ՀՀ, Երևան 0010, Մելիք–Ադամյան 2/2 +(374)60 70 77 00

ՍՈՎՈՐԵԼ. ԳՈՐԾԵԼ. ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ

Ոգեշնչենք

Կանադայում Հայաստանի դեսպանատունը կհամագործակցի «Լույսի» հետ


Հուլիս 01, 2011 Կանադա, ԶՀԾ, Տորոնտո, դեսպան, կրթաթոշակառու
«Դեսպանությունը ձեր տունն է Կանադայում, որին դուք կարող եք դիմել ցանկացած խնդրով և առաջարկով»,- ասաց Արմեն Եգանյանը: 2011 թ. հունիսի 9-ին «Լույսի» թիմն առաջին անգամ հանդիպում ունեցավ Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանի և նրա տիկնոջ` Մարիա Եգանյանի հետ:

Հանդիպմանը ներկա էին Կանադայում սովորող «Լույսի» կրթաթոշակառուները: Իրենց մասնագիտական հետաքրքրությունները ներկայացնելուն զուգեհեռ, ուսանողները ներկայացրին այն մասնագիտական նախագծերը, որոնք իրականացնելու են 2011 թ. ամռանը կայանալիք «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի ընթացքում: Դեսպանին հատկապես հետաքրքրեց այն փաստը, որ ուսանողների մեծ մասը Տորոնտոյի համալսարանում Միջազգային հարաբերություններ ու քաղաքագիտություն է ուսումնասիրում: «Լույսի» ուսանողներն իրենց այդ հետաքրքրությունը բացատրեցին նախ և առաջ Հայկական ուժեղ և գրագետ դիվանագիտություն ունենալու անհրաժեշտությամբ և այդ ոլորտում իրենց կարողություններն ու հմտությունները ներդնելու պատրաստակամությամբ:

Մհեր Արեյանն առաջարկում է հակիրճ դասընթաց անցկացնել դեմոկրատիայի թեմայով` նպատակ ունենալով երիտասարդ սերնդին փոխանցել և բացատրել, թե որքան կարևոր է ընտրությունների դերը դեմոկրատական հասարակության կայացման գործում: «Մարդիկ հնարավորություն ունեն ընտրելու իրենց առաջնորդներին, ովքեր կառավարելու են երկիրը: Եվ այդ գիտակցությունն է, որ պետք է սերմանել մեր երեխաների մեջ»,- վստահ է Մհերը:

Հանդիպման ընթացքում «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը հակիրճ ներկայացրեց այն նախագծերը, որոնք իրականացվել են նախորդ տարվա «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակներում:

"Երկու տարի շարունակ ուսանողների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ մենք քաջ գիտակցում ենք, որ մեր երկրի ամեն քաղաքացի հզոր ներուժ ունի, և մենք պիտի կարողանանք այդ ուժն օգտագործել ի բարօրություն մեր երկրի",- նկատեց տիկին Կարաասլանյանը:

Դեսպանի հետ հանդիպման առիթն օգտագործելով` Կանադայում սովորող “Լույսի” կրթաթոշակառուները մանրամասնեցին նաև այն ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք պատրաստվում են իրականացնել Կանադայում իրենց ուսումնառության ընթացքում: Հիմնական նպատակը Կանադայի հայ երիտասարդներին համախմբելը և նրանց օգնությամբ հայկական մշակույթը, արժեքները, ձեռքբերումներն ու զարգացումները ներկայացնելն է:

"Հայկական ֆիլմերի ցուցադրություն կկազմակերպենք, Կանադայում սովորող հայ ուսանողներին, ովքեր դեռևս «Լույսի» հետ չեն համագործակցում, կներկայացնենք «Զարգացնենք Հայաստանը» ծրագիրը, կստեղծենք հայկական ուսանողական միություն, Կանադայում սովորող դպրոցականների հետ, ովքեր, ըստ իս, այնքան էլ ծանոթ չեն հայոց պատմությանը, կուսումնասիրենք հայոց պատմությունը, որ նրանք հստակ պատկերացնեն` ով են ու ինչ անցյալ են ունեցել",- ասաց Տորոնտոյի համալսարանի ուսանող Վարդան Եսայանը:

Պարոն դեսպանն իր պատրաստակամությունն ու ոգևորությունը հայտնեց ուսանողներին ամեն կերպ սատարելու հարցում:

Հանդիպման ավարտին Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանն ամփոփեց. "Դիվանագիտությունը արվեստ է, որի միջոցով կարող ենք լուծել երկրի խնդիրները: Այսօր մենք ունենք երիտասարդ Հայաստան, և ձեր օգնությամբ պիտի փորձենք դրսի փորձը ներդնել մեր երկրում` հավատարիմ մնալով մեր ավանդույթներին: Բոլորս քաջ գիտակցում ենք, որ այսօր Հայաստանի զարգացման շարժիչ ուժը գիտելիքն է":

Լիլիթ Պետրոսյան

Back to top