ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Ա -ից Ա. Հարմոնիայի աշխարհ


Փետրվար 01, 2012 քննարկում, MIT, հայփերսքոր, ստեղծարարություն
Ամբողջ աշխարհից մարդիկ իրար կմիանան համերգի առցանց հեռարձակման շնորհիվ` վայելելու երիտասարդ կոմպոզիտորների համատեղ ստեղծագործությունը, տոնելու բարեկամությունը և ողջունելու խոստումնալից ապագան:

Համերգը ներկայացնում է Հայաստանի և ԱՄՆ-ի երեխաների համատեղ ստեղծագործությունները` իր տեսակի մեջ եզակի երաժշտական կոմպոզիցիաներ: Երաժշտական կոմպոզիցիաների դասերը ղեկավարել է հռչակավոր կոմպոզիտոր և նորարար Թոդ Մաքովերը: Նախագիծն իրականացվում է "Լույս" հիմնադրամի, Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի (MIT) և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան համագործակցությամբ: Հայաստանի և ԱՄՆ-ի 8-ից 14 տարեկան երիտասարդ, հեռանկարային կոմպոզիտորները վերջին երկու ամսում հավաքվել են միասին` ստեղծագործելու "Հայփերսքոր" ծրագրի միջոցով: Այստեղից էլ` համերգի խորագիրը` "Ա-ից Ա. Հարմոնիայի աշխարհ" (Հայաստանից (Արմենիա) ԱՄՆ): "Հայփերսքորը" համակարգչային երաժշտական կոմպոզիցիոն միջավայր է, որը ստեղծվել է MIT-ի պրոֆեսոր Թոդ Մաքովերի կողմից` ասպիրանտ Մերի Ֆերբուդի հետ միասին:

Շնորհիվ մերօրյա տեխնոլոգիայի` դասընթացը միաժամանակ սահուն իրականացվեց MIT-ի Մեդիա լաբի դասասենյակում, "Լույսի" գրասենյակում և Գարգառ գյուղի դպրոցում:

Հայաստանն ու Բոստոնն ուղիղ կապով միացել էին իրար: 14-ամյա Հրաչ Բոյախչյանը Հայաստանի դասասենյակից իր մտքերն էր փոխանցում MIT-ի լսարանում հավաքված երեխաներին և Թոդին:


Երեխաները հնարավորություն ունեցան օրիգինալ երաժշտական մտքեր փոխանակելու, միմյանց առաջարկներն արագ քննարկելու և փոփոխելու, միասին աշխատելու` բարեկամությանը նվիրված երաժշտական կոմպոզիցիա ստեղծելու համար:



ԱՄՆ-ի և Հայաստանի երեխաների համատեղ կոմպոզիցիաները, ինչպես նաև նրանց անհատական աշխատանքները կկատարվեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և “Դոգմա” ռոք խմբի կողմից:

Թոդ Մաքովերի կենսագրությունը

"Լոս Անջելես թայմս" օրաթերթը Թոդ Մաքովերին կոչել է Ամերիկայի ամենաեռանդուն կոմպոզիտոր: Նա Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի Մեդիա լաբի պրոֆեսոր է և ղեկավարում է այդտեղի "Ապագայի օպերա" խումբը: Նա առավել հայտնի է որպես իր սերնդի ամենանշանավոր և նորարար կոմպոզիտորներից մեկը: Նաև գնահատանքի է արժանացել երաժշտության ոլորտում նոր տեխնոլոգիա ստեղծելու համար, այդ թվում` 1986 թ. թողարկված "հայփերգործիքներ":

Մաքովերն ուսանել է Էլիոթ Քարթերի և Ռոջեր Սեշնզի հետ Նյու Յորքի Ջուլիարդ դպրոցում, եղել է Փարիզի Պիեռ Բուլեզի "IRCAM" ինստիտուտի երաժշտական հետազոտության առաջին ղեկավարը:

Մաքովերի երաժշտությունը հատում է ավանդական արվեստի ու մշակույթի սահմանները` յուրովի սինթեզելով ակուստիկ և էլեկտրոնային ձայները, սիմֆոնիկ նվագախմբերն ու ինտերակտիվ համակարգիչները, օպերային արիաներն ու ռոք երգերը: Հայտնի շատ համույթներ և մենակատարներ հանդես են եկել նրա ստեղծագործություններով:

Նա արժանացել է բազում մրցանակների և պարգևների մի շարք կազմակերպությունների կողմից` "Fromm", "Koussevitzky" և "Ռոքֆելեր" հիմնադրամ, նաև Ֆրանսիայի մշակույթի նախարարության ու Համաշխարհային տեխնոլոգիական ցանցի կողմից:

Մաքովերը մշակել է նոր երաժշտական տեխնոլոգիաներ, որոնք մեծացրել են ստեղծարարության և ինքնարտահայտման հնարավորությունն ինչպես վիրտուոզների (Յո-Յո Մա և Փրինս), այնպես էլ լայն հասարակության, երեխաների (Toy Symphony), հոգեկան ու ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց և "Guitar Hero" խաղի սիրահարների համար:

Նա հռչակվել է հատկապես իր նորարարական օպերաների շնորհիվ, ինչպիսին է "Մահը և Փաուերսները": Վերջինիս պրեմիերան կայացել է 2010 թ. Մոնակոյում իշխան Ալբերտ Երկրորդի հովանու ներքո, իսկ ԱՄՆ-ում` 2010-2011թթ.: Այժմ այն շրջագայում է աշխարհով մեկ:

Երեխաները միասին ստեղծագործում են "Հայփերսքորով": Իսկ ինչ է "Հայփերսքորը":
"Հայփերսքորը" համակարգչային ծրագիր է, որը ինտուիտիվ մակարդակում և դինամիկ կերպով հասանելի է դարձնում երաժշտական կոմպոզիցիան և ստեղծարարությունը բոլորի համար` երեխաների, սիրողական մակարդակի երաժիշտների և ոչ միայն:
Կոմպոզիցիայի սյուժեն գրաֆիկորեն արտահայտվում է գծային շարժման տեսքով: Գծերի կառուցվածքը, ձևը և գույնը երաժշտական լուծում են տալիս` պարզություն կամ բարդություն, փոփոխական հարմոնիզացիա հաղորդելով կոմպոզիցիային:
Երեխան ստեղծում կամ ընտրում է մեղեդային որոշակի մոտիվ, ապա այն տեղադրում է ծրագրի հիմնական պատուհանի մեջ` դա արտահայտելով գծային պատկերի միջոցով: Նմանատիպ բազմագույն և տարաձև գծերը դառնում են ամբողջական կոմպոզիցիա:
"Հայփերսքոր" համակարգը ավտոմատ կերպով գրաֆիկական պատկերները վերածում է երաժշտության` հնարավորություն ընձեռելով երաժշտական կրթություն չունեցող մարդկանց ստեղծելու գրեթե պրոֆեսիոնալ գործեր:

Back to top