ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

«Լույսի» կրթաթոշակառու Արմեն Մկրտչյանը կայուն գյուղատնտեսության որոնումներում


Սեպտեմբեր 02, 2013 գիտնական, գյուղատնտեսություն, MIT, տեխնոլոգիա

Երեւան—Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտում սովորող «Լույսի» կրթաթոշակառու Արմեն Մկրտչյանի նվիրական երազանքն է Հայաստանի գյուղական համայնքների վիճակի կայունացումը: Ավիացիոն գործի և տիեզերագնացության ոլորտներում մասնագիտացած Արմենը մշակում է ինքնակառավարվող օդագնացի մի անօրինակ նախագիծ, որը ստացված պատկերների միջոցով հայաստանցի ֆերմերներին թույլ կտա որոշել հողի որակը:

Տասնամյակներ շարունակ ֆերմերների առաջնային խնդիրն է եղել հոգ տանել իրենց հողի որակի և վերարտադրողականության մասին:

«Ֆերմերները հակված են իրենց ֆերման մշակելու որպես միատարր հողակտոր, ինչը բնավ նպատակահարմար չէ,- բացատրում է Արմենը: - Նրանք նույն քանակությամբ պարարտանյութ և թունաքիմիկատներ են օգտագործում ողջ դաշտի համար, մինչդեռ վերջինիս տարբեր հատվածներում բերքը նույնկերպ չի աճում, ուստի մշականյութի նույն քանակի օգտագործման կարիք չկա: Սա հաճախ հանգեցնում է որոշ հատվածներում պարարտանյութի և թունաքիմիկատների գերածախսի»:

Արմենը նախագծել է ինքնակառավարվող թռչող մեքենա, որը նման է անօդաչու ինքնաթիռի, և կոչել է «Ագրոդրոն»: Այն գործարկվում է ձեռքով, թռչում բերքի դաշտերի վրայով և լուսանկարում դրանք: Արմենի մշակած և ներդրած համակարգչային ծրագիրը կարողանում է վերլուծել արված նկարները և ներկայացնել բուսականության առողջության քարտեզը, որը ցույց է տալիս հողակտորի տարբեր հատվածների որակական վիճակը:

Արված նկարների օգնությամբ ֆերմերները կարող են վայրկենապես որոշել ընդունելի աճի տեմպը: Բույսերի վիճակը գնահատելու համար հողատարածքի նկարահանման մեթոդը կիրառվում է արդեն երկար տարիներ. այս նպատակով են օգտագործվում արբանյակները, որոնք, սակայն, առավել լայն ընդգրկմամբ տարածքներ են նկարահանում: Իսկ Արմենի օդագնաց սարքը ճշգրիտ նկարահանում է իրականացնում անգամ փոքր ֆերմաներում: Ուստի ֆերմերները կարող են որոշել` որքան պարարտանյութ և թունաքիմիկատ է անհրաժեշտ օգտագործել առանձին հատվածներում` այդպիսով կրճատելով ծախսերը և ավելացնելով բերքատվությունը:

Արմենն ասում է, որ համաձայն շուկայական հետազոտությունների, որոնք անց են կացվել հիմնականում ԱՄՆ-ում, այս մեթոդը շուրջ երեսուն տոկոսով կկրճատի քիմիկատների ծախսը և ամենայն հավանականությամբ կբարելավի բերքատվությունը 10-20 տոկոսով:

«Սա կարող է հանգեցնել զգալի խնայողությունների` հաշվի առնելով հայաստանյան ֆերմերների ամսական (և սեզոնային) ցածր եկամտաբերությունը»,- ասում է Արմենը:

Արմենը մեծացել է իր տատիկ-պապիկների կողմից մշակվող ֆերմայում` Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի մոտակայքում, ուր Արմավիր քաղաքից մեքենայով հնարավոր է հասնել ընդամենը հինգ րոպեում: Ֆերման ներառում է ծիրանի այգի, որտեղ անցյալ ամառ Արմենը փորձարկել է իր «Ագրոդրոնը», 4,8 հեկտար զբաղեցնող խաղողի այգի, բալենիներ և պտղատու այլ ծառեր:

«Ես աշխատել եմ ֆերմայում, պարարտանյութ և թունաքիմիկատներ օգտագործել,- հիշում է նա: - Փոքր ժամանակ ես արթնանում էի ժամը 6-ին ու անասուններին արոտավայր տանում: Ես ատում էի այդ գործը, թեև կարծում եմ, որ դա հասունացման գործընթացի, ինչպես նաև աշխատանքը գնահատելու կարևոր մաս է»:

Արմենը երկու տարի սովորել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռադիոֆիզիկայի ֆակուլտետում` հիմնարար գիտելիքներ ձեռք բերելով մաթեմատիկայի, ճարտարագիտության և ֆիզիկայի բնագավառներում։ Այնուհետ` 2006-ին, տեղափոխվել է Գրանդ Ֆորկս` Հյուսիսային Դակոտայի համալսարանի էլէկտրական ինժեներիայի բակալավրական ծրագրով սովորելու: Այնտեղ Արմենը հետազոտություններ էր կատարում «Ավիացիոն համակարգերի նախագծման» լաբորատորիայում, որտեղ մի քանի մասնագետ մշակում էին ագրոդրոնի նախագիծը, որը, սակայն, ավելի ծավալուն էր: Այն շատ ավելի մեծ էր` 22,5-25 կգ կշռող թևերի 3,5 մ փռվածքով, և բուսականության վիճակի նկարահանման համար բավականին թանկարժեք տեսախցիկներ էր նախատեսում:

«Այդ ժամանակ մտածեցի` իսկ ի՞նչ, եթե կարողանամ նախագծել այն որևէ զարգացող երկրում և շատ ավելի մատչելի գնով,- պատմում է Արմենը:- Հնարավոր է` ֆերմերը չունի 10000 դոլար, սակայն կարող է իրեն թույլ տալ վճարել ամսական 20-30 դոլար` այս սարքը ձեռք բերելու համար: Այս միտքն էլ ինձ գաղափար տվեց ստեղծելու նմանատիպ, բայց ավելի փոքր ու մատչելի սարք»:

Արմենն ընդունվեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի օդագնացության և տիեզերագնացության ֆակուլտետի մագիստրատուրա, որտեղ նրա հետազոտությունն առնչվում էր ինքնակառավարվող օդասարքերի և մարդկանց փոխներգործության մոդելավորմանը: Այժմ նա սովորում է նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում և պատրաստվում է 2015-ին պաշտպանել ավարտական թեզը:

Արմենի ինքնաթիռի թևերի բացվածքը 1,2 մետր է, և կշռում է ընդամենը մի քանի կիլոգրամ: Մրցակցող ապրանքների համեմատ՝ այն բավականին ցածր գին ունի, հիմնականում շնորհիվ պատվիրված խցիկների համակարգի և տարատեսակ այլ սխեմաների, որոնք մշակվել են՝ մատչելիությունն ապահովելու համար։

«Լույսի» հանդեպ սերը
Արմենը «Լույսի» առաջին կրթաթոշակառուներից է` 2009-ին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ ընդունվելու տարվանից: Նրա համար «Լույսն» ավելին է, քան պարզապես Հայկական աշխարհի ուսանողներին ֆինանսավորում տրամադրող հիմնադրամ:
«Լույսը» կապ է ապահովում մարդկանց միջև,- բացատրում է Արմենը:- Այն համայնք է ստեղծում, որտեղ կարող եք մտքեր փոխանակել և չվախենալ խոսել գաղափարներից, որոնք կարող են ընկալվել որպես ֆուտուրիստական, ինչպես իմն է, թեև այն այդպիսին չէ: Դա տեխնոլոգիաների կիրառումն է աշխատանքում: «Լույսը» ռեսուրսներ է տրամադրում, որի լավագույն դրսևորումը մարդկանց միջև կապի հաստատումն է: Մոտեցումը հետևյալն է. «Տեսնենք` ինչքան հեռու կարող ես գնալ ինքդ՝ համագործակցելով նաև ուրիշների հետ, ովքեր պատրաստ են աջակցելու»:
«Լույսի» կրթաթոշակն ինձ ազատություն տվեց ընտրելու այն հետազոտական ծրագիրը, որով ես մեծապես տարված եմ: Առավել կարևոր է, որ «Լույսի» շնորհիվ ինձ հասանելի է դարձել մարդկանց մի աներևակայելի ցանց, ովքեր խանդավառությամբ պատրաստ են սատարելու միմյանց` իրենց երազանքներին հասնելու համար: Հենց այս ուսանողների, մենթորների և մասնագետների ցանցն է, որն ամրակազմ է մնալու և երկարընթաց զարգացում է ապրելու»:

Ապագա ծրագրեր
Արմենի երազանքներից մեկն է Հայաստանում հետազոտական կենտրոն հիմնելը, որը շահութաբեր է ոչ միայն իր, այլև Հայաստանի քաղաքացիների համար:
Արմենը զարգացող երկրների համար արտադրանք ստեղծել ցանկացող մեծ կամ փոքր ընկերությունների դաշտի ստեղծման նախագիծ է մշակում:
«Անցյալում բազմաթիվ հետազոտություններ են արվել, որոնք ցույց են տալիս, որ զարգացած շուկաների համար արտադրված ապրանքներն իրացում չեն գտնում զարգացող շուկաներում,- ասում է Արմենը:- Կարիքները նույնը չեն. մարդիկ չեն կարող իրենց նույնը թույլ տալ: Այլ են նաև պայմանները` մի շարք պատճառների բերումով: Այսպիսով, ես փորձում եմ մշակել այնպիսի մի հարթակ, որն սկսնակ ձեռնարկություններին կամ ֆինանսական ընկերություններին հնարավորություն կտա նոր ապրանք արտադրելու»:
Արմենի հետազոտությունների մեծ մասն այժմ կատարվում է Հայաստանում: Նա զրուցել է հայաստանյան մի շարք ՏՏ ընկերությունների հետ` պարզելու համար` ինչպես կարող են ապրանքները մշակվել հայկական շուկայի համար, անգամ եթե նրանց մեծ մասն արտահանվի արտերկրյա շուկաներ: Արմենի նպատակն է ոչ միայն իր ինքնակառավարվող օդասարքի արտադրությունը հիմնել, այլև կազմակերպել դրա արտահանումը:
«Եթե կարողանանք Հայաստանում հիմնել օդասարքի արտադրությունը, մենք այն կարող ենք արտահանել, օրինակ, Միացյալ Նահանգներ, Ավստրալիա, Արևելյան Եվրոպա, Ռուսաստան, որտեղ շուկան ավելի լայն է, քան Հայաստանում»,- ասում է Արմենը:
«Նախատեսում եմ բավականաչափ գումար հավաքել՝ հնարավորինս արագ գործնական փուլին անցնելու համար (հենց որ ավարտեմ դասերս), ոչ մի դեպքում չհետաձգել, քանի դեռ չափազանց ուշ չէ: Շուկան գնալով առավել հագեցած է դառնում, քանի որ ինքնակառավարվող այս օդասարքերը մեծ պահանջարկ են սկսում վայելել, ուստի ես չեմ կարող ինձ թույլ տալ սպասել»:


Back to top