ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

«Լույսն» իր ուսանողներին գերազանցության ուղու վրա է դնում


Ապրիլ 28, 2014 հաջողության պատմություններ, ձեռքբերումներ

Հաջողության պատմություններ. Աննա Սրապիոնյան

«Լույսը» զորակցում է հայաստանցի երիտասարդներին` նրանց հնարավորություն տալով սովորելու աշխարհի կրթական լավագույն կենտրոններում: Մենք ձևավորում ենք ամբողջ աշխարհով տարածվող ցանց ու երկարատև կապեր հաստատում Հայկական աշխարհի և լավագույն համալսարանների միջև: «Լույսի» ուսանող Աննա Սրապիոնյանն այս վեհ գործին նվիրման փայլուն օրինակ է:

Աննան ցանկանում էր Կոռնելի համալսարանի մաթեմատիկայի բաժնում ասպիրանտուրան շարունակելու համար ամբողջական կրթաթոշակ ստանալ, ու «Լույսի» նախկին մենթի և թիմի անդամ այս աղջնակի երազանքն իրականություն դարձավ:

«Ասպիրանտական կրթությունս շարունակելու առաջարկ ստանալն ինձ համար մեծ նշանակություն ունի,- ասում է Աննան:- Ես մի քանի տարի հնարավորություն կունենամ զբաղվելու հետազոտական աշխատանքով, միաժամանակ դասավանդման փորձ ձեռք կբերեմ, ինչը ես ևս շատ եմ սիրում»:

Այժմ Աննան սովորում է Չիկագոյի համալսարանի ֆինանսական մաթեմատիկայի մագիստրոսական ծրագրով: Այս ծրագիրն առաջարկում է մեկամյա արագացված ու համակցված դասընթաց, որն օգնում է բացահայտել տեսական ու կիրառական մաթեմատիկայի և ֆինանսների մշտապես զարգացող աշխարհի միջև գոյություն ունեցող խորարմատ կապը: Աննայի և Չիկագոյի համալսարանի գլխավոր ավանում բնակվող «Լույսի» մյուս ուսանողների միջև հաստատված կապը վկայում է այն մասին, թե ինչ լայն ընդգրկում ունի Հայկական աշխարհը ողջ մոլորակում:

2014 թվականի աշնանն Աննան պատրաստվում է շարունակել կրթությունն ասպիրանտուրայում: Նա ոչ պայմանական հրավեր էր ստացել նաև Փիթսբուրգի համալսարանից, սակայն վերջնական ընտրություն անելուց առաջ որոշեց սպասել Կոռնելի համալսարանի առաջարկին: Աննան անվարան կայացրեց իր որոշումն ու մեծագույն ոգևորությամբ թևակոխում է նվիրական երազանքի իրագործման հաջորդ փուլ:

«Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ մաթեմատիկոս եմ. ես մշտապես ցանկացել եմ զբաղվել գիտությամբ ու զգալ ինձ իսկական գիտնական»,- ասում է Աննան:

Աննան «Լույսի» համայնքի ևս մեկ անդամ է, ով անցել է գերազանցության տանող ճանապարհի բոլոր փուլերով` որպես մենթի, պրակտիկանտ, «Լույսի» ուսանողների ցանցի համակարգող և, վերջապես, որպես «Լույսի» կրթաթոշակառու:

««Լույսի» ընձեռած ամենաարժեքավոր հնարավորություններից են մասնագիտական ցանցն ու ընկերությունը, տարբեր մասնագիտություններ ու նպատակներ ունեցող մարդկանց հետ շփումն ու բովանդակալից քննարկումները,- բացատրում է Աննան:- «Լույսում» ինձ մշտապես խրախուսել են լինել ինքնավստահ, հավատալ նպատակներիս և անել ամեն ինչ դրանք իրագործելու համար: Այստեղ ես հասկացա` ինչ կարևոր է ստեղծագործ լինել և ամեն րոպե աշխատել անհատական զարգացման ուղղությամբ, ինչը թիմի կառուցմանը նպաստող կարևոր գործոններից է»:

Շնորհավորում ենք Աննային ունեցած ու նաև հետագա հաջողությունների առթիվ: «Լույսում» բոլորս հավատացած ենք, որ նրա ձեռք բերած փորձը կօգնի զարգացնել ու արդիականացնել հայաստանյան բուհերի մաթեմատիկական ծրագրերը` այդպիսով խթանելով գիտելիքի շրջանառությունը և երկրի կայուն առաջխաղացումը:

Միշտ առա՛ջ, Աննա՛:


Back to top