ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

“Լույսի” մենթորության համայնքի առաջին հանդիպումը


Հունիս 05, 2013 մենթորություն, համայնք, գիտելիք

“Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց և քնելուց առաջ հիշեք, թե այդ օրն ինչ եք արել ձեր ազգի համար"
Զորավար Անդրանիկ

2013 թ. փետրվարի 9-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ Մենթորության մասնակիցների առաջին հանդիպումը։ Տարբեր մասնագիտություններ, տարբեր հետաքրքրություններ ու մտքեր ունեցող մոտ 150 երիտասարդներ հավաքվել էին մեկ գաղափարի շուրջ՝ համակված ապագայի նկատմամբ նոր ու հետաքրքրաշարժ գաղափարներով։

Այդ օրը հիշարժան եղավ նոր ծանոթություններով և “Լույս կաֆեի” շրջանակներում առաջադրված հարցերի ակտիվ քննարկումներով։ Արծարծվեցին կապակցված համայնքի կառուցման հարցերը, և մենթիների դերը “Լույսի” համայնքի կառուցման գործում։ Մենթիներին օգնեցին Մենթորության համակարգողները և այն մենթիները, որոնք դեռ նախորդ տարիներից ծանոթ էին տվյալ նախագծին։

Մինչ այդ մենթիները ծանոթացան “Լույսի” թիմի հետ, որը ևս մեկ անգամ ներկայացրեց իր առաքելությունը և նպատակը` խրախուսելով երիտասարդ մենթիներին ներդնել իրենց գիտելիքները, փորձն ու գաղափարները Հայկական աշխարհի կառուցման գործում։

“Լույս” հիմանադրամն ապահովում է գիտելիքների ու գաղափարների շրջանառությունը։ Երիտասարդների գործն է սովորել ու սովորել, ձգտել կուտակելու հնարավորին չափ շատ գիտելիքներ, որովհետև գիտելիքը հասարակության առաջընթացի հիմնական շարժիչն է։ Սակայն գիտելիք կուտակելը քիչ է. հարկավոր է հնարավորին չափ դրանք լայնորեն տարածել և կիրառել կյանքում։ Իսկ առաջադրված նպատակներին հասնելու համար այդ գործունեությունը հարկավոր է ոչ պակաս, քան բուն գիտելիքը։

Հնում ամենահարուստ երկրները նրանք էին, որոնց բնությունն ու ընդերքը առավել հարուստ էր: Այժմ ամենահարուստ երկրները նրանք են, որտեղ մարդիկ առավել տեղեկացված են, գործունյա, ու զինված են գիտելիքով։

Քննարկումների ընթացքում ծագեցին նոր մտահաղացումներ, ինչպես Luys Band-ը։ Այդ և նման այլ նախագծերը նպաստում են մարդկանց հնարավորությունների ու տաղանդի բացահայտմանը, ինչը հիմնադրամի առաքելություններից մեկն է։


… Ճշմարտությունը քո´նն է, հաղթանակը` քո´նը, ապագան` քո´նը:
Ճշմարիտը դու´ ես, հաղթողը` դու´, ապագայի տերը` դու´:
Հրանտ Մաթևոսյան

Այս տարի նույնպես մենթիների գործունեությունը խոստանում է լինել արդյունավետ ու արգասաբեր։ Մենթիները համատեղ աշխատանքներում կփորձեն գործածել հատկապես իրենց մասնագիտական գիտելիքները։ Անավարտ ծրագրերը ավարտին կհասցվեն, և կմշակվեն նոր ծրագրեր։

Տեքստի հեղինակ` «Լույսի» մենթի Անի Մուրադյան







Մեկ օրն օգնեց ինձ հասկանալ, որ ես հավատում եմ "Լույսին"...

Մտանք ու միանգամից տեսանք "Լույսի" ներկայացուցիչներին, ովքեր մեծ ոգևորությամբ և սիրով դիմավորեցին մեզ: Նրանք մեզ ներկայացրին իրենց պլաններն ու կատարվելիք երազանքները` մեզ էլ ներգրավելով այդ մեծ ու խոստումնալից ապագայի կառուցման գործին: Այդ ամենը հենց սկզբից պայծառ և գործնական տրամադրություն փոխանցեց մեզ:

Դրանից հետո մենք փորձեցինք "Լույս Կաֆե" քննարկման մեթոդի միջոցով պարզել, թե, օրինակ, ինչ կարող ենք տալ "Լույսին", թե ինչպես էին առաջ հաղորդակցվում մեր ծնողները, և թե ինչ է փոխվել հիմա: Այս մի քանի հարցերը ոչ միայն օգնեցին նրանց ճանաչելու մեզ, այլև հենց մեզ հնարավորություն տվեցին մտածելու ինքներս մեր ու մեր որոշումների մասին, ինչը շատ կարևոր է նաև մեր հետագա քայլերի առումով:

Սակայն "Լույսը" միայն վայր չէ, որտեղ մենք սովորում ենք: Դա միջավայր է, որտեղ միաձուլվում են գիտելիքն ու զվարճանքը, ընկերական հարաբերություններն ու հարգանքը: Այս կենտրոնը միացնում է տարբեր աշխարհայաքների ու մտածելակերպերի մարդկանց` օգնելով համախմբվել ամենակարևոր հարցերի շուրջ, որոնց պատասխանները մենք գտնում ենք ինքներս:

Այստեղ ես հասկացա, որ կարող եմ կատարելագործել իմ` թիմային աշխատանք կատարելու հմտությունները, ավելացնել իմ գիտելիքները, բացել իմ առաջ երազային ապագայի դռները:

Մի օրը օգնեց ինձ հասկանալ, որ ես հավատում եմ "Լույսին"...

Տեքստի հեղինակ` «Լույսի» մենթի Վանե Անդրեասյան




Back to top