ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Մենթորության ծրագրի մեկնարկ. Մեր ինքնաճանաչողության և հարատևման լծակը


Հունիս 23, 2014 մենթորություն, մենթի

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գնում ենք մեր ճամփով…
Հովհաննես Թումանյան

Բազմաթիվ երիտասարդների համար նախորդ շաբաթը հիշարժան եղավ «Լույս» հիմնադրամի մենթորության շրջանակներում նախաձեռնված առաջին հավաքով։ Հատկանշականն այն է, որ մենթիների շարքերը համալրվել են նոր, վառ ու հետաքրքիր երիտասարդներով։ Մենթորության ծրագիրը նրանց հնարավորություն է տալիս զինվել նոր գաղափարներով, լինել լայնախոհ, հարստանալ գիտելիքներով. չէ՞ որ նոր գաղափարները մարդկանց վսեմացնում են, զորացնում և թույլ տալիս մարդուն իր առջև տեսնել նոր հնարավորությունների մեծ շրջանակ։

Հանդիպման խորհուրդը կարելի է ամփոփել այս բառերով` երազել, մտածել, իմանալ, իրականացնել։ Այս բառերը, իրապես, կյանքի հիմնական գաղափարներն են ամփոփում, քանզի դրանք մարդկային իմացության ու ճանաչողության բանալիներն են. ապրել նշանակում է մտածել, երազել։

Իսկ այսօր մենք պետք է կրթվենք, ճանաչենք ինքներս մեզ ու ընտրենք կյանքի մեր ուղին` ընդլայնելով մեր աշխարահայացքն ու մտքի հորիզոնները։ Մտածենք ու գործենք ոչ միայն ի շահ ինքներս մեզ, այլ հօգուտ դիմացինի, հօգուտ հանրության, հօգուտ հայրենիքի և ողջ մարդկության։

Ամեն օր քայլ կատարենք դեպի մեր մեծ երազանքը ու չընկճվենք ճանապարհին հանդիպած դժվարություններից, միայն հիշենք, թե մեր նպատակը որքան կարևոր է մարդկանց, այս աշխարհի համար։ Այսօր մեզ կօգնի առաջ գնալ այն միտքը, թե որն է լինելու մեր ներդրումը հայրենիքի զարգացման և առաջընթացի գործում։ Եվս մեկ անգամ տանք մեզ այդ հարցը և փորձենք գտնել պատասխանը, ինչպես արեցինք մենթիների առաջին հանդիպմանը։

… Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

Նյութը՝ Անի Մուրադյանի


Back to top