ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Գյումրեցի աշակերտները ծանոթանում են համակարգչային գիտության հիմունքներին


Դեկտեմբեր 09, 2013 ուսուցում, վերապատրաստում, համագործակցություն

Գայանե Պետրոսյան

Տեղեկատվական այս դարում արագ զարգացող տեխնոլոգիաները նոր ձևակերպում են տալիս կրթության մատուցմանը, մարդկային հաղորդակցությանը, վերափոխում անգամ մարդկային կենցաղն ու ապրելակերպը: Համաշխարհային այս մրցավազքից ետ չմնալով`Հայաստանը հայտարարել է, որ իր ապագան կապված է տեխնոլոգիական առաջընթացի հետ:

Ուստի հույժ կարևորվում է Գյումրու` որպես երկրի տեխնոլոգիական ապագա կենտրոնի աշակերտներին ծրագրավորման հիմունքներն ուսումնասիրելու հնարավորության ընձեռումը, նախքան նրանք կընտրեն իրենց ապագա մասնագիտությունը: Աշակերտները պետք է հնարավորություն ունենան ծրագրավորման վերաբերյալ պատկերացում կազմելու, հասկանալու` ինչով են տարբերվում համակարգչային ծրագրերի ստեղծման և օգտագործման գործընթացները, կարողանան ծրագրավորման կոդ գրել` իրենց իսկական ծրագրավորող զգալու համար: Ես ցանկացա նաև աշակերտներին ցույց տալ, որ համացանցը լի է համակարգչային գիտություն սովորելու համար օգտակար ու անհրաժեշտ տեղեկատվությամբ, քանի որ ծրագրավորողները միշտ պատրաստ են կիսվելու իրենց գիտելիքներով:

Այս գաղափարներով ներշնչված` ուսումնատեղեկատվական աղբյուրներից ընտրեցի «Coursera.org»-ը` առցանց դասընթացների առավել հայտնի հարթակներից մեկը: Այս դասընթացները մշակվում են համալսարանների լավագույն դասախոսների կողմից: Առաջարկվող ցանկից ընտրեցի Սթենֆորդի համալսարանի «Համակարգչային գիտություն - 101» դասընթացը, որը նախնական գիտելիքեր չի պահանջում և նկարներ ձևափոխող կոդերի օրինակովն երկայացնում է ծրագրավորման հիմունքները: Կոդի մի քանի տող գրելու արդյուքում նկարների ձևափոխության, գույների փոփոխման գործընթացը հետաքրքիր է ոչ միայն աշակերտների համար, այլև համակարգչային գիտություն ուսումնասիրող ինձ նման ուսանողի:

Դասընթացի սկզբում թարգմանում էի տեսանյութերը, գրավոր նյութերը և վարժությունները: Սակայն մի քանի դասից հետո հասկացա, որ տեսանյութերի թարգմանությունն այդքան էլ օգտակար չէ, քանի որ աշակերտների համար դժվար է հետևել հայերեն տեքստով ուղեկցվող անգլալեզու տեսանյութերին: Ըստ ծրագրածի`ամեն օր պիտի քննարկվեր նոր դասը, և մի քանի վարժություն կատարվեր: Ենթադրվում էր, որ տանն աշակերտները պետք է մանրամասն ծանոթանային դասի նյութերին և փորձեին կատարել բոլոր վարժությունները: Ամեն հաջորդ դասի սկզբում ամփոփվում էր նախորդը:

Դասընթացի համար ես որոշեցի ընտրել Գյումրու N 27 դպրոցի ավագ դասարանների աշակերտներին (15-17 տարեկան): Ընտրությունս պայմանավորված էր նրանով, որ դպրոցը պետք է չունենար ֆիզիկամաթեմատիկական թեքում: Պետք է նշեմ, որ դպրոցի ընտրության հարցում որոշիչ եղավ նաև դասընթացի կազմակերպմանն աջակցելու` տնօրեն տիկին Լալազարյանի պատրաստակամությունը:

Ավագ դպրոցի ընդհանուր հոսքի 85 աշակերտներից ավելի քան 20 աշակերտ գրանցվեցին դասընթացին: Կարծում եմ` թերագնահատել էի նոր գիտելիքների, հատկապես համակարգչային գիտելիքների հանդեպ աշակերտների հետաքրքրվածությունը: Աշակերտներից շատերը նշեցին, որ համակարգիչն ու համացանցն իրենց սիրելի զբաղմունքն են: Գրանցված աշակերտները բաժանվեցին երկու խմբի` համակարգիչների քանակի և դասավանդման փորձիս պակասի պատճառով:

Ինձ համար անակնկալ էր պարզել, որ բոլոր աշակերտները տանը համակարգիչ ունեին և համացանցին միանալու հնարավորություն: Սակայն քչերն ունեին էլեկտրոնային փոստարկղ և անվարժ էին դրանից օգտվելու հարցում, ուստի դասընթացի առաջին օրերին մենք փորձեցինք լուծել այդ խնդիրը. հետագայում ճիշտ կլինի հենց սկզբում անդրադառնալ համակարգչային հիմնարար գիտելիքներին:

Դասընթացի մեծագույն խնդիրը համացանց մուտք ունեցող անհրաժեշտ քանակով համակարգիչների բացակայությունն էր: Դասընթացին մեր տրամադրության տակ ունեինք USB մոդեմով համացանցին միացած մեկ համակարգիչ և մեկ պրոյեկտոր, որ վերցրել էինք այլ դպրոցից: Նախատեսվում էր, որ ամեն աշակերտ պետք է փորձեր կատարել գոնե մեկ վարժություն համակարգչի մոտ, իսկ մյուսները կարող էին մեծ էկրանին հետևել խնդրի լուծմանը: Վստահ եմ` դասն ավելի արդյունավետ կանցներ, եթե լիներ առնվազն մեկ համակարգիչ ամեն զույգի համար, որպեսզի աշակերտները միասին փորձեին լուծել ծրագրավորման խնդիրները: Անհնար է ծրագրավորում սովորել առանց անձամբ փորձելու, սխալվելու և այդ սխալն ուղղելու հնարավորության:

Հաջորդ խնդիրն անգլերենի իմացության հետ էր կապված. դասընթացի նյութերը թեև թարգմանվել էին հայերեն, այնուամենայնիվ դասընթացը գտնվում էր անգլալեզու հարթակի վրա, ինչն սկզբնական շրջանում աշակերտներին խանգարում էր կողմնորոշվել կայքում: Հայերեն տեքստով զուգակցվող տեսանյութերը, միևնույնն է, մատչելի չէին աշակերտների համար, քանի որ նրանք դժվարանում էին հետևել անգլերեն խոսքին: Ես համոզվեցի, որ հայաստանցի աշակերտների համար պետք է ստեղծել հայալեզու ուսումնական նյութեր. թեև համացանցն առաջարկում է մեծաքանակ օգտակար տեղեկատվություն, այն, սակայն, հաճախ հասանելի չէ հայաստանցի աշակերտներին:

Ծրագրի ավարտին երկշաբաթյա նյութն ամփոփող թեստ տրվեց աշակերտներին, որը պետք է կատարեին տանը մեկ օրվա ընթացքում: Ըստ թեստի արդյունքների` 11 աշակերտներ արժանացան «Լույս» հիմնադրամի` համակարգչաին ծրագրավորման դասընթացին հաջող մասնակցությունը փաստող հավաստագրերի: Հավաստագրերը շնորհելու նպատակով Գյումրի ժամանեց «Լույսի» ամբողջ թիմը, որին դպրոցի աշխատակազմն ու աշակերտները դիմավորեցին անակնկալ միջոցառումով: Նախքան հավաստագրերի հանձնումը հիմնադրամի աշխատակից Հարութ Ամբրահամյանը «Լույսի» թիմի օգնությամբ կազմակերպեց խաղ-քննարկում` աշակերտների արժեհամակարգը բացահայտելու համար: Թեև քննարկումը նախատեսված էր աշակերտների համար, սակայն հաճույքով մասնակցեցին նաև դպրոցի ուսուցիչները. քննարկումը հետաքրքիր էր և ուսուցանող:

Հավաստագրերի հանձնումից հետո խմբային այց կատարվեց «Instigate» ծրագրավորման ընկերության Գյումրու մասնաճյուղ: «Լույսի» թիմին ուղեկցում էին ոչ միայն դասընթացին մասնակցած աշակերտները, այլև դպրոցի բազմաթիվ այլ աշակերտներ. այցը տպավորիչ ու ոգեշնչող էր բոլոր ներկաների համար, հատկապես աշակերտների. նրանցից շատերն սկսեցին անմիջապես հետաքրքրվել, թե ինչպես կարող են շարունակել ծրագրավորման մասին գիտելիքներ ձեռք բերել` հետագայում ծրագրավորող դառնալու համար: Նման այցելությունները, կարծում եմ, կարևոր են ու ճանաչողական, և լիահույս եմ, որ հետագայում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ավելի շատ ընկերությունների հետ հնարավորություն կունենանք համագործակցելու:

Համակարգչային այս դասընթացի կարևորագույն ձեռքբերումներից մեկն ինձ և իրար հետ մշտապես կապ պահպանող աշակերտների մեջ հետաքրքրության, նոր տեղեկատվություն ստանալու անհագ ծարավի արթնացումն էր:


Back to top