ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Համագործակցության գիտություն. Համայնքների և սերունդների երկխոսություն


Մարտ 01, 2013 Այբ, Պորտ Այաս, երիտասարդություն, Կիլիկիա

2012 թ. մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի “Այաս” նավահանգստում մեծ հանդիսավորությամբ նշվեց “Կիլիկիայի” նավի 10-ամյա հոբելյանը: Ծրագիրը համատեղ կազմակերպել էին “Լույս” և “Այբ” հիմնադրամները, “Այաս” նավահանգիստն ու “Այաս” ակումբը: Ծրագրի մասնակիցների շարքում նաև հարակից երեք գյուղերի` Արտանիշի, Ջիլի և Ծափաթաղի դպրոցականներն էին:

«Այաս» ծովային հետազոտությունների ակումբը հիմնադրվել է 1985 թվականին: Ակումբի գործունեությունն ընդգրկում է աշխարհի և հայկական նավագնացության պատմության ուսումնասիրությունը, նավաշինությունը, հին հայկական նավերի վերակառուցումը, ծովային երթուղիների, հին քարտեզների, նավիգացիոն սարքերի և դրոշների ուսումնասիրությունը, հայ նավարկողների մասին տեղեկատվության համակարգումը, ստորջրյա հնագիտական հետազոտությունները և այլն:

Նավապետ Կարեն Բալայանը և հմուտ նավաստիները «Այաս» ակումբի համահիմնադիրներն են։ Միասին կառուցել են 13-րդ դարի հայկական «Կիլիկիա» առևտրային նավի համանուն կրկնօրինակը։ Առագաստանավը շրջագայել է երկրագնդի շուրջը` շատերիս համար դառնալով ոգեշնչման անսպառ աղբյուր:

“Այաս” նավահանգիստը Սևանա լճի ամենախաղաղ ափերից մեկում է գտնվում: Այն նավաստիների, ինչպես նաև հարակից գյուղերից կամ աշխարհի այլ երկրներից նրան նոր անդամագրված մեծերի ու փոքրերի համար տուն կլինի։ Ակումբի անդամները միասին ապագայի մասին կանրջեն և կնախագծեն անելիքները։

Առագաստանավն ու դրա ստեղծման պատմությունն արդեն լեգենդի են վերածվել: Իսկ ինչպե՞ս ստեղծել նոր “կիլիկիաներ”.. Ինչպե՞ս փոխանցել հաջողակ նավավարների հարուստ փորձը կրտսեր սերնդին: Այս հարցերի շուրջ մտորող «Այաս» նավահանգստի հիմնադիրները և «Այաս» ակումբի անդամները հրավիրեցին «Լույս» և «Այբ» հիմնադրամներին և իրենց սաներին` գյուղերի երեխաների համար ոչ ֆորմալ ուսուցման և հանդիպման միջավայր ստեղծելու։

Մշակված և իրագործված այս ծրագիրը պետք է դիտարկել համայնքային զարգացման համատեքստում. նպատակը շրջակա գյուղերի բնակիչներին այս նոր ոլորտում ընդգրկվելն է, միմյանց հետ աշխատելու, գործելու, մտածելու, նաև` նոր մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն տալը: Հենց այս նպատակով նախատեսվում է նավաշինության ու նավագնացության մասին ուսուցումն անվճար դարձնել շրջակա 3 գյուղերի դպրոցականների համար:

Ջիլի, Արտանիշի և Ծափաթաղի երիտասարդներն ակնհայտ լավատես էին: “Համոզված եմ` մի օր այստեղ մեծ նավեր են կանգնած լինելու”,- ասաց 11-ամյա Հենրիկը՝ մատնացույց անելով “Այաս” նավահանգիստը:

Երեխաները հավատում են, որ Սևանը մի օր զարգացած հանգստյան գոտի է ունենալու. ափերին աղբ չի լինելու, խնամված գոտիները շատանալու են, սպորտային գոտիներ են ստեղծվելու, ժամանցային կենտրոններ են կառուցվելու, շատ զբոսանավեր ու նավեր են լինելու, անգամ ջրային կամուրջ է կառուցվելու...

Հատկանշական է այն, որ երեխաները ոչ միայն երազում են այդ մասին, այլև արդեն գործի անցնում` մաքրելով ափն ու շրջակայքը: Եվ սա առաջին քայլն է:

Նորա Փափազյան



Back to top