ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Կյանքը տիեզերքում. Քննարկումներ MIT-ում


Դեկտեմբեր 04, 2012 քննարկում, MIT, գիտություն

Վերջերս ներկա գտնվեցի Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտում անցկացվող քննարկումներից մեկին, որը կրում էր «Կյանքը տիեզերքում. արդյո՞ք մենք մենակ ենք» խորագիրը: Այս շարքի չորս երեկոների ընթացքում համաշխարհային համբավ վայելող գիտնականները փոխանակեցին իրենց հետազոտությունների արդյունքները, որոնք նվիրված էին այլ մոլորակներում կյանքի որոնմանը:

Դասախոսությունը, որին մասնակցում էի նաև ես, կոչվում էր «Ինչո՞ւ է Մարսը կարևոր»: Այն ղեկավարում էր Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի կրթական թանգարանի համակարգող Էրիկա Ռեինֆիլդը: Երեկոյի գլխավոր հետազոտական աշխատանքներում, որոնք ներկայացվեցին Կլաուս Բիմանի (Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտ) և Սամուել Կոունեյվսի (Թաֆթս համալսարան) կողմից, քննարկվեցին հետևյալ հարցերը` ի՞նչ են որոնում գիտնականները և ի՞նչ են գտել Մարսի վրա:

Բիմանը ներկայացրեց «Ծովագնաց» տիեզերանավի ուսումնասիրությունները, որի արդյունքում օրգանական միացություններ և ջուր էին գտել Մարսի վրա: Թեև այս արդյունքները չեն ապացուցում Մարսի վրա կյանքի առկայությունը, այնուամենայնիվ, դրանք մատնանշում են Կարմիր մոլորակի վրա կյանքի գոյության հավանականությունը: Հետագայում «Վիկինգ» տիեզերանավի գրանցած արդյունքները ցույց տվեցին, որ Մարսի վրա կյանք գոյություն չունի, և այս փաստը միառժամանակ հիասթափություն և անհետաքրքրություն առաջացրեց գիտնականների շրջանում:

Սակայն երբ Երկիր մոլորակի ամենաանհավանական վայրերում կյանք հայտնաբերվեց, կյանքի նշաններ փնտրելու առումով Մարսը կրկին հետաքրքրության կենտրոնում հայտնվեց: Կոունեյվսը աշխատեց ծայրահեղ երկրային միջավայրերում վերջերս հայտնաբերված օրգանիզմների վրա, օրգանիզմներ, որոնք հայտնաբերվել էին Չիլիի անապատի աղի բյուրեղներում, հնադարյան օրգանիզմներ, որ հայտնաբերվել էին Հարավային Աֆրիկայի աղի հանքերում` մեկ մղոն գետնի տակ` 60°C ջերմաստիճանում, և ճառագայթային դիմակայուն օրգանիզմներ, որոնք հրաշքով վերականգնում են սեփական ԴՆԹ-ն:

Այս հայտնագործությունները կարևորվում են հատկապես նրանով, որ, ինչպես Բիմանն ասաց, մատնանշում են` եթե կյանքը կարող է պահպանվել և ծաղկել ստորգետնյա ծայրահեղ երկրային միջավայրում, ապա հնարավոր է, որ կյանք գոյություն է ունեցել կամ շարունակում է գոյություն ունենալ Մարսի վրա ևս:

Կոունեյվսը բացատրեց, որ Մարսի կազմավորումը նախորդել է Երկիր մոլորակի կազմավորմանը: Վաղ ժամանակներում այս երկու մոլորակները, հնարավոր է, ունեցել են իրար շատ ավելի նման մթնոլորտներ, որտեղ կյանքը կարող էր ծագած լինել համանման ձևերով: Երբ Մարսը կորցրեց իր մթնոլորտը և դարձավ սառը, չոր ու ամայի, գոյություն ունեցող կյանքը կարող էր պահպանված լինել ստորգետնյա միջավայրում, ինչպես պատահել է Երկրի վրա հայտնաբերված օրգանիզմների հետ: Մարսի մակերևույթի վրայի սառույցը և հողը գրեթե նույն բաղադրությունը և թթվայնությունն (pH) ունեն, ինչ Անտարկտիդայի սառույցն ու հողը, որտեղ կարող է ծնեբեկ աճել:

2007 թ. «Փյունիկի» տիեզերական առաքելությունը պարզել է, որ Մարսը տեղագրությամբ նման է Անտարկտիդային` համեմատաբար նոր առաջացած հովիտներով և վտակներով, որտեղ ապագայում կյանքի վաղ նշաններ կարող են ի հայտ գալ:

Այսպիսով, 2011 թ. նոյեմբերի 25-ին նոր արհեստական արբանյակ է ուղարկվել Մարս` կյանքի նշաններ փնտրելու համար: Թեև Բիմանն ու Կոունեյվսը բացատրեցին կարևորագույն հարցեր, այնուամենայնիվ, Մարսի վրա կյանքի գոյության փաստը մնում է չհաստատված և չլուծված խնդիր:

Քրիստինե Սերդջենյան
«Լույսի» կրթաթոշակառու

Back to top