ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Երիտասարդ փորձագետների "Լույս"-ի ֆակուլտետ


Դեկտեմբեր 12, 2012 երիտասարդ փորձագետ, սեմինար
Ինչպես ընդունվել աշխարհի առաջատար համալսարաններ

Լիլիթ Պետրոսյան: Հարվարդի Քենեդիի կառավարման դպրոցի հանրային կառավարման բաժնի շրջանավարտ (կարդալ կենսագրությունն այստեղ)
      "Դուք պետք է զգուշանաք ձեր երազանքներից. նրանք միշտ իրականանում են":

     "Լույս"-ի երիտասարդ փորձագետ և մենթոր Լիլիթ Պետրոսյանը վստահեցնում է, որ ցանկացած նախաձեռնություն անպայման պսակվում է հաջողությամբ, պետք է պարզապես դրան նախապատրաստվել:

      Լիլիթի անցկացրած սեմինարը նպատակ ուներ օգնելու ուսանողներին հասկանալ բարձրագույն կրթօջախների եւ մասնավորապես աշխարհի առաջատար համալսարանների ընդունելության գործընթացները: Նա կիսեց իր փորձը` օգնելով ապագա ուսանողներին խուսափել շատ դժվարություններից, որոնց միջով նա և բազմաթիվ ուրիշներ անցել են իրենց ընտրած համալսարաններ դիմելիս:

      Լիլիթը նախ եւ առաջ խնդրեց ապագա բոլոր դիմորդներին հստակեցնել իրենց նպատակները ու բացատրել, թե ուր և ինչու են ուզում դիմել: Նա ներկայացրեց մագիստրոսական եւ ասպիրանտական ծրագրերի տարբերությունները եւ հեռանկարները:

      Այնուհետեւ նա համալսարանների եւ նրանց առաջարկած ծրագրերի մանրամասն ուսումնասիրություն կատարեց (ուսումնական հաստատությունների վարկանիշ, համալսարանների կայքեր, կապի հաստատում բուհի դասախոսների, ուսանողների եւ շրջանավարտների հետ): Հաջորդի քայլը վերաբերում էր հայտի ներկայացման բուն գործընթացին: Լիլիթն ընդգծեց այս գործում ամեն ինչ ճիշտ ժամանակին անելու կարեւորությունը եւ վերջնաժամկետների հանդեպ հարգելը:

      Պահանջվող բոլոր փաստաթղթերը հավաքելուց բացի, ուսանողը պետք է իրեն պատշաճ լույսի տակ ներկայացնի: Նա պետք է պատմի իր հաջողությունների, հաղթանակների, համառության, աշխատասիրության, կամ առաջնորդ եւ թիմի անդամ լինելու ունակությունների մասին: Այս գործում կարեւոր դեր ունեն երաշխավորագրերը. դրանք պետք է տվյալ դիմորդի համակողմանի եւ հզոր նկարագրությունը տան: Լիլիթ Պետրոսյանը խորհուրդ տվեց նամակների հեղինակների հետ քննարկել, թե տվյալ դիմորդի մասին համալսարանը կոնկրետ ինչ կցանկանար կարդալ երաշխավորագրում: "Երբեմն շատ օգնում է, երբ երաշխավորագրերից մի երկուսը գրված են լինում հայտնի մարդկանց կողմից",- ասաց Լիլիթը:

      Բոլոր խորհուրդները Լիլիթը հաստատում էր սեփական օրինակով եւ փորձառությամբ: Մասնակիցների հավաստմամբ` ընդունելությանը հաջորդող ամենաբարդ գործընթացն ուսման համար գումար հայթայթելն է: Լիլիթի համար ասվածը նորություն չէր. երեք տարի շարունակ նա հրավեր էր ստանում Հարվարդի համալսարանից, սակայն գումար չուներ: Լիլիթ Պետրոսյանը միայն երրորդ տարին է հաջողել կրթաթոշակ գտնելու հարցում: Սակայն այդ երեք տարիների ընթացքում ձեռք բերված փորձառությունը Լիլիթին ավելի ուժեղ եւ աշխատասեր դարձրեց` իր երազանքներն իրականացնելու ճանապարհին:

      Մասնակից Արմեն Մելքոնյանի խոսքով` արտասահմանյան համալսարանների ընդունելության փորձ չունեցող յուրաքանչյուր ուսանողի համար շատ կարեւոր է, որ անհրաժեշտ տեղեկատվությունն իրեն տրվի անմիջապես բանիմաց մարդու կողմից:

      Քանի որ Լիլիթ Պետրոսյանի սեմինարին մասնակցելու ցանկություն հայտնողները շատ էին, "Լույս"-ը որոշեց եւս մեկ սեմինար անցկացնել. "Սեմինարի թեման եւ նյութը նույնը կլինեն, իսկ կատակները` տարբեր":



Back to top