ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

«Լույսի» շրջանավարտները կիրառում են գիտելիքի շրջանառությունը՝ աշխատելով Հայաստանի կառավարությունում


Մայ 12, 2014 հաջողության պատմություններ, ձեռքբերումներ

«Լույսի» ուսանողները սարեր են շարժում և աշխատում Հայաստանի կայուն ապագան ապահովելու ուղղությամբ` Հայաստանի կառավարությունում պատասխանատու պաշտոններ ստանձնելով:

Սինգապուրի ազգային համալսարանի «Լույսի» շրջանավարտ Սերգեյ Ավետիսյանը 2014 թվականի փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

Սերգեյը ծնվել է Երևանում և 32 տարեկան է: Մագիստրոսի աստիճան է ստացել Սինգապուրի ազգային համալսարանի Լի Կուան Յուի անվան հանրային կառավարման դպրոցում: 2004-ին Սերգեյն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը` ստանալով բակալավրի աստիճան պետական և մունիցիպալ կառավարման բնագավառում: Նույն տարում նա` որպես ասպիրանտ, ընդունվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ և գիտությունների թեկնածուի աստիճան ստացել 2007-ին:

2003 թվականին Սերգեյն աշխատանքի է անցել ՀՀ կենտրոնական բանկում` որպես բանկային վերահսկիչ, և աշխատել մինչև 2009 թվականը: Նույն թվականին աշխատանքի է ընդունվել ՀՀ մշակույթի նախարարությունում` որպես աշխատակազմի ղեկավար, և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև էկոնոմիկայի նախարարի տեղակալ նշանակվելը: Սերգեյն ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:

Սերգեյի` որպես նախարարի տեղակալի պարտավորությունների թվում է սերտ համագործակցությունը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի և Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի հետ Հայաստանի բրենդավորման ծրագրի շրջանակներում: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ Սերգեյը ներկա է գտնվել ՀԱՄՀ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև փետրվարի 20-ին կնքված պայմանագրի ստորագրման արարողությանը:

Մենք անչափ հպարտ ենք Սերգեյով և նրա ձեռքբերումներով ու անհամբերությամբ սպասում ենք նրա առաջամիտ նոր նախաձեռնություններին:

Ընդունի՛ր մեր շնորհավորանքները, Սերգե՛յ:


Back to top