ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Հայ երիտասարդ գիտնականների կրթական ճամփորդությունը Շվեյցարիա


Հունիս 03, 2013 կրթաթոշակ, կրթաթոշակառու, շվեյցարական

Շվեյցարիայի կառավարությունը Գերազանցության կրթաթոշակ է շնորհել Հայաստանի երեք երիտասարդ հետազոտողների` Գոհար Գրիգորյանին, Հասմիկ Օսիպյանին և Մարիամ Մնացականյանին: Հավաստագրերի շնորհման արարողությունը տեղի ունեցավ "Լույս" հիմնադրամում հինգշաբթի` 2013 թ. մայիսի 23-ին: Իր ներկայությամբ հանդիպումը պատվեց Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին գերազանցություն պարոն Կոնստանտին Օբոլենսկին: «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի հետ միասին նա պաշտոնապես ներկայացրեց կրթաթոշակառուներին:

"Ուրախ եմ, որ չափանիշներին համապատասխանող թվով 20 դիմում-հայտերից, որ ստացել էր Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատունը, երեքը արժանացել են Գերազանցության կրթաթոշակի",- հանդիպման ընթացքում ասաց Նորին գերազանցություն Կոնստանտին Օբոլենսկին:

2014-2015 ուսումնական տարվա համար նոր հայտերի ընդունումը կմեկնարկի 2013 թ. օգոստոսին, մանրամասները հասանելի կլինեն "Լույսի" կայքում:

"Միջնադարագիտությամբ զբաղվելն ինձ համար մեծագույն հաճույք է: Հայ ձեռագիր մատյանները, նրանց դարավոր ուժն ու խորհրդավորությունն ինձ մեծապես ոգեշնչում են և անընդհատ մղում նոր փնտրտուքների հեռավոր անցյալում",- ասաց կրթաթոշակառու Գոհար Գրիգորյանը:

Իսկ Մարիամ Մնացականյանը խորին երախտագիտությամբ նշեց, որ "մի գիտնականի հաջողությունը բոլորի հաջողությունն է":

Տիկին Ժաքլին Կարաասլանյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպան պարոն Օբոլենսկիին` "Գերազանցության կրթաթոշակների" համակարգման աշխատանքը "Լույսին" վստահելու համար:

Կրթաթոշակառու Գոհար Գրիգորյանը սովորելու է Ֆրայբուրգի համալսարանի Արվեստաբանության և հնագիտության բաժնի Միջնադարյան արվեստի պատմության ամբիոնում, Հասմիկ Օսիպյանը և Մարիամ Մնացականյանը` Ժնևի համալսարանում:

Այս տարվա սեպտեմբերից բոլոր երեք կրթաթոշակառուները կմեկնեն Շվեյցարիա` սկսելու իրենց հետազոտական աշխատանքները: Նրանք կամուրջ կդառնան` Հայաստանի գիտական կենտրոնների և իրենց նոր կրթական միջավայրերի միջև: Իսկ արդեն մեկ տարի անց, ավարտելով իրենց ուսումնառությունը, նրանք կվերադառնան Հայաստան և իրենց գիտելիքն ու փորձը կներդնեն Հայաստանի զարգացման գործին:

Նյութի հեղինակներ` Անահիտ Էվոյան և Հիլդա Յակուբյան


Back to top