել ձեր դերը»:

Մենթիները կազմում էին փոքր խմբեր, արտահայտում իրենց կածիքները, իսկ հետո միանում մեկ այլ խմբի՝ ներկայացնելով նախորդ խմբում քննարկված տարբերակն ու ցանկության դեպքում ավելացնում նորը:

Վերջում «հիշողություններն» ընթերցեցին հավաքած կարծիքները: Պարզվեց՝ մենթիների մեջ կային ապագա նախագահներ, վարչապետեր, նախագահի խորհրդականներ, տնտեսագետներ, հրապարակախոսներ…

Մենթիներն անդրադարձել էին տարբեր ոլորտներում հասարակությանն անհանգստացնող մի շարք խնդիրների՝ առաջարկելով հետաքրքիր, ինչպես նաև աներևակայելի թվացող լուծումներ:

Հաճախակի կրկնվող խնդիրները կապված էին բժշկության, բնապահպանության, կրթության, տնտեսության, արվեստի, բանակի հետ:

Եղան հայկական գիտական և գեղարվեստական գրականության թարգմանության և տարածման, հայկական վիքիպեդիայի հարստացման, ռոբոտաշինության զարգացման, Հայաստանում հեծանվային մշակույթի ներմուծման, կրթական փոխանակման ծրագրեր իրականացնելու և մի շարք այլ առաջարկներ:

Նոր գաղափարներ, արդեն ընկերական ժպիտներ ու շարունակելու պատրաստակամություն…

Մենթորության հերթական ծրագրի խոստումնալից մեկնարկ, որը ենթադրում է նույնքան խոստումնալից շարունակություն:

Մանե Գևորգյան


Back to top