ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Հաջողության պատմություններ. Աշոտ Մարգարյանը նշանակվել է ԼՂՀ վարչապետի օգնական


Փետրվար 24, 2014 ԶՀԾ, Արցախ, համագործակցություն

Լոնդոնի համալսարանական քոլեջի «Լույսի» շրջանավարտ Աշոտ Մարգարյանը 2014 թ. հունվարին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի օգնական:

Աշոտի համար, ով ծնվել է 1989 թվականին Երևանում, սա երանելի աշխատանք էր, քանի որ նա արմատներով Արցախից է: Մանկության տարիներին Աշոտին իր պապը հաճախ է նախնիների մասին պատմել ու քաջալերել տղային` սեփական ապագան կերտելու: «Հիշում եմ` պապիկս ասում էր` այս երեխան սովորելու է Լոնդոնում,- պատմում է Աշոտը:- Հուսով եմ` նա հպարտանում է ինձնով` տեսնելով, որ ես քայլում եմ ինձ համար իր երազած ուղով»:

2013-ի սեպտեմբերին Աշոտը մագիստրոսի աստիճան է ստացել Լոնդոնի համալսարանական քոլեջի սլավոնական և արևելաեվրոպական ուսումնասիրությունների դպրոցում` քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրացիա մասնագիտությամբ: Թեև նա ցանկանում էր ասպիրանտական կրթություն ստանալ և ուսումը շարունակելու հրավեր էր ստացել թե՛ Լոնդոնի hամալսարանական քոլեջից, թե՛ Ժնևի բարձրագույն ինստիտուտից, Աշոտը որոշեց փոխարենը մեկ տարով ընդմիջել ուսումնառությունը և իրագործել երազանքը` ապրել ու աշխատել Արցախում:

Նա վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի ապագան կապված է վերջինիս` որպես կառավարման հստակ սահմանված և արդյունավետ կարգ ունեցող երկրի ճկունության հետ: Աշոտը հավատում է, որ իր անցած ուղին և ուժեղ կողմերը կառավարության աշխատակազմին լրացուցիչ թափ կհաղորդեն։

Աշոտն էությամբ խանդավառ ու եռանդուն է: Նա հատկապես ոգևորված է iր նոր աշխատանքով և արդեն իսկ կանխանշած բազմաթիվ ծրագրեր ունի:

«Ես մի քանի նախագծերի վրա աշխատում եմ մտերիմ ընկերոջս` «Լույսի» շրջանավարտ Արտակ Բեգլարյանի հետ, ով ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակն է,- ասում է Աշոտը:- Հավատացած եմ, որ ամեն ինչ հնարավոր է, եթե մոտիվացված ես ու ոգևորված քո գործով»:

Մեկ ու կես տարի Լոնդոնում բնակվելու ընթացքում Աշոտը` որպես պրակտիկանտ, աշխատել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատանը: Դեսպանատանն իր աշխատանքի արդյունքում, ինչպես նաև Լոնդոնի համալսարանական քոլեջում ձեռք բերած և «Լույսի» ցանցի միջոցով կրթական այլ կենտրոնների հետ հաստատած կապերի շնորհիվ՝ Աշոտն առիթ է ունեցել հանդիպելու մոլորակի տարբեր անկյուններից Լոնդոն եկած ազդեցիկ մարդկանց: Այս հանդիպումներն ու շփումներն Աշոտին թույլ են տվել իրեն իր «երկրի դեսպանն զգալ Լոնդոնի բազմամշակութային միջավայրում»: Նա պատիվ է ունեցել մասնակցելու տարբեր գիտաժողովների և քննարկումների ու ինքն էլ հաճախ հանդես եկել որպես դրանց կազմակերպիչ: Այս ամենը նրան հնարավորություն է տվել բարձրացնելու Հարավային Կովկասի անվտանգության հարցերի, ղարաբաղյան հիմնահարցի և Հայոց ցեղասպանության մասին իրազեկության մակարդակը` հասարակության շրջանում գործուն հետաքրքրություն առաջացնելով խնդրահարույց այս ոլորտների հանդեպ:

Անհատական ու մասնագիտական իր աճն Աշոտը վերագրում է ոչ միայն դեսպանատան աշխատանքին կամ համալսարանական կրթությանը, այլև Մեծ Բրիտանիայում Պաղեստինի դիվանագիտական առաքելության ներկայացուցչությունում անցած գիտահետազոտական պրակտիկային:

«Մասնագիտական հետաքրքրություններս սերտորեն առնչվում են նաև Միջին Արևելքին, հատկապես իսրայելապաղեստինյան հակամարտությանը,- ասում է Աշոտը:- Պաղեստինյան ու ղարաբաղյան հիմնահարցերի զուգահեռների վերաբերյալ քննարկում կազմակերպեցի, որին հրավիրված էր նաև Մեծ Բրիտանիայում Պաղեստինի դիվանագիտական առաքելության ղեկավար, դեսպան Մանուել Հասասյանը: Քննարկումից ներշնչված` որոշեցի մագիստրոսական թեզս գրել վերոնշյալ թեմայի վերաբերյալ: Հենց այս գաղափարն ինձ թելադրեց Պաղեստինի դիվանագիտական առաքելության ներկայացուցչությունում գիտահետազոտական պրակտիկա անցնել` նշված խնդիրների շուրջ պաղեստինյան հեռանկարի վերաբերյալ ավելին իմանալու»:

Անգնահատելի էր Աշոտի ներդրումը «Լույսի» «Սովորել, Գործել, Համաստեղծել» փիլիսոփայության մեջ: 2012-ին մասնակցելով «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին` Արցախի իր թիմի հետ Աշոտը նախաձեռնեց թանգարանային ինֆորմացիայի մատչելիության ծրագիրը, որը նախատեսում է երեք լեզուներով թարգմանել ԼՂՀ զոհված ազատամարտիկների թանգարանի նյութերը` դրանք ընթեռնելի դարձնելով օտարերկյա այցելուների համար: Այնուհետև Արցախի թիմը հնգալեզու աուդիոգիդեր ստեղծեց (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և եբրայերեն), որոնք պատմում են ղարաբաղյան պատերազմի մասին ու ներկայացնում թանգարանի պատմությունը: Այժմ հասանելի են նաև հնգալեզու գրքույկներ, որոնք զբոսաշրջիկները կարող են իրենց հետ վերցնել: Նախաձեռնող խմբի ջանքերի շնորհիվ մեծ քանակությամբ գրքեր ու վերլուծական նյութեր են նվիրաբերվել թանգարանին: Աշոտն այս ձեռքբերումները մեծ հաջողություն է համարում, քանի որ թանգարանը նկատելիորեն մատչելի է դարձել: «Առանց ԶՀՄ ծրագրի ես այս գաղափարն իրականացնելու հնարավորություն երբեք չէի ունենա»,- ասում է Աշոտը:

Աշոտ Մարգարյանը նաև «Արցախի մարդիկ» («Humans of Artsakh» [https://www.facebook.com/HumansOfArtsakh]) ֆեյսբուքյան նոր նախաձեռնության հեղինակն է: Սա ֆոտոպատմությունների շարք է, որը ներկայացնում է Արցախի մարդկանց ու բնակավայրերը: Նախաձեռնության հեղինակը ներշնչվել է «Humans of New York» ֆեյսբուքյան էջից, որտեղ ևս ֆոտոպատմությունների միջոցով ներկայացվում է քաղաքի բնակիչների առօրյան: Նախագծի հաջողությամբ ոգևորված` աշխատանքի անցնելուն պես Աշոտը ձեռնամուխ եղավ Արցախում դրա իրականացմանը: «Ես որոշեցի ստեղծել արցախահայերին, նրանց ավանդույթներն ու կենսակերպը պատկերող եզակի ֆոտոշարք, որը կներկայացնի Արցախն այնպիսին, ինչպիսին կա»:

Աշոտը փաստում է, որ միջազգային հանրությունը Արցախն ասոցացնում է անավարտ հակամարտության գոտու և ոչ պետության հետ: Այս նախաձեռնության կարգախոսն է` «Արցախը հայկական հող է և անկախ պետություն, ոչ թե հակամարտություն»: «Խթանելով այս էջը և ֆոտոպատմությունների ավելի ծավալուն բլոգ ստեղծելով` խումբը նպատակ ունի միջազգային հանրությանն իրազեկել Ղարաբաղի մասին` ցույց տալով, որ այն ապրելու, աշխատելու և ներդրումներ կատարելու համար անվտանգ վայր է»,- բացատրում է Աշոտը:

Մինչ այժմ էջն ավելի քան 3200 հավանող ունի և փնտրում է հեղինակների, ովքեր պարբերաբար ֆոտոպատմություններ կհրապարակեն էջում: Խումբը ցանկանում է մոտ ապագայում շրջիկ ցուցահանդեսներ կազմակերպել ողջ Հայաստանում և անգամ Եվրոպայում, իսկ ԼՂՀ մշակույթի նախարարությունն աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Նախարարությունն արդեն շրջայցեր է կազմակերպել դեպի Արցախի հեռավոր բնակավայրեր:

Աշոտն Արցախում աշխատում է նաև մեկ այլ նախագծի վրա` «Փայտփորիկի»։ «Նպատակն է փայտե խաղալիքների արտադրություն հիմնել, որոնք տեղում կպատկերազարդվեն երեխաների կողմից և որպես նվեր կբաժանվեն Հայաստանի բոլոր մանկատներին,- պատմում է Աշոտը:- Հուսով եմ` այս փոքրիկ գաղափարը կհասունանա, և Արցախում կստեղծվի խաղալիքների նոր բրենդ` պատրաստված երեխաների կողմից երեխաների համար»:

«Փայտփորիկ» նախագծում կընդգրկվեն վառ ու տաղանդավոր բազմաթիվ պատանիներ, ովքեր հաշմանդամություն ունեն, ապրում են Արցախի հեռավոր բնակավայրերում և չեն կարող իրենց ձեռագործ արտադրանքի իրացման շուկա գտնել: Նախագիծը մի հարթակ կդառնա, արցախյան մի նոր բրենդ, որի շնորհիվ այդ երիտասարդները վերջապես հնարավորություն կունենան վաճառելու իրենց արտադրանքը:

Մշակման փուլում է նաև մեկ այլ նախագիծ` Եվրասիական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտը: Հետազոտական այս կենտրոնի համահիմնադիր են նաև Վաշինգտոնի և Լոնդոնի երկու այլ մասնակիցներ: Շուտով կհրապարակվեն ինստիտուտի գործունեությանը վերաբերող մանրամասներ։

Աշոտ Մարգարյանը հավատացած է, որ «Լույսը» կատարյալ հարթակ է, որի շնորհիվ բազմաթիվ երիտասարդներ գտնում են իրենց գիտական ուղին և անձնական ամուր կապեր հաստատում: «Լույսը» վառ ու տաղանդավոր մարդկանց ընտանիք է, ովքեր նույն նպատակներն ունեն և տարբեր մտաձև,- ասում է Աշոտը:- «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագիրը ծանոթությունների լայն շրջանակ ստեղծելու եզակի հնարավորություն է տալիս յուրաքանչյուր մասնակցի: Միշտ էլ ոգևորիչ է Ձեր բոլոր նախաձեռնություններին աջակցող նման թիմ ունենալ թիկունքում: Ես ձգտում եմ անվերջ ապացուցել, որ արժանի եմ այս մեծ ցանցի մասը լինելու»:


Back to top