ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Լույսի կամավորներն ավարտեցին 2012-2013 թ. պրակտիկայի ծրագիրը


Սեպտեմբեր 02, 2013 մենթի, workshop, ինքնավստահություն

Ներկայացվող հարցազրույցն արվել է հունիսի 5-ին, երբ «Լույս» հիմնադրամը նախապատրաստում էր «Զարգացնենք Հայաստանը-2013» ծրագրի մեկնարկը: Նանե Հովհաննիսյանը «Բրեյնի բինս»-ի («Brainy Beans», թարգմանաբար` «խելացի հատիկներ») հիմնադիրն է. սա Լոնդոնում ստեղծված ուսուցողական ծրագիր-համակարգ է երեխաների համար, որն իրականացվում է ետդպրոցական ակումբներում և նախակրթարաններում ու ներառում է տարատեսակ գործառնություններ և խաղեր: Նանեի նպատակն է բազմազան դարձնել երեխաների կյանքն ու նպաստել դասավանդման-ուսուցման մշակույթի բարելավմանը: Սեպտեմբերին Նանեն «Brainy Beans» ծրագիրը բերեց Հայաստան:

Ի՞նչ նախագիծ էիք իրականացնում «Լույս» հիմնադրամի հետ:

Վերջին երկու շաբաթների ընթացքում սեմինարներ էինք անցկացնում ինքնավստահության բարձրացման թեմայով «Լույսի» մենթիների համար, այնուհետ իրենց սովորածը փոխանցում էին մյուս մենթիներին: Այլ կերպ ասած` համապատասխան գործիքների ու մեթոդների փոխանցման միջոցով երիտասարդները զորակցում են այլ երիտասարդների` շեշտը դնելով ինքնագնահատման, վստահության, ինքնավստահության, մտահղացումներով կիսվելու կարողության և համատեղ աշխատանքի վրա:
Կազմվել էր 13 մենթիներից բաղկացած խումբ, որը հետագայում բաժանվելու էր 3-4 հոգանոց խմբերի, որոնք «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի ընթացքում դասընթաց կվարեին «Լույսի» մյուս մենթիների` 3-4 հոգուց կազմված խմբերի համար:
Այսպիսով, մենք հինգ դասընթաց ունեցանք 2,5 շաբաթվա ընթացքում և, կարծում եմ, նկատելի առաջընթաց կար ամեն հանդիպման ժամանակ: Որոշ մենթիներ ասում էին, որ ինքնարտահայտվել են և իրողություններն ընդունել առաջվանից տարբեր եղանակով. սրա հիմնական պատճառն այն է, որ հայաստանցի երիտասարդի համար գոյություն չունի մի միջավայր, որտեղ նա կարող է ինքնադրսևորվել, տարբերվել, ցույց տալ սեփական անվստահությունն ու բացահայտել, որ մենակ չէ: Եվ գուցե հենց ուրիշներին օգնելով ենք օգնում ինքներս մեզ:

Ըստ Ձեզ`արդյո՞ք նրանցից ոմանք մյուսներից ավելի ազատ մտաձև ունեին, թե՞ բոլորն էլ կաղապարված էին սեփական պատյաններում:

Ո՛չ, ամենևին: Պարզ է` ավելի հեշտ էր կապ հաստատել նրանց հետ, ովքեր ընտրելու, ինքնուրույն փոքր որոշումներ կայացնելու ազատություն են ունեցել: Վերջիններս էլ ավելի հեշտ էին կապ հաստատում մյուսների հետ, ում փոխարեն ընտրություն մշտապես կատարել են մեծահասակները:

Ի՞նչ եք կարծում, տարբերվու՞մ է արդյոք դեռահասների միջև շփումը Մեծ Բրիտանիայում և Հայաստանում:

Դե, արդեն տասը տարի է` ինքս դուրս եմ եկել դեռահասության շրջանից [ծիծաղում է], բայց կարծում եմ, որ հայաստանյան հասարակությունը, որտեղ կոլեկտիվ սթրեսայնությունն ավելի մեծ է, քան անհատականը, երիտասարդներին միանման դառնալ է սովորեցնում: Եվ հայաստանցի երիտասարդներն ավելի արագ են նույնացվում և ավելի վաղ են կորցնում անհատականությունը, քան, ասենք, Հյուսիսային Ամերիկայում. սա իմ անձնական դիտարկումն է: Արևմուտքում բարձր իրազեկությունն էթնիկ ընգրկում ունի պարզապես այն պատճառով, որ արտադրական տարատեսակ ոլորտների առկայության պայմաններում հնարավոր է հանդիպել հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչների, մինչդեռ Հայաստանում շատ ավելի նեղ են շրջանակված անգամ մասնագիտությունները և այն աշխատանքների թիվը, որոնցով մարդիկ կարող են զբաղվել:
Սակայն նման հասարակությունում չափազանց դժվար է արտահայտում գտնում անձի եզակի բնույթը: Ներքին մղումով մենք հակված ենք միախառնվելու, սակայն գոյություն ունի նաև տարբերվելու, առանձնանալու մղումը: Ու երբ մեզ բավարար չափով ապահով չենք զգում, հրաժարվում ենք փորձարկել, նոր իրողություններ բացահայտել ու լիարժեք կյանք ապրել: Մենք, փաստորեն, կորցնում ենք մարդուն և այն գույնը, որ նա պիտի բերեր աշխարհին, ճիշտ այնպես, ինչպես արվեստի կորած գործը: Փաստորեն, ըստ իս, ինքնադրսևորման ազատությունը սահմանափակ է:
Կարծում եմ` մեր սերնդի համեմատությամբ շատ բան է փոխվել: Այսօրվա սերունդն ինքնարտահայտման ավելի շատ հնարավորություններ ունի` սոցիալական մեդիան, որտեղ կարող եք ձեր տեսակետը հայտնել, կարող եք մտքեր հրապարակել բլոգներում, ինչպես նաև համայնքում գտնել «Լույսի» նման այլ կազմակերպություններ, որտեղ հնարավոր է կապ հաստատել գաղափարակից մարդկանց հետ: Դա, ինչ խոսք, հուսադրող է:

Սեմինարների ընթացքում Դուք փորձել եք քառակուսի մտաձևից դուրս և կյանքի հանդեպ այլ մոտեցում ունեցող երիտասարդներ գտնել, ովքեր կենտրոնացած չեն միայն սեփական անձի վրա, այդպե՞ս է:

Այո, մենք փորձեցինք ուժեղ ու համարձակ մարդիկ գտնել և այն միտքը ներարկեցինք, որ առաջադրված խնդրին կարելի է լուծում գտնել. այն անլուծելի է թվում միայն այն պատճառով, որ դիտարկվում է միայն մեկ անկյան տակ, ինչը չի նշանակում, որ անհնար է այն լուծել այլ եղանակներով: Մեր նպատակն էր հնարավորություն տալ նրանց գիտակցելու ներսում ունեցած ուժի մասին, որպեսզի կարողանան փոխել հայացքներն ու վերաբերմունքը և հասնեն իրենց նպատակներին` անկախ սահմանափակումներից ու հանգամանքներից: Դուք կարող եք սկսել փոխել հանգամանքներն ու պայմանները` փոփոխության ենթարկելով ձեր վերաբերմունքն ու գիտակցությունը: Դուք կարող եք փոխել ամենը` սկսելով ձեզնից և քայլ առ քայլ առաջանալով:

Ի՞նչ եք կարծում, ընտանի՞քն է ստիպում անհատին նմանվել, նույնականացվել մյուսների հետ, թե՞ հասակակիցները:

Երկուսն էլ, ինչպես նաև կրթական այն հաստատությունները, որ նրանք հաճախում են` դպրոց կամ համալսարան: Փաստորեն, դրան են մղում ծնողները, ուսուցիչները և տարեկիցները: Կարծում եմ`ուր էլ լինի` սա ազդեցության եռափեղկ մոտեցում է, քանի որ իսկապես դժվար է զերծ մնալ հասարակական ազդեցություններից` ծնողների, դաստիարակության և տարեկիցների: Մենք կարծում ենք, թե ազդեցություն ենք կրում բազում այլ գործոններից որևէ մեկից, սակայն, ըստ իս, մեզ վրա հավասարապես ազդում են բոլոր գործոնները միասին:


Back to top