ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Ինքնություն. ազգային դիմագիծ


Մարտ 18, 2013 ինքնություն, առաջնորդություն, արժեքներ

Ինքնություն` անցյալի ու ներկայի դիմագիծը, որով ուրվագծվում է ապագան: Մտածող մարդկանց մի խումբ, որոնց ես «ինքնաբաններ» անվանեցի, մարդիկ, ովքեր, որպես «Ինքնություն» խորհրդի անդամներ, ունեն մի անգնահատելիորեն կարևոր առաքելություն. այն է՝ պարզել, թե ինչ գույներով է Աստված վրձնել հային, ինչ սպասելիքներ ունի նրանից, ինչ պարտականություններ է դրել նրա ուսերին, և թե ինչպիսին է, անկախ ամեն ինչից, տեսնում նրա ապագան:

Երիտասարդներ` անցյալը, ներկան ու ապագան արտացոլող անբիծ հայելիներ:

Ահա այսպիսի շնչով էր լցված մարտիյոթյան Շախմատի ակադեմիան, որտեղ տանտիրոջ՝ պարոն Սմբատ Լպուտյանի համեստ ու զուսպ գլխավորությամբ և տիկին Ժաքլին Կարաասլանյանի իմաստուն առաջնորդությամբ կազմակերպվեց մի առողջ քննարկում, որն ուղղված էր «դարակներում դասավորելու» շատ արդի հարցերի շուրջ հնչած կարծիքները:

Եվ այսպես, մեկ գաղափարի շուրջ հավաքվեցին միմյանց աշխարհընկալման վրա դրական ազդելու, բայց ոչ երբեք ճնշելու ու կարծիք պարտադրելու: Չէ՞ որ թեման հենց հասարակության վրա կյանքի տարբեր ոլորտների ճնշումն էր ու դրա տեսակները: Բախվեցին կարծիքներ, վեր հանվեցին մինչ այդ կարծրատիպերի ետևում մնացած ճշմարտություններ, փոխվեցին տեսակետներ, անգամ մտածելակերպեր, ավելի ամրապնդվեցին որոշակի համոզմունքներ: Բերվեցին անձնական կյանքի փորձի օրինակներ, դիմեցին մարդկության պատմության փոշոտ էջերին (Թուրքիայի կրթական համակարգից մինչև Ճապոնիա, ճգնավորի անձնուրաց կյանքից մինչև ներկայիս երաժշտի՝ ես-ով լցված աշխարհ), քննարկվեցին մարդկանց վրա գործադրվող ճնշումների տեսակները, դրանց պատճառները, որոնց արմատները հասան մինչև կրթության ոլորտ և հոգևոր կյանք: Քննարկումը ողողվեց հաճելի, չճնշող հոգեղենությամբ, խնդրո առարկային պատմության, նկարչության, երաժշտության տեսանկյունից անդրադարձով և այս ամենը՝ շախմատային հստակ քայլերով ու տրամաբանությամբ:

Որոշվեցին լիդերության և անհատականության հստակ սահմանները: Աղոթքի պես հնչեցին Տեր Մեսրոպ քահանա Արամյանի խոսքերն անանձնականության, մարդկանց ծառայելու և եսականությունից զուրկ անհատի մասին: Սրանից պարզ չէր էլ կարող լինել. անհատը նա չէ, ով հրամայում և իշխում է, այլ նա, ով ունի ձևավորված հոգևոր արժեքային համակարգ, երբեք չի իշխում, հրամաններ չի արձակում, այլ օրինակ է լինում, ուղղորդում և ծառայում:

Երկար, բայց իմաստալից լռությունից հետո պարոն Սմբատ Լպությանն ամփոփեց հնչած բազմաթիվ կարծիքները: Նրա խոսքը պարզ էր ու հակիճ. հասարակության, հեռուստատեսության, տպագիր մամուլի բացասական ազդեցությունն անհնար է, եթե ընտանիքն ու այն բոլոր հաստատությունները, որոնք պատասխանատու են մարդու հոգևոր զարգացման, արժեքների կերտման և կրթվածության համար, ապահովեն վերջինիս այդ պաշարով, որի արդյունքում նա կկարողանա ոչ միայն ֆիլտրել ամենատարբեր ոլորտներից՝ հեռուստահաղորդումներից, սերիալիներից, սոցցանցերից հորդացող արժեքակերտ կամ արժեքաքանդ տեղեկատվությունը, այլև դառնալ իրական արժեքների կրող և փոխանցող:

Տեքստի հեղինակ` «Լույսի» մենթի Մարինե Օվեսյան



Back to top